կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 11:27
Հասարակություն

Վարչապետը երկխոսության է հրավիրում «Դեմ եմ»-ին

Վարչապետը երկխոսության է հրավիրում «Դեմ եմ»-ին

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց պարտադիր կենսաթոշակային համակարգի ռեֆորմի վերաբերյալ հայտարարությամբ:

 

Նա արձանագրեց, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: «Դա նշանակում է, որ մենք` որպես կառավարություն, պետք է շտկենք մեր գործունեությունը»,- նշեց վարչապետը` հավելելով, որ կառավարությունը պետք է այնպես անի, որ իր գործունեությամբ բավարարի քաղաքացիական հասարակության պահանջները:

 

Անդրադառնալով պարտադիր կուտակայինի դեմ ակտիվորեն հանդես եկող «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը` Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրա անդամները հիմնականում երիտասարդներ են, որոնք կառավարությանը դիմում են բազմաթիվ նամակներով, եւ դրանցում  մտահոգություն կա երկրի ապագայի վերաբերյալ: Երիտասարդները նամակներում գրում են, որ սիրում են Հայաստանը և ամեն ինչ անում են` հանուն դրա պայծառ ապագայի: Այդ նամակների տակ ստորագրում են բազմաթիվ քաղաքացիներ:

 

«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության «Դեմ եմ պարտադիրին» շարժման հետ: Ամեն ինչ կամ ոչինչ տարբերակն անընդունելի է: Մենք ընդունում ենք, որ օրենքները չեն կարող լինել առանց թերությունների, և հենց այդ թերություններն են մատնանշում մեր ընդդիմադիրները: Ճիշտ պատասխանը երկխոսելն է, և մենք հրավիրում ենք երկխոսության»- ասաց Տ. Սարգսյանը:

 

Նա հավելեց, որ երկխոսությունը օգտակար կլինի թե' կառավարության, թե' շարժման համար: Վարչապետը հույս հայտնեց նաև, որ «Դեմ եմ»-ը կվերափոխվի ու կդառնա «Հանուն» շարժում, որը էական նշանակություն կունենա ՀՀ ապագայի զարգացման համար:

 

Վարչապետն ասաց նաև, որ ոգևորիչ է այն հանգամանքը, որ շարժման ակտիվիստները զերծ են մնում ակցիաների քաղաքականացումից, թույլ չեն տալիս, որպեսզի շարժումը քաղաքական ուժերի կողմից շահարկվի: