|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված վարչական համաձայնագրի ստորագրման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է կառավարության նիստում։
Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դումիտրու Սոկոլանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է ապահովել կողմերի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության համար անհրաժեշտ իրավական շրջանակը։
«Այն իրենից ներկայացնում է իրավական գործիք, որը նախատեսված է Մոլդովայի Հանրապետության կառավարության և ՆԱՏՕ-ի միջև 1994 թվականին ստորագրված անվտանգության համաձայնագրի իրականացումն ապահովելու համար: Համաձայնագրի նպատակն է սահմանել գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ ընդհանուր չափանիշներ, կարգավորել իրավասու մարմինների պարտականությունները, ստեղծել գաղտնի տեղեկատվությանը մուտք գործելու և այն փոխանակելու մեխանիզմներ, կարգավորել գաղտնի տեղեկատվության փոխանակումը, հետաքննել անվտանգության միջադեպերը և ապահովել իշխանությունների միջև համագործակցությունը», – ասել է Սոկոլանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում Մոլդովայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո: Փաստաթուղթը չի ենթադրում ֆինանսական պարտավորություններ կամ լրացուցիչ ծախսեր։
Մոլդովայի Հանրապետությունը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ ձգտելով ամրապնդել պաշտպանական կարողությունները, արդիականացնել անվտանգության ոլորտը և բարձրացնել իր զինված ուժերի փոխգործունակությունը: Համագործակցությունը տեղի է ունենում Մոլդովայի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև 2025-2028 թվականների անհատական գործընկերության ծրագրի հիման վրա, որը սահմանում է կառուցվածքային շրջանակ, որը հարմարեցված է անվտանգության և պաշտպանության ոլորտում ազգային առաջնահերթություններին: