Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած' «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Նախագծի ընդունմամբ նպատակ է հետապնդվում միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԿԱՐԳՈՎ Եւ ԴԵՊՔԵՐՈւՄ տարկետում տրամադրել, որը ենթադրում է ՀՀ կառավարության համապատասխան անհատական որոշումների ընդունում, որոնք իրավական առումով կունենան ավելի բարձր իրավաբանական ուժ, քան տեղեկանքները:
«Զինապարտության մասին» գործող օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին:
«Վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի քաղաքացիներ են: Երեւույթի շարժառիթը հիմնականում հանդիսանում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունը, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթը, ինչպես նաեւ հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»,- նշվում է նախագծի հիմնավորումներում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելով, հաղթողների ներկայացված ցուցակներից ՀՀ արական սեռի քաղաքացիներին տրամադրում է տեղեկանք, «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ:
Միաժամանակ, օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կանոնակարգելու նպատակով, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ, հաստատվել է կարգ, որը տարածվում է անձնական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ ընդունված ՀՀ այն քաղաքացիների վրա, ում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ կառավարության անհատական որոշումներով տրվում է տարկետում' ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր կնքելու պայմանով' գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ:
Պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր կնքելով տարկետում տրամադրելը, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակների, երաշխիք կապահովի ՀՀ վերադառնալու, հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները կատարելու եւ ձեռք բերված գիտելիքները Հայաստանում ներդնելու համար:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձեւավորել համապատասխան օրենսդրական հիմքեր՝ օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով` ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի՝ միայն կրթական կարիքները բավարարելուն:
Ի դեպ, նշվում է նաեւ, թե, միաժամանակ, զորակոչիկների սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի զորակոչի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: