կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-22 15:55
Սպորտ

Ցավոք, օլիմպիական մեդալների մասին միայն երազում ենք. Սերգեյ Միքայելյան

Ցավոք, օլիմպիական մեդալների մասին միայն երազում ենք. Սերգեյ Միքայելյան

Yerkir.am-ի զրուցակիցն է Սոչիի օլիմպիական խաղերի  մասնակից, դահուկորդ,  Հայաստանի բազմակի չեմպիոն Սերգեյ Միքայելյանը:

 

 -Սերգե'յ, օրեր անց կմեկնարկեն ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը, որոնք թվով երկրորդն են քեզ համար: Ի՞նչ սպասելիքներ ունես:

 -Առաջինը Վանկուվերի խաղերն էին:  Այնտեղ 95 մասնակիցների մեջ 70-րդն էի: Դե, այն ժամանակ տարիքով փոքր էի: Իսկ հիմա հույս ունեմ մտնել գոնե լավագույն 30-ի մեջՑանկացած լավ մարզիկ տարիների ընթացքում աճ է գրանցում և առաջընթաց ապրում: Իմ դեպքում արդեն 4 տարի անցել է. երբ համեմատում եմ մարզավիճակս Վանկուվերի խաղերի հետ, կարելի է ասել` տարբերությունն ահռելի է: Թե՛ ես եմ մեծացել, թե՛ փորձս է ավելացել, թե՛ մարզավիճակս է բարելավվել:

 

-Այսինքն` մարզասերները քեզանից ակնկալե՞ն բարձր տեղ՝ համեմատած Վանկուվերի խաղերի հետ:

-Անշուշտ, փորձելու եմ անել հնարավոր ամեն ինչ:  Օլիմպիական խաղերի դեպքում կարևորը մասնակցությունն է, բայց իմ նպատակը արդյունքս բարելավելն է: Ես, իհարկե, գիտակցում եմ, որ դա առավելագույնն է, ինչ կարող եմ անել: Ցավոք, օլիմպիական խաղերի մեդալների մասին միայն երազում ենք, գործնականում դա անհնար է:

 

-Դահուկների հանդեպ սերը ո՞ր տարիքից է սկսվել:

 -Դահուկասպորտով  սկսել եմ զբաղվել 2001-ից, երբ ինը տարեկան էի: Ես ծնվել եմ դահուկորդների ընտանիքում, այլ կերպ լինել չէր էլ կարող: Հայրս և մայրս խորհրդային տարիներին բավական ուժեղ դահուկորդներ են եղել, հիմա էլ մարզիչներ են3-րդ դասարանից սկսած` հորս՝ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ անընդմեջ պարապում եմ հարազատ Աշոցքում:

 

-Սերգե'յ, այն փաստը, որ դահուկասպորտը անկախ Հայաստանում, մեղմ ասված, առաջատար սպորտաձև չէ, չէ՞ր ընկճում:

-Իհարկե, հաճախ պատահում է, երբ սպորտից հեռու կամ չհասկացող մարդիկ ասում են` ինչի՞դ է պետք, կամ ո՞ւր կարող ես հասնել այս սպորտով: Նրանց հետ անընդհատ բանավիճելը հաճելի չէ, բայց ինչևէ:

 

-Սոչիի խաղերի ուղեգիր նվաճեցիր  ընդամենը 18 տարեկանում. սպասո՞ւմ էիր, որ կհասնես  նման հաջողության:

-Այո, ես Վանկուվերի խաղերից ընդամենը մեկ տարի հետո հավաքեցի անհրաժեշտ միավորները ուղեգրիս համար:  Հպարտ եմ, որ կարողացա հասնել դրան, մեծ դժվարություններով եմ հասել այդ ամենինՍպասել` ասել չեմ կարող, բայց միշտ ձգտել եմ ու անդադար աշխատել եմ, որ լինեմ լավագույնը:

 

-Ի՞նչ ծրագրեր ունես մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը:

 -Հունվարի 27-ից փետրվարի 2-ը Իտալիայում պետք է մասնակցեմ 20-23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեկնելու եմ մարզչիս հետ:   Հունվարի 29-ին կմրցեմ սպրինտ ձևում, հաջորդ օրը՝  30 կմ տարածությունում, իսկ փետրվարի 1-ին՝ 15 կմ տարածությունում: Առաջնությունից  վերադառնալուց  հետո կմարզվեմ  Աշոցքում:

 


Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1992-ին դահուկորդների ընտանիքում: Բնակվում է Աշոցքում: Մարզվում է ինը տարեկանից:  Գլխավոր մարզիչը հայրն է՝ Արթուր Միքայելյանը:

Սերգեյը ավարտել  է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ծառայում է ՀՀ զինված ուժերի մարզական վաշտում:

 








 

 

 

 

 

Լուսանկարները՝ մարզիկի ֆեյսբուքյան էջից

 

 

 


Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ