Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սարդարապատ» հուշահամալիրի թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը ոչ մեկին չի ստիպել որևէ քայլ անել, նա գործել է հստակ` օրենքի համաձայն, բացատրել է իր աշխատակիցներին, թե ինչ է իրենից ներկայացնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, ինչպես է գործում, ինչպես պետք է աշխատակիցները կատարեն մուծումները և այլն. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկություն էր ստացել, որ «Սարդարապատ» հուշահամալիրի տնօրենը պատրաստվում է աշխատողներին տանել բանկ` կենսաթոշակային ֆոնդեր ընտրելու, այն դեպքում, երբ աշխատողները դեմ են դրան: Հետո հուշահամալիրի աշխատակիցներից մեկը հաստատել էր, որ իրենց աշխատակիցները արդեն գնացել են բանկ ու ընտրել կենսաթոշակային ֆոնդեր, նաեւ ասել էր, թե աշխատակիցներն իրենք են տնօրենին առաջարկել գնալ բանկ ու ֆոնդ ընտրել:
Այս հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու խնդրանքով Yerkir.am-ը դիմեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Նա նշեց. «Ընդհանրապես` մենք հասկանում ենք, որ Կարեն Արիստակեսյանի դեմ ինչ-որ մեկն ինչ-որ բաներ է ասել, բայց պաշտպանության նախարարությունը լիովին պաշտպանում է Կարեն Արիստակեսյանին, նրա աշխատանքը շատ բարձր է գնահատում: Նա «Սարդարապատ» հուշահամալիրի ընդհանուր աշխատանքները շատ բարձր մակարդակով է իրականացնում և ոչ մի հակաօրինական գործողություն թե' այսօր, թե' մինչ այդ, չի իրականացրել: «Սարդարապատ» հուշահամալիրի աշխատակիցներից որոշակի բողոքներ Կարեն Արիստակեսյանից, այո', նախկինում էլ եղել են, բայց դրանք երբեք չեն հաստատվել: Հավանաբար` Կարեն Արիստակեսյանի աշխատանքը ոմանց դուր չի գալիս, իսկ հուշահամալիրի աշխատակիցներն իրենց կամքով են գնացել ու ընտրել կենսաթոշակային հաշիվ ու հաշվի կառավարիչ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Yerkir,am-ը փորձեց ճշտել նաև` ՊՆ-ում պարտադիր կուտակայինի համար 5 տոկոս պահումներն արվո՞ւմ են, թե՞ ոչ: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց, որ ՊՆ այն աշխատակիցներից, ովքեր հավասարեցված չեն զինծառայողների կարգավիճակին, այդ 5 տոկոս պահումները պարտադիր կատարվում են:
Իսկ ՍԴ-ի որոշման առումով Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Եթե պաշտպանության նախարարությունն այսօր այդ մուծումները չկատարի, ապա վաղը խնդիրների առջև կարող է կանգնել` հետագայում պարտքեր կկուտակի»: