Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության անդամները տեղյակ չեն, թե աշխարհում ինչ է կատարվում, կամ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր տնտեսության վիճակն աշխարհում վատացել է, դրա հետեւանքով մեզ մոտ էլ է վատանում: Ճիշտ հակառակը' աշխարհում տնտեսության վիճակը լավ է, գրանցվել է 3 տոկոսանոց աճ, ԱՄՆ-ում' 2,9 տոկոս տնտեսական աճ, որն անսպասելի է, Չինաստանում' 7,4 տոկոսի փոխարեն 7,7 տոկոս: Իհարկե, երկրների 70 տոկոսում վիճակը լավ է, 30 տոկոսում` վատ, ինչպես Հայաստանում. լրագրողներին այսօր ասաց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը' անդրադառնալով համաշխարհային տնտեսական զարգացումներին, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են Հայաստանի վրա:
«Եվ քանի որ աշխարհում, հատկապես` Արեւմուտքում, վիճակը լավացել է, վերջին եռամսյակը եվրոպական տնտեությունը փակեց աճով, ու այս տարի արդեն 1 տոկոս աճ է սպասվում Եվրոպայում, փողերը, այսպես կոչված, էմերջինգ շուկաներից, փոխանցումային շուկաներից' այն երկրներից, որոնք արագ են զարգանում, գնում են դեպի Արեւմուտք»,- պարզաբանեց Բագրատյանը:
Սա Հրանտ Բագրատյանի բերած պատճառներից մեկն էր: Իսկ երկրորդով' ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի QI ծրագիրը, համաձայն որի` ֆեդերալ ռեզերվ համակարգն 85 միլիարդ փող էր տպում ու տալիս բանկերին, հասավ նրան, որ արդեն պետք է դադարեցնել այդ գործընթացը' տնտեսությունը «չեռացնելու» համար: Այսինքն' դրությունն Արեւմուտքում լավացել է, արեւմտյան արժեթղթերի եկամտաբերությունը բարձրացել է, ու այդ պատճառով փողը Չինաստանից, Թուրքիայից վերցնում, տանում են այնտեղ:
ԱՄՆ-ը բարձր զարգացած տնտեսություն ունի, նշեց բանախոսը, եւ նրա 2,9 տոկոս տնտեսական աճը հավասար է Հայաստանի 15 տոկոս տնտեսական աճին: Այդ աճն է պատճառը, որ ներդրողները փողերը տանում են Արեւմուտք: Օրինակ, ինչպես բացատրեց պատգամավորը, ռուսական բանկերի ընդհանուր պարտավորությունները կազմում են մոտ 1,5 տրիլիոն դոլար, որից 550-ը արտասահմանյան փողեր են, ու արտասահմանցին արդեն իր փողը տանում ու ամերիկյան ներդրում է կատարում, քանի որ ավելի վստահ է ԱՄՆ-ի այդ 3 տոկոս աճի վրա:
Բագրատյանը տեղեկացրեց, որ այս տարի Եվրոպան էլ կունենա 1 տոկոս տնտեսական աճ, եւ եւս մի 5 տարի Եվրոպայում կլինի տնտեսական աճ, ինչը հանգեցնում է նրան, որ Ռուսաստանում տնտեսական աճը, սպասված 4-ի փոխարեն, 1,5-1,9 տոկոս կլինի' չնայած դեռ վերջնական չի ամփոփվել: Թուրքիայի տնտեսական աճը բավականին ցածր է, Բրազիլիան է տուժում, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, երկրներ, որոնք մեծ դինամիկա ունեին վերջին տարիներին:
«Նորմալ երեւույթ է. Արեւմուտքը չէր զարգանում, նոր զարգացող երկրներն էին զարգանում, հիմա համաշխարհային տնտեսությունը պետք է հավասարակշռվի` այնպես չէ, որ նորից սա էլ զարգանա, նա էլ ավելի զարգանա: Այդպես են կառուցված ֆինանսական շուկաները, եւ ԱՄՆ-ի կողմից դրանք հստակորեն կառավարվում են: Նույնիսկ Չինաստանի կամ Ռուսաստանի ֆինանսական շուկաները կառավարվում են ԱՄՆ-ի կողմից, միանշանակ, իսկ դա նշանակում է` եթե կա հավասարակշռություն, բալանս, իսկ այդ բալանսը պահվում է, ու արեւմտյան երկրներն են զարգանում, ապա դա հնարավոր է միայն այն բանի շնորհիվ, որ նոր զարգացող երկրների աճի տեմպը պետք է դանդաղի»,- համաշխարհային տնտեսական զաևգացումները ներկայացրեց Հրանտ Բագրատյանը:
Եվ այս բոլոր գործընթացներն ու զարգացումներն են, որոնք ազդում են համաշխարհային տնտեսության, այդ թվում`նաեւ Հայաստանի տնտեսության վրա: