կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-08 22:00
Քաղաքական

Ադրբեջանի նոր խոշոր ռազմական սադրանքին սպասելիս

Ադրբեջանի նոր խոշոր ռազմական սադրանքին սպասելիս

Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը առկախված է թողել դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը: Երկու օր առաջ, նույն Ջենտիլոնիի հետ Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում Մամեդյարովը պատրաստակամություն էր հայտնել ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի համատեքստում հանդիպել Նալբանդյանին: Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում գրել էր, թե սրտատրոփ սպսում է Համբուրգում կայանալիք հանդիպմանը: Ամեն դեպքում Նալբանդյանի նման դիրքորոշումը նշանակում է, որ Հայաստանն այս փուլում իսկապես հրաժարվում է ԼՂ կարգավորման հարցի շուրջ բանակցություններից՝ պնդելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված՝ շփման գծում խաղաղության հաստատման միջոցառումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Նալբանդյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ եթե անգամ այդ հանդիպումը կայանա, ապա Երևանը պատրաստ է լինելու քննարկել միայն այդ պայմանավորվածությունների հարցը:  

Նոյեմբերի 12-ից 18-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն մոտ 60 հազար զինվորականների, 50 միավոր ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների, 150 տանկի և զրահատեխնիկայի, հրթիռային և ականանետային 700 միավոր համակարգի ներգրավմամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին մոտ մասշտաբային զորավարժություններ է անցկացնելու: Եթե նկատի ունենանք մինչ այդ շփման գծի հյուսիային հատվածի միջդիրքային չեզոք գոտում հակառակորդի կողմից ականազերծման աշխատանքներ կատարելու փորձերը, Բաքվից հնչող այն մեղադրանքները, թե հայկական կողմը խաղաղ բնակավայրեր է ականակոծում, որն ավելի շատ ռազմական գործողություններ սկսելու պատրվակ ստեղծել էր հիշեցնում, տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանը նոր, շատ ավելի լայնածավալ պատերազմի սպառնալիք է առաջացնում: Նման իրավիճակում որքան բնական է թվում Երևանի մերժողականությունը, նույքան անհեթեթ են դառնում բանակցությունների մասին Մամեդյարովի ակնարկները: Զորավարժությունների ֆոնին դրանք  ավելի շատ ուշադրություն շեղելու, միջազգային հանրության և հայկական կողմի զգոնությունը բթացնելու փորձի են նման:

Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ զորավարժությունների անցկացումը  Վիեննայի փաստաթղթի ակնհայտ խախտում է, քանի որ առկա է երկկողմ հստակ պարտավորություն, որ եթե կողմերից մեկը ավելի քան 9 հազարանոց զորքի մասնակցությամբ զորավարժություններ է պլանավորում, դրա մասին պարտավոր է նախապես տեղեկացնել քառասուներկու օր առաջ: Սա խոսում է այն մասին, որ զորավարժությունները, ինչպես մեկնաբանում են Բաքվից, չեն անցկացվում ըստ նախապես ծրագրված 2016թ. պլանի, այլ որ դա պայմանավորված է ԼՂ կարգավորման գործընթացքում ստեղծված իրավիճակով, հայկական կողմի ներկայիս կոշտ քաղաքական ուղեգծով և  հոկտեմբերի վերջին հակամարտության գոտի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարած ՝ Բաքվի գնահատմամբ անարդյունք այցով:  Բայց եթե իսկապես այդ զորավարժություններն անցկացվում են Վիեննայի պայմանավորվածությունների խախտմամբ, ապա առավել քան տարօրինակ է ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դրսևորած անտարբերությունը, այնպես էր պաշտոնական Երևանի կողմից նրանց առջև ստեղծված իրավիճակի առումով հստակ գնահատականներով հանդես գալու պահանջ չդնելու կեցվածքը:

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Բաքուն, նախաձեռնելով այս զորավարժությունները, գնում է իրավիճակի կտրուկ սրման: Այն փաստը, որ դա տեղի է ունենում Համբուրգի հնարավոր հանդիպումից առաջ, թույլ է տալիս եզրակացնել, որ դա հետապնդում է երկու հիմնական նպատակ: Առաջին՝ ստիպել հայկական կողմին պատերազմի սպառնալիքի ներքո հրաժարվել նախապայմանային տոնից և սկսել բանակցությունները տարածքային զիջումների կոնտեքստում ԼՂ «կարգավորման» շուրջ: Այս կերպ Բաքուն փորձում է վերջնականապես օրակարգից հանել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները: Երկրորդ՝ կրկին միջազգային հանրության առաջնային օրակարգ վերադարձնել ԼՂ հիմնահարցը: Բանն այն է, որ ռուս-թուրքական մերձեցումը, Իրաքի և Սիրիայի վրա վերջին շրջանում համընդհանուր ուշադրության կենտրոնացումը ԼՂ հիմնահարցը կրկին մղում են երկրորդական պլան, տեղի է ունենում դրա սառեցում: Բաքուն փորձում է ցույց տալ, որ միջազգային հանրությունը սխալվում է, եթե կարծում է, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում իր ստանձնած պարտավորությունները կարող են զսպել իրեն նոր ռազմական գործողությունների չդիմելու առումով: Պետք է ենթադրել, որ Բաքվի  նման մարտավարության վրա ազդում է հատկապես Հայաստանի կոշտացման քաղաքականության հանդեպ Մոսկվայի դրսևորած հարմարվողականությունը, ինչի հետքն անգամ չկար ապրիլյան պատերազմին հաջորդող առաջին ամիսներին և նախքան Թուրքիայի հետ հաշտեցման գնալը:

Ադրբեջանը հիմա հիշեցնում է  վիրավոր, թակարդում  հայտնված աղվեսի: Եվ որքանով նման իրավիճակում հայտնված կենդանին է վտանգավոր, նույնքան էլ վտանգավոր են Ադրբեջանի ներկայիս նախաձեռնությունները շփման գծում:

Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին մոտ հայկական զինուժը խոշորամասշտաբ զորավարժություններ է սկսել և հրանոթների ու տանկերի կրակոցների ձայները պարզ լսվում են մերձսահմանային բնակավայրերում: Սա, իհարկե, կարող է ադրբեջանական հերթական տեղեկատվական խայծը լինել, փորձելու հիմնավորել, որ շփման գծի մոտ իրենց զորքերի առաջիկա կուտակումը պայմանավորված է հենց հայկական կողմի ձեռնարկած «սադրիչ» զորավարժություններից զգուշանալով: Հատկանշական է, որ զորավարժությունների մասին ոչ Երևանը, և ոչ էլ Ստեփանակերտը չեն տեղեկացրել: Սակայն, շատ ավելի հավանական է, որ նման կուտակումներ հայկական կողմն իսկապես իրականացնում է, որոնց նպատակը Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողություններին նախապատրաստվելն է, հնարավոր մասշտաբային հարձակման դեպքում ամուր պաշտպանության կազմակերպումը: Եվ չնայած սրան հիմնավորված և պարտադրված ձեռնարկումներ են, պարզ է, որ արդյունքում մեծանում է մոտեցող լիցքերի կայծից մեծ պայթյունի առաջացման վտանգը:

Գևորգ Դարբինյան