Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հակասահմանադրական ճանաչելով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը` Սահմանադրական դատարանն այսօր պատմական որոշում կայացրեց: Այն աշխատողները, ում աշխատավարձից գործատուները ստիպված են եղել անցած երկու ամիսներին փոխանցումներ կատարել, իրավունք ստացան պահանջելու կառավարությունից` հետ վերադարձնել այդ գումարները և իրենց կամքով որոշել` կատարելո՞ւ են հետագայում կուտակային վճարումներ, թե՞ ոչ:
Սա նշանակում է նաև, որ գործադիրը ամբողջությամբ պետք է կանգնեցնի կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի սպասարկումն ապահովող համակարգը, որի վրա հսկայական էներգիա և միջոցներ է ծախսել, կամ առնվազն համապատասխանեցնի ՍԴ-ի որոշմանը:
Քաղաքական կայուն համակարգ և մշակույթ ունենալու պարագայում ՍԴ այս որոշումից հետո կառավարությունը հրաժարական կտար` թե' այն պատճառով, որ, ըստ էության, հակասահմանադրական համակարգ էր փորձում պարտադրել քաղաքացիներին, թե' այն պատճառով, որ սա, ըստ էության, այս տարվա բյուջեի և կառարության ծրագրի հիմքում ընկած` սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության քաղաքականության ձախողման ակտ էր:
Այս իմաստով ՍԴ-ն փաստացի կառավարությանն անվստահություն հայտնելու նոր և հիմնավոր փաստարկ տրամադրեց ԱԺ ընդդիմադիր ուժերին: Առանց վարանելու կարելի է ասել, որ սա հասարակության հերթական հաղթանակն էր իշխանության նկատմամբ, որին հնարավոր եղավ հասնել մի քանի գործոնների համադրման արդյունքում: Առաջինը, բնականաբար, «Դեմ եմ» շարժման նախաձեռնումն էր և ձնագնդի էֆեկտով անընդհատ մեծացումն ու զարգացումը, որը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էր թրծվում, փորձառություն ձեռք բերում, կազմակերպված ու համակարգված բնույթ ստանում:
Երկրորդ գործոնը պառլամենտական քաղաքական ուժերի աջակցությունն էր այդ շարժմանը` ունեցած իրավական ու ինստիտուցիոնալ լծակների տրամադրմամբ, ինչը հնարավոր դարձրեց պայքարը, հասարակական-քաղաքացիական հարթությանը զուգահեռ, տեղափոխելը նաեւ իրավաքաղաքական մակարդակ և զարգացնելը: Արդյունքում` ստեղծվեց մի յուրօրինակ հասարակական-քաղաքական հիբրիդ, որն իր տեսակով, հասարակության կողմից վստահության ռեսուրսով եզակի էր առնվազն վերջին 10 տարվա կտրվածքով:
Երրորդ գործոնը՝ իշխանության և կառավարության` համակարգը ներդնելու հարցում ցուցաբերած չորկողությունը և փոխզիջումների չգնալու կեցվածքն էր, որն էլ ավելի էր մղում հասարակական ինքնակազմակերպման և դիմադրողական շարժման մոբիլիզացման: Կարելի է ասել` հենց այդ գործոնը ստիպեց, որպեսզի շարժումը ծավալվի ձնագնդի էֆեկտով: Կոմպրոմիսի անհրաժեշտությունը գործադիրը հասկացավ միայն այն ժամանակ, երբ վերջապես տեսավ շարժման իրական ներուժը, բայց միայն այն ժամանակ, երբ բանը բանից արդեն անցել էր, և արդեն կանխատեսելի էր ՍԴ-ի նման որոշումը:
Եվ, վերջապես, չորրորդ գործոնը` որքան էլ տարօրինակ հնչի, ՍԴ-ի համար ստեղծեց հենց գործադիր իշխանությունը: Դեռևս հունվարին, երբ ՍԴ-ն որոշեց մինչև վիճարկվող հարցի կապակցությամբ վերջնական որոշման կայացումը կասեցնել օրենքի որոշ դրույթներ, ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը և Պետեկամուտների կոմիտեն իրենց իրավունք վերապահեցին ոչ միայն յուրովի մեկնաբանելու ՍԴ-ի այդ աշխատակարգային որոշումը, այլև փաստացի արհամարհելու այն և դրդելու գործատուներին ցանկացած պարագայում կատարել պահումները և կուտակայինի փոխանցումները:
Դեռ մարտի 28-29-ին ՍԴ-ում հայցի քննարկումներից և ՍԴ անդամների հարցադրումներից էր պարզ, որ դա խոցել է ՍԴ անդամներին, և որ դա անհետևանք չի լինելու: Նաև այլ առումով է ՍԴ-ի այս որոշումը պատմական: Թեև ուշացած, սակայն այն բոլոր դեպքերում հասկանալի դարձրեց, որ ՍԴ-ն կառավարության աշխատակազմի կառուցվածքային ինչ-որ ստորաբաժանում չէ, որպեսզի վերադասերն իրենց իրավունք վերապահեն կամակայանորեն գնահատելու նրա գործողությունները, դեռ մի բան էլ հրահանգավորեն կամ սովորեցնեն: Այս որոշման հիմնական իմաստը ՍԴ-ի` իբրև պետական առանցքային ինստիտուտի, ունեցած սահմանադրական կարգավիճակի հավաստման և պարտադրման, մեծ հաշվով` պետության հեղինակության վերականգնման փորձ լինելն է:
Սակայն ողջ հարցն այն է, թե որքանով է, ՍԴ այս որոշմամբ պայմանավորված, հասարակության տարած հաղթանակը հիմնավոր և երկարաժամկետ: Նախ` հանրապետության նախագահի մակարդակով է հայտարարվել կենսաթոշակային այս «բարեփոխումն» անցկացնելու անխուսափելիության մասին: Սա նշանակում է, որ իշխանությունը ցանկացած պարագայում չի հրաժարվելու կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդնելու գաղափարից և փորձելու է նոր լուծումներ գտնել:
Գործադիրը երկու տարբերակ ունի` կա'մ ՍԴ որոշումը շրջանցելու ձևեր մոգոնել, կա'մ գնալ օրենսդրական փոփոխությունների, որոնք ՍԴ դիմելու անհրաժեշտություն չեն առաջացնի: Իսկ դա հնարավոր է միայն քաղաքական և քաղաքացիական շրջանակների հետ կոնսենսուսի գնալու միջոցով:
Երկրորդ` դեռևս պետք է հասկանալ, անկախ բոլոր օբյեկտիվ իրողություններից և նման որոշման համար առավել քան բավարար հիմքերից, որն էր ՍԴ-ի կողմից նման միանշանակ որոշում կայացնելու հիմնական շարժառիթը, ի՞նչ է իրականում թաքնված դրա տակ: Որքան էլ ՍԴ-ն վիրավորված լիներ գործադիրից, այն եղել և շարունակում է մնալ իշխանական կոնյունկտուրային սպասարկող և դրա մի մասը հանդիսացող ինստիտուտ, որն ունակ չէ միայնակ, սեփական նախաձեռնությամբ անկախ որոշումներ կայացնել, այն էլ այնպիսիք, որոնք մի ամբողջ համակարգ են քարուքանդ անում և հակասում են երկրի նախագահի ուղեգծին:
Չի բացառվում, որ ՍԴ-ն այս որոշումը կայացրել է արդեն իսկ Կառավարության կողմից այլընտրանքային լուծումներ գտած լինելու պարագայում: Այդ դեպքում որոշումը կարող է ընդամենը ծառայել մեկ նպատակի` վերափոխել հանրային բացասական ընկալումը ՍԴ-ի նկատմամբ:
Այսինքն` չի բացառվում, որ սա իրականում խոշոր PR օպերացիա է, որի ողջ իմաստն այս որոշման լույսի ներքո կոնյունկտուրայի շահերից բխող, իշխանության համար շատ ավելի կենսական նշանակություն ունեցող հարցերի, օրինակ` ընտրությունների արդյունքները վիճարկելու հետ կապված` ՍԴ հետագա որոշումներն արդարացնելն ու լեգիտիմացնելն է: Եթե իսկապես այդպես է, ապա որքան հուսադրող է թվում ՍԴ այս որոշումը, այնքան էլ, գուցե, ավելի մտահոգիչ:
Գևորգ Աղաբաբյան