կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 12:17
Հասարակություն

Եգանյանը սպառնալիք չի տեսնում 3 ամսում ՌԴ քաղաքացիություն տալու վերաբերյալ ՌԴ Պետդումայի օրինագծի մեջ

Եգանյանը սպառնալիք չի տեսնում 3 ամսում ՌԴ քաղաքացիություն տալու վերաբերյալ ՌԴ Պետդումայի օրինագծի մեջ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը սպառնալիք չի տեսնում, եթե ՌԴ Պետդուման ընդունի նախկին ԱՊՀ երկրների քաղաքացիներին 3 մասում քաղաքացիություն տալու օրինագիծը:


Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախքան պատասխանելը հարցին` արդյո՞ք այդ օրինագիծը ընդունվելու դեպքում կարող է սպառնալիք լինել արտագաղթի ահագնացման համար, նախ պետք է պարզել, թե ի՞նչ դրդապատճառներով ՀՀ քաղաքացիները կարող են դառնալ ՌԴ քաղաքացիներ, և դառնալու պարագայում արտագաղթելը պարտադի՞ր է, թե՞ ոչ:

 

«Եթե Հայաստանից մեկնելը պարտադիր լինի, անշուշտ, դա ռիսկեր է պարունակում: Այսօր էլ հարյուրհազարավոր մեր քաղաքացիներ թեև ՌԴ քաղաքացիներ են հանդիսանում, բայց նրանք չեն հանդիսանում ՌԴ մշտական բնակիչներ»,- ասաց Գագիկ Եգանյանը` հավելելով, որ այդ քաղաքացիները երկքաղաքացիություն են ձեռք բերել, որպեսզի իրենց համար դյուրին լինի գնալ-գալը, աշխատանքի թույլտվություն ստանալը և այլն:


Գագիկ Եգանյանը օրինակ է բերում տասնյակհազարավոր սփյուռքահայերի, որոնք ունեն  երկքաղաքացիություն, բայց նրանց չնչին մասն է, որ Հայաստանում մշտական բնակություն է հաստատել, և  նրա կարծիքով` ՀՀ-ում մշտապես բնակվող մեր հայրենակիցներն էլ, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելով, հիմնականում մշտական բնակության չեն մեկնի այնտեղ:


«Արգահատելի բան չկա, որ այդ օրինագծի հաստատումից հետո շատ հայեր կցանկանան ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, պարզապես քաղաքացիություն ստանալն ու մշտական բնակությունը իրարից տարբեր բաներ են ու կապակցված չեն»,- ասաց Գագիկ Եգանյանը:


Մեր հարցին` ի՞նչ վիճակ է հիմա` արտագաղթի հետ կապված, Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ պահպանվել է 2002-ից հետո գրանցված տենդենցը` տարեկան մինչև 25-30 հազար մարդ: