կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-12 16:39
Հասարակություն

Մուսա Մուրթազալիեւին դեռ բանակ չեն տանի

Մուսա Մուրթազալիեւին դեռ բանակ չեն տանի

Ազատ ոճի ըմբշամարտիկ, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւին այս տարի էլ դեռ բանակ չեն զորակոչի: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանը վաղը կառավարության հաստատմանը կներկայացնի Մուսա Մուրթազալիեւի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը երկարացնելու մասին որոշման նախագիծը:

 

Հարցն այն է, որ Մուրթազալիեւին արդեն իսկ տարկետում տրվել էր պարտադիր զինվորական ծառայությունից` մինչև 2013 թվականի ձմեռային զորակոչը: Մարզիկը հանդես է եկել 74 կիլոգրամ քաշային կարգում, 2011 եւ 2013 թվականներին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում գրավել է երկրորդ մրցանակային տեղը, միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր է:

 

«Քանի որ Մուսա Մուրթազալիեւը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական թիմի կազմում նախապատրաստվում է մասնակցել 2016 թվականին Բրազիլիայում անցկացվելիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերին եւ 2014 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, անհրաժեշտություն է առաջացել երկարացնելու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից Մուսա Մուրթազալիեւի տարկետման ժամկետը՝ առայժմ մինչեւ 2014 թվականի ձմեռային զորակոչը»,- նշվում է որոշման նախագծի հիմնավորումներում:

 

Այսինքն` տարկետումը երկարաձգվում է 1 տարով, ինչպես օրենքն է պահանջում` դրանից ավելի երկարաձգել չի թույլատրվում: Ստացվում է` եթե Մուսա Մուրթազալիեւին տրվող տարկետումը բավարար է այս տարի անցկացվելիք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին պատրաստվելու եւ հանդես գալու համար, ապա 2016 թվականի օլիմպիական խաղերին պատրաստվելու ու մասնակցելու համար ժամանակ չի տրվի` այս տարկետումով: Դրա համար է ներկայացված նախագծում թավ տառատեսակով շեշտվում «առայժմ» բառը, ինչը նշանակում է, որ մինչեւ 2014 թվականի ձմեռային զորակոչի ավարտը Մուսա Մուրթազալիեւին տրված տարկետումը մեկ անգամ եւս պետք է երկարաձգվի: