կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 15:55
Առանց Կատեգորիա

Մաքսայինը մեռավ, կեցցե եվրասիականը. որտե՞ղ փնտրել հայկական շահը

Մաքսայինը մեռավ, կեցցե եվրասիականը. որտե՞ղ փնտրել հայկական շահը

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ բացահայտեց, թե ինչու է Հայաստանն այդքան շտապում մտնել Մաքսային միություն: «Նախատեսվում է ստորագրել մի նոր համաձայնագիր` Եվրասիական միության ձևավորման մասին, և կան ծրագրեր, որ այդ միությունը պետք է սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Հենց որ սկսում է գործել Եվրասիական միությունը, արդեն, որպես կազմակերպություն, Մաքսային միությունը և ընդհանուր տնտեսական այդ տարածքը տարրալուծվում են դրա մեջ: Եթե դու դանդաղում ես, ապա կարող ես դառնալ անդամ մի կազմակերպության, որը, ըստ էության, արդեն չկա: Մեր նպատակն այն է, որ այդ կազմակերպությունների անդամ դառնանք և մասնակցություն ունենանք արդեն Եվրասիական միության ձևավորմանը»,-ասաց նա: Այլ կերպ ասած` Հայաստանը շտապում է դառնալ ոչ թե Մաքսային միության շարքային անդամ, այլ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հիմնադիր անդամ` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ:

 

Չեխիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահը հայտարարեց, թե դա բխում է Հայաստանի պետական շահերից, բայց Երևանի շտապողականությունը բացատրեց ոչ թե դրանով, այլ պատճառաբանելով, թե ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ և որակով: Զուտ դիվանագիտական ճկունության իմաստով հիմնավորումը չափազանց խոցելի է, որովհետև նեղացնում է մարտավարական մանևրների հնարավորությունը:

 

Բայց սա չէ էականը: Առավել կարևոր է, թե ո՞րն է ԵՏՄ-ին միանալու հարցում Հայաստանի պետական շահը: Զուտ տնտեսական առումով այն առայժմ բացարձակ շահավետ չէ: Նախ` չկան ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահմաններ, և այդ կազմակերպությունում Հայաստանն ունենալու է էքսկլավի կարգավիճակ` դրանից բխող բացասական հետևանքներով: Երկրորդ` ԵՏՄ-ն կազմավորվելու է ՄՄ-ի և այնտեղ գործող մաքսային ռեժիմների ու խաղի կանոնների հենքի վրա: Իսկ այդ ռեժիմներն առայժմ բացարձակապես ձեռնտու չեն Հայաստանին: Նախորդ օրը էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, Հայաստան ներկրվող մոտ 7000 անուն ապրանքատեսակի համար գործելու են ավելի բարձր մաքսատուրքեր, և կառավարությունը ՄՄ-ի հետ բանակցություններ է վարում գոնե 850 ապրանքատեսակի մաքսատուրքը անփոփոխ թողնելու շուրջ: Թե ինչով են ավարտվում ռուների հետ նմանատիպ բանակցությունները, արդեն հայտնի է գազային խայտառակ պայմանագրերի օրինակով: Բանակցություններից արդյունք դժվար է սպասել նաև, որոհետև ՄՄ-ն կխուսափի որևէ առանձին անդամ պետության համար բացառություններ կատարելու և արտոնյալ պայմաններ ապահովելու նախադեպ ստեղծել: ՄԻնչդեռ որոշ տվյալներով` մաքսատուրքերի բարձրացումը հանգեցնելու է գնաճի` մոտ 10-12 տոկոս:

 

ԵՏՄ-ն Հայաստանի համար, տնտեսական առումով, ձեռնտու կլինի միայն այն դեպքում, եթե դրան անդամակցեն հիմնական այն երկրները, որտեղից ներկրվում են այդ ապրանքատեսակները: Իսկ դա առնվազն մոտ ապագայի հարց չէ: Այս աննպաստ իրողությունների անտեսումը կարելի է արդարացված համարել միայն մեկ դեպքում` եթե կա շատ ավելի լուրջ և առաջնային պետական շահ: Հայաստանի պարագայում տնտեսական շահից ավելի գերակա կարող է լինել միայն ազգային ու պետական անվտանգության ապահովման շահը: Բայց այս հարցում էլ ամեն ինչ միանշանակ չէ:

 

Անվտանգության ապահովման ակնկալիքը ոչ թե ԵՏՄ-ից է, որը ԵՄ-ի օրինակով տնտեսաքաղաքական կազմակերպության մոդելով է կառուցվելու, այլ, առանձին վերցրած, Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից: Ռուսաստանն, իհարկե, ներքին շուկայական գներով է Հայաստանին զենք-զինամթերք մատակարարում: Բայց դա ոչ այնքան Հայաստանի, որքան Գյումրիում տեղակայված իր ռազմաբազայի զինտեխնիկան արդիականացնելու քաղաքականություն է: Իսկ այդ ռեսուրսը լավագույն դեպքում կարող է կիրառվել միայն այն ժամանակ, եթե արտաքին ագրեսիայի վտանգ լինի Հայաստանի նկատմամբ: Այսինքն` ԼՂՀ-ի դեմ ուղղված պատերազմական գործողությունների դեպքում ո'չ Ռուսաստանն` իր բազայով, և ո'չ էլ ՀԱՊԿ-ն իր արագ արձագանքման ուժերով, չեն միջամտելու: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս է հայտարարել, որ կազմակերպությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար քաղաքական լծակներ է գործադրելու:

 

Իսկ երկու օր առաջ ադրբեջանական vesti.az-ի հետ զրույցում Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակի դերը ստանձնած` ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի անդամ, Կրոնի և քաղաքականության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն շատ հստակ ձևակերպեց Ռուսաստանի քաղաքականությունն այս հարցում. «ՀԱՊԿ-ի իրավասությունները չեն տարածվում ԼՂ տարածքի վրա: ԼՂ տարածքում հնարավոր ռազմական գործողությունները չեն համարվում Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ: Ռուսաստանը ձևականորեն ոչ մի կերպ չի արձագանքի դրան, քանի որ ԼՂՀ-ն դե յուրե չճանաչված պետություն է»: Ավելի ուշ Մոսկվան արդեն պաշտոնապես հաստատեց անվտանգության ապահովման հայկական պետական շահի նկատմամբ ունեցած անտարբերությունը: ՌԴ արտգործնախարարությունը 10 օր ուշացումով արձագանքեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հունվարի 19-20-ին ձեռնարկված անհաջող դիվերսիոն գործողություններին և, որ ավելի հատկանշական է, Հայաստանի սահմանամերձ գյուղերի կատաղի և պերմանենտ բնույթ կրող գնդակոծություններին: Մոսկվան արձագանքեց ոչ թե որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից կամ գործընկեր, այլ ընդամենը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հրադադարի ռեժիմի պահպանման պահանջ դնելով ոչ թե Ադրբեջանի, այլ հակամարտության երեք կողմերի առջև: Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը, ԵՏՄ-ին միանալով, իր անվտանգության համակարգը կառուցում է միայն իր նկատմամբ արտաքին ագրեսիայի դեպքում Ռուսաստանի միջամտելու`  զուտ տեսական հնարավորության վրա` փաստացի հույս ունենալով, որ ադրբեջանցիները կշարունակեն ահաբեկված մնալ Կրեմլի ջղային հայացքից:

 

Եթե ԵՏՀ-ն լինելու է ՀԱՊԿ-ի նման կիսամեռ (համենայն դեպս Հայաստանի համար) կառույց, ապա Հայաստանն այնտեղ ընդամենը ունենալու է պարտավորություններ, բայց ոչ` իրավունքներ: Իսկ դա ուղղակիորեն կախված է Հայաստանի իրական նախաձեռնողականության և համարձակության հետ: Մինչդեռ ՀՀ նախագահը հայտարարում է, թե ինքը բողոքավոր չէ: Իսկ բողոքավոր չեն լինում միջազգային իրավունքի այն սուբյեկտները, որոնք սովոր են հարմարվել:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ