կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 10:56
Հասարակություն

Ի՞նչ լիազորություն ուներ ԿԲ-ն` ՍԴ որոշումը մեկնաբանելու համար. ՍԴ անդամ

Ի՞նչ լիազորություն ուներ ԿԲ-ն` ՍԴ որոշումը մեկնաբանելու համար. ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանը շարունակում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննությունը: Այժմ ՍԴ անդամների հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

 

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի այն հարցին, թե, նկատի ունենալով Չիլիի ոչ այնքան հաջողված փորձը, ի՞նչ դասեր պետք է քաղել դրանից, Ն. Երիցյանը պատասխանեց, որ առաջին դասը հենց այն է, որ Չիլիում չկար նվազագույն կենսաթոշակի շեմ, այսինքն` մարդիկ, ովքեր աշխատանքի ընթացքում ընդհատումներ էին ունեցել կամ քիչ էին աշխատել, կենսաթոշակային տարիքում նպաստի հետ կապված խնդիրներ ունեցան:

 

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը մինչ բուն հարցին անցնելը, նախ փորձեց ճշտել, թե Կենտրոնական բանկը այդ ի՞նչ օրենսդրական նորմով լիազորություն ունի` ՍԴ որոշումները մեկնաբանելու: Եվ, մասնավորապես, այդ ի՞նչ իրավունքով էր հունվարի 24-ին ընդունված`«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները կասեցնելու մասին ՍԴ որոշումը մեկնաբանել:

 

«Կենտրոնական բանկը ո'չ իրեն վերապահել է, ո'չ էլ մտածել ենք, որ մեկնաբանում ենք որոշումը: Ուղղակի մեր պրոֆեսիոնալ ենթադրությունների ընթացքում եզրակացության ենք եկել և հայտարարել ենք`վիճակը որոշակիորեն կարգավորելու համար»,- պատասխանեց Ն. Երիցյանը:

 

Ֆ. Թոխյանը հարցրեց նաև, թե ի՞նչ ռիսկեր կան այս դեպքում, արդյո՞ք հավանական է, որ, անկախ կառավարիչների պրոֆեսիոնալիզմից, մի օր տարեկան հավաքված մոտ 40 միլիարդ դրամը կարող է փոշիանալ:

 

«Բնականաբար, ռիսկեր կան, և այդ ռիսկերը մենք չենք թաքցրել, սահմանել ենք, թե ինչպես ենք կառավարելու այդ ռիսկերը, փորձաքննություններ են կատարվել»,- ասաց Ն. Երիցյանը, նաեւ նշեց, որ ռիսկերը հավասարակշռված են, և մշակված են երաշխիքային մեխանիզմներ: