կարևոր
745 դիտում, 59 րոպե առաջ - 2026-08-20 13:47
Հասարակություն

«Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահաս երեխաների հայր․ News.am

«Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահաս երեխաների հայր․ News.am

Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, երեկ՝ օգոստոսի 19-ին, ժամը 21:00-ի սահմաններում 7 զինծառայողներին վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր։ Նա եղել է իր սեփական բեռնատարով, որն օգտագործում է գյուղատնտեսական աշխատանքների համար։ News.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

«Այդ մեքենաները տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, կանգնեցնում են մեքենան, մեկ էլ հաջորդ տարի այդ ժամանակ է շահագործվում»,-  պատմել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր կառուցված է ու ասֆալտապատ, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել, երբ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ չի փախուստի չի դիմել։

«Ես դեպքի վայրում եմ եղել։ Ես անմիջապես տեսել եմ, լացում էր, գոռում էր, շատ ծանր վիճակում էր»,- պատմեց գյուղապետը։