կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-22 16:39
Հասարակություն

Քաղաքապետարանի պատճառով անմեղ մարդիկ են տուգանվել

Քաղաքապետարանի պատճառով անմեղ մարդիկ են տուգանվել

Երեւանում տեղացած ձյան հետեւանքով մի շարք փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերը մնացել էին ձյան կամ սառույցի շերտի տակ, չէին մաքրվել ու տեսանելի չեն եղել, ինչը բազմաթիվ քաղաքացիների տուգանվելու պատճառ է դարձել` վճարովի կայանատեղիի վճարը չմուծելու համար, քանի որ մարդիկ չեն տեսել կարմիր գծանշման տիրույթը: Վճարովի ավտոկայանատեղիների օպերատորն էլ հայտարարել էր, որ ձյան մաքրման աշխատանքներն իր պարտականությունը չեն, այլ` Երեւանի քաղաքապետարանի:

 

Yerkir.am-ն այսօր այս կապակցությամբ հարց ուղղեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին` հնարավոր չէ՞ր, արդյոք, կա'մ անմիջապես մաքրել կարմիր գծանշումով հատվածները, կա'մ այն մաքրելու պարտավորությունը դնել «Փարքինգ սիթի սերվիսի» վրա` որպես այդ տարածքները շահագործողի: Կամո Արեյանը նշեց, թե, իրոք, օպերատորի վրա սանմաքրման աշխատանքների պարտականություններ չեն դրվել եւ չէր էլ դրվելու:

 

«Երբեմն ճանապարհից այդ ձյան զանգվածը տեղափոխում ենք դեպի եզրաքարեր, մայթերի մոտ կանգնած մեքենաներ են լինում` երբեմն 10 օրով, ամսով եւ այլն, ու մեզ այդպես էլ չի հաջողվում որեւէ փողոցում, բացառությամբ 1-2 հատվածի, որտեղ կայանումն արգելված է, ձյունը հեռացնել դեպի եզրաքար. կանգնած են մեքենաները եւ չեն թողնում աշխատենք, ու դա համընկնում է նաեւ կարմիր եզրագծերով նշված հատվածների հետ: Դրա համար օպերատորը տվեց պատասխան, որ ցուցանակներ է տեղադրել, որոնք հուշում են, որ այդտեղ կարմիր գծանշում կա, եւ գործում է վճարովի կայանատեղի»,- նշեց փոխքաղաքապետը' հավաստիացնելով, որ, իրոք, խնդիրներ առաջացել են, իրենք տեղյակ են եւ կփորձեն նաեւ դա կարգավորել:

 

Իսկ թե ինչո՞ւ հենց օպերատորին չեն պարտավորեցնում սանմաքրման աշխատանքներ իրականացնել իր իսկ շահագործած հատվածներում, Կամո Արեյանը պատասխանեց, թե մրցույթի պայմաններում նման կետ չկար դրված, հակառակ պարագայում` պետք է պահանջվեր համապատասխան տեխնիկայի առկայություն կամ վարձակալություն:

 

«Բայց օպերատորը հորդորեց, որ ցուցանակներով հնարավոր է կողմնորոշվել: Եթե որոշ խնդիրներ են առաջացել, պետք է լուծել»,- ասաց Կամո Արեյանը:

 

Լրագրողների դիտարկմանը, որ մարդիկ արդեն տուգանվել են, փոխքաղաքապետն արձագանքեց, թե վիճակագրությանը չի տիրապետում' քանի մարդ է տուգանվել: Լրագրողները հարցրեցին նաեւ' հնարավոր չէ՞, արդյոք, այն մարդկանց, ովքեր իրենց մեղքով չեն տուգանվել, ինչ-որ կերպ փոխհատուցել կամ տուգանքը չեղյալ համարել: Կամո Արեյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` ովքեր են տուգանվել, բայց, այնուամենայնիվ, որոշ հատվածներում հասցնում ենք բացել` երկրորդ-երրորդ օրը բացվում են: Որոշ հատվածներում եղել են կարճ ժամանակահատվածում ծայրը չերեւալու խնդիրներ, որը շփոթ է առաջացրել վարորդի մոտ»