կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 15:12
Հասարակություն

Բժշկագիտությունը՝ Աշոտյանի «հովանու» ներքո

Բժշկագիտությունը՝ Աշոտյանի «հովանու» ներքո

Այս տարվա հունվարի 20-ին, որքան հիշում ենք, առաջին անգամ, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական պարբերականների և ժողովածուների ցանկը հաստատելուն նախորդեց ԿԳ նախարարի հրամանը՝ այդ պարբերականներն ու ժողովածուները ներկայացվող պահանջներին համապատասխանելու և միայն դրանից հետո ԲՈՀ-ի համապատասխան ցանկում ներառելու մասին:

 

Առերևույթ ամեն ինչ խոսում էր այն մասին, որ ԲՈՀ-ը գոնե այս անգամ չի առաջնորդվելու սեփական համակրություններով ու հակակրություններով և գիտական պարբերականների ցանկը վերջապես դարձնելու է հիրավի գիտական՝ նաև այդ կերպ ծառայելով օր օրի անկում ապրող հայոց գիտության վարկն ու հայ գիտնականի հեղինակությունը բարձրացնելու գործին:

 

Այս հույսերը մասամբ պիտի իրականանային նաև ղեկավարին փոխելու և ոլորտը կարգավորող նոր, թվում է՝ առավել շահագրգիռ ու անկաշառ մեկին ԲՈՀ-ի ղեկի մոտ նստեցնելու հանգամանքով պայմանավորված: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ԲՈՀ-ի գիտական խորհուրդը հայտարարված ժամկետում չհաստատեց գիտական պարբերականների վերջնական ցանկը, մամուլի պնդմամբ՝ ներքին մեծ տարաձայնությունների պատճառով, դարձյալ հույս կար, որ այս անգամ, այնուամենայնիվ, ամեն ինչ այլ է լինելու:

 

Մարտի 18-ին, սակայն, ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է պարբերականների ցանկը, և դրան թռուցիկ հայացք նետողն իսկ զարմանալի մանրամասներ է հայտնաբերում: Մեր կեղծ իրականության մեջ ինչ ասես տեսել էինք, տեսել էինք, որ որևէ չինովնիկ իր պաշտոնն ու աթոռը կարող է ծառայեցնել անձնական, տոհմական ու նույնիսկ հայրենակցական շահերի պաշտպանությանը, բայց որ չինովնիկը, տվյալ դեպքում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, իր աթոռն ի սպաս կդնի, ոչ ավելի, ոչ պակաս, սեփական մասնագիտությա՜ն շահերին, իսկապես աննախադեպ է: Եվ զարմանալի: Շատ զարմանալի: Ինչպե՞ս չզարմանաս, երբ բժշկի մասնագիտությամբ ԿԳ նախարարի հրամանով գիտական պարբերականների ցանկի շուրջ 20 տոկոսը՝ 57 անուն պարբերականներից 11-ը զուտ բժշկության ոլորտին են վերաբերում: Ի՛նչ վերնագրով ասես բժշկական պարբերական կարելի է գտնել ցանկում` է՛լ «Արյուն», է՛լ «Ֆարմա», է՛լ «Մեդիցինսկի վեստնիկ Էրեբունի», է՛լ «Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության»… տասնմե՜կ անուն: Արդ, ի՞նչ է կրթության ու գիտության նախարարի արածը, եթե ոչ հովանավորչություն՝ աշխարհում ու տարածաշրջանում (վարչապետի ականջը կանչի) նախադեպը չունեցող, չտեսնված տարբերակով, երբ հովանավորվում է… «հարազատ» մասնագիտությու՜նը: Լավ չէ, հե՛չ լավ չէ, ԲՈՀ-ի հարգելի նորանշանակ նախագահ և նախարար:

 

Գիտե՞ք, ներելի է մի կերպ, որ ձեր հաստատած ցանկում պետական համալսարանը ներկայացված է բոլոր հնարավոր հրատարակություններով. «այդպես» էլ պիտի լիներ, քանզի նրա կառավարման խորհրդի նախագահը երկրի նախագահն է ու ձեր կուսակցության առաջնորդը:

 

Ներելի է մի կերպ, որ այդ ցանկով պիտի նաև վարչապետի տեսողական օրգանը շոյեիք՝ նրա ղեկավարած բուհի՝ մանկավարժական համալսարանի շատ հրատարակություններ գիտական ցուցանելով: Սակայն աններելի է, երբ, անցնելով ամեն չափ ու սահման, ընդ որում՝ նաև պարզ տրամաբանության ու բարեվարքության, Ձեր աթոռն ու պաշտոնը գործի եք դնում փառավորելու Ձեր մասնագիտությունը:

 

Է՛, շատ էիք ուզում փառավորել, գնայիք բժիշկ աշխատեիք: Չի բացառվում՝ գուցե հաջողեիք:

 

Բ. Գասպարյան