կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 16:49
Իրավական

«Հայփոստ»-ի աշխատակիցը թոշակառուներին հասանելիք գումարներից է յուրացրել

«Հայփոստ»-ի աշխատակիցը թոշակառուներին հասանելիք գումարներից է յուրացրել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։

Ա. Գրիգորյանը «Հայփոստ» ՓԲԸ-ում աշխատում է 2007 թվականից փոստային բաժանմունքներից մեկում` որպես օպերատոր։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին թվով 53 քաղաքացիներին կենսաթոշակ և նպաստ վճարելու համար իրեն հանձնված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան ցուցակներում ստորագրել է նշված կենսաթոշակառուների և նպաստառուների փոխարեն և գումարները յուրացրել։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, վնասի մի մասը վերականգնել և պատրաստակամություն հայտնել պատճառված վնասը հետագայում վերականգնել ամբողջությամբ։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան: