Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աստծո ամեն օր, երբ համացանցի միջոցով ծանոթանում եմ օրվա լրահոսին, առաջին բանը, որ թռուցիկ և արագ նայում եմ, այն է, թե ինչ լուրեր կան սահմանից, իրավիճակը հանդա՞րտ է, թե լարված, աստված մի արասցե, զոհ ու վիրավոր հո չունե՞նք: Եվ միայն բարի լույսին հավաստիանալուց հետո եմ շարունակում ընթերցանությունը:
Սահմաններին տեղի ունեցող ամեն ինչ հուզում ու անհանգստացնում է ոչ միայն ինձ, ում որդին այս պահին դիրքերում է՝ մարտական հերթապահության մեջ, այլև, վստահ եմ, բոլոր այն մարդկանց, ում համար թանկ է հայրենիքը: Ահա թե ինչու ուզում եմ գրել մի մտահոգության մասին, որին թերևս անդրադառնալ էր պետք ավելի վաղ, որովհետև խնդիրը, իմ կարծիքով, կարևոր է և պահանջում է բոլոր լրատվամիջոցների՝ տպագիր թե առցանց, հեռուստատեսային թե ռադիո, հատուկ ուշադրությունը:
Խոսքը հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած պատահարների և մանավանդ զոհերի ու կորուստների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու ժամանակի մասին է:
Երեկ ամբողջ օրը տեղս չէի գտնում դրա նախորդ օրը 19-ամյա մեր զինվորի զոհվելու լուրը լսելուց հետո /խոսքը Ստեփանակերտից զորակոչված Արայիկ Բաբայանի մասին է. թող լույս իջնի նրա հոգուն/: Եվ ի՞նչ: Երեկ եւ այսօր՝ դեպքից ավելի քան մեկ օր անց, որոշ կայքեր շարունակում են կրկնել՝ սոցցանցերում պտտացնել նույն ցավալի տեղեկությունը, ընդ որում, թերևս որ տարբերվեն իրարից՝ տարբեր վերնագրերով: Եվ ամեն անգամ տպավորություն է ստեղծվում, թե հիմա էլ խոսքը մի նոր կորստի մասին, մի նոր զոհի:
Եվ ամեն անգամ ինձ նման հազարավորները տագնապի հուզախռով վիճակ են ապրում՝ վախենալով նույնիսկ միանգամից կարդալ զոհվածի անուն-ազգանունը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ լրատվամիջոցն իր խնդիրն է լուծում, բայց հավատացեք, սա չէ այն թեման, որը երկու օր պտտացնելով պետք է այցելություն ապահովես:
Ահա և խնդրանքս.
լրատվամիջոցների հարգելի՛ աշխատակիցներ՝ խմբագիրներ, լրագրողներ և մյուսներ. copi-past տարբերակով ժամանակի մեջ մի՛ բազմապատկեք կորստի մասին պատմող տեղեկությունները, առավել ևս՝ տվյալ օրվա պատահածի մասին մի՛ հաղորդեք օր կամ օրեր անց, ինչպես Արայիկի դեպքում: Ամեն մի այդօրինակ ուշացած տեղեկատվություն տագնապով ու ցավով է լցնում տասնյակ հազարավոր մարդկանց սրտեր, ովքեր ծնող են՝ որդու վերադարձին սպասող:
Ընթերցող