Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս պահին ոչ ոք չգիտի' Արսեն Խոջոյանն անցե՞լ է սահմանը, թե՞ ոչ... Այսինքն' նրան տարե՞լ են, թե՞ ինքն է մոլորվել ու անցել ադրբեջանական կողմը. Yerkir.am-ին ասաց մարտի 7-ին ադրբեջանական կողմում ձերբակալված` 22-ամյա Արսեն Խոջոյանի հայրենի գյուղի' Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Ըստ նրա` այդ տեղանքը, որտեղ գերության մեջ հայտնվելուց առաջ գտնվել է Արսեն Խոջոյանը, սահմանից 200-300 մետր հեռու է: Բացի այդ` Արսեն Խոջոյանը զանգել է ընկերոջն ու ասել, որ գնում է Մովսես գյուղ' մորաքրոջ տուն: Իսկ Մովսեսի ճանապարհն անմիջապես սահմանի մոտով է անցնում' 50-60 մետր հեռավորությամբ:
«Եղանակն էլ մառախուղային է եղել: Այսինքն' այստեղ պետք է ճիշտ նշել` դեռ ոչ ոք չգիտի' նրան գերի՞ են վերցրել, թե՞ ինքն է մոլորվել ու անցել: Եվ չգիտենք, որ եթե անգամ անցել է, ո՞ր մասով է անցել ադրբեջանական կողմը: Ոչխար պահելուց է եղել այդտեղ, ոչխարները բոլորը հետ են եկել, միայն նա է կորել: Կամ կարող է, որ սահմանին մոտիկ է եղել, ու թշնամին նրան նկատել է ու տարել, իսկ բռնվելուց, նկատվելուց վախենալով` անասունին ձեռք չեն տվել, որպեսզի հեշտ վերադառնան: Անասունն էլ, դե, ոչխար է, ինչ էլ ուզում է լինի, գոմ է գալիս' գառան հետեւից»,- ասաց գյուղապետը:
Գերությունից նոր վերադարձած` 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ու գերության մեջ նոր հայտնված Արսեն Խոջոյանի միջեւ ազգակցական կապը Կամո Չոբանյանը պատահականություն է համարում, ընդամենը' զուգադիպություն:
Դեռեւս հարց է, թե ինչ վիճակում է այժմ գտնվում հայ երիտասարդն Ադրբեջանում, որտեղ է գտնվում, ինչպես են նրան վերաբերվում եւ այլն:
«Մենք ոչ մի տեղեկություն չունենք նրա վիճակի մասին, բայց որեւէ տվյալ իմանալու ուղղությամբ այս պահին էլ աշխատանքներ են տարվում»,- Yerkir.am-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Թե ի՞նչ աշխատանքներ են դրանք, փորձեցինք պարզել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից: Գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Yerkir.am-ին հայտնեց, որ Կարմիր խաչն այս պահին դեռեւս որեւէ տեղեկություն չունի Արսեն Խոջոյանի մասին, նշեց, որ Հայաստանի գրասենյակը կապի մեջ է Բաքվի գրասենյակի հետ, որի ներկայացուցիչները փորձում են Արսեն Խոջոյանի հետ տեսակցելու թույլտվություն ստանալ' հնարավորինս արագ:
«Շաբաթ օրը տեղեկացվել են, որ Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Երեկ Ադրբեջանում ազատ օր էր, եւ որեւէ ժամկետ չկա, որ մենք մինչեւ հիմա կամ ինչ-որ կոնկրետ ժամկետում տեսակցեինք գերու հետ: Ամեն դեպքում' հենց որ հնարավորություն ստանանք, անմիջապես կայցելենք նրան: Որեւէ ինֆորմացիա չունենք նաեւ Արսեն Խոջոյանի առողջական վիճակի, պահվելու պայմանների եւ այլնի մասին»,- ասաց Զառա Ամատունին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հայտնի չէ նաեւ, թե որտեղ է այս պահին պահվում Արսեն Խոջոյանը: Թեեւ դեռեւս մարտի 8-ին, երբ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները բռնել ու այնուհետեւ Ադրբեջանի ԱԱՆ աշխատակիցներին են հանձնել Հայաստանի 20-22 տարեկան քաղաքացու, այդ ժամանակ Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը նշել էր, որ Արսեն Խոջոյանին տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն էլ հետեւելն է, որպեսզի շահառուի' գերի ընկածի համար ապահովվեն հնարավորինս պատշաճ, նորմալ պայմաններ, նրա հանդեպ անհարկի բռնություն կամ կտտանքներ չկիրառվեն, նրա առողջական վիճակը չվտանգվի եւ այլն: Այդ ամենը, սակայն, ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքերով, արվում է կոնֆիդենցիալ` իշխանությունների հետ բանակցելու, երկխոսելու միջոցով: Այսինքն' Կարմիր խաչը չի հաղորդում, թե ինչ է խոսում երկու կողմերի իշխանությունների հետ, բանակցային գործընթացն ինչպես է տանում:
Իսկ եթե անձի հանդեպ բռնություն կիրառվի, նա կտտանքների ենթարկվի, ապա Զառա Ամատունին հավաստիացրեց, որ այդ դեպքում Կարմիր խաչի մանդատը թույլ է տալիս լրջորեն այդ հարցին հետեւել եւ այն հասցեագրել համապատասխան պատասխանատու իշխանություններին ու անձանց' առանց դրանց մասին հրապարակային հայտարարություններ անելու:
«Եթե անգամ այդ մարդու հանդեպ բռնություն կիրառվի, դուք, համենայն դեպս մեզանից չեք իմանալու այդ մասին»,- շեշտեց Զառա Ամատունին:
Բռնության ու անձի հանդեպ կիրառված կտտանքների մասին, սակայն, կարող ենք իմանալ այլ կերպ: Օրինակ' ադրբեջանական գերությունից օրերս վերադարձած Մամիկոն Խոջոյանի վիճակին նայելով: Իսկ Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա, ինչպես նշեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, իհարկե, բռնության բազմաթիվ հետքեր կան. բժիշկները նշում են, որ նրան խոշտանգել են, առողջական վիճակը լավ չէ, հրազենային վնասվածք ունի, մի խոսքով' վիրահատության կարիք կա...
«Աստված չանի, որ երիտասարդի նկատմամբ էլ կտտանքներ կիրառեն: Բարին ենք ուզում մտածել, լավը: Բայց իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես հնարավոր է` 77 տարեկան հոգեկան հիվանդ մարդու վրա ձեռք բարձրացնել' անկախ ազգային պատկանելությունից: Այսինքն' եթե վիճակն այդ է, չեմ ուզում վատը մտածել, բայց պատկերացնում ենք, թե Արսենի վիճակը ինչպես կլինի: Աստված տա լավ լինի, բայց եթե 77-ամյա հիվանդի վրա է այսօր թուրքը ձեռք բարձրացնում, 22 տարեկանի համար ո՞վ պետք է նրա առաջն առնի»,- նշեց Կամո Չոբանյանը:
Հարցերից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս պետք է դասավորվի Արսեն Խոջոյանի հետագա ճակատագիրը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները կհանդիպեն հայ գերու հետ, եւ պարզ կդառնա, թե ինչպես եւ որ ուղղությամբ կշարունակվեն աշխատանքները: Եթե խոսք լինի հայրենադարձման մասին, ապա Կարմիր խաչը, ստանձնելով անկախ միջնորդի դերը, կառաջարկի հայկական ու ադրբեջանական իշխանություններին, որպեսզի հայրենադարձումն իրականացվի: Բայց դրա մասին այս պահին դեռ հնարավոր չէ խոսել, քանի որ հայտնի չէ, թե ինչպես կզարգանան դեպքերը, ինչպես կկողմնորոշվի գերի ընկած անձը: Ընդհանրապես, ինչպես նշեց Զառա Ամատունին, տարբեր գործոններ կարող են ազդել, որոնք ընդամենը միջնորդի դեր ունեցող Կարմիր խաչից կախված չեն:
Գեւորգ Ավչյան