Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014-ը հոբելյանական է մեծն գրող Հովհաննես Թումանյանի համար. այս տարի լրանում է գրողի 145-ամյակը: Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա «HY» ընկերության գործադիր պրոդյուսեր Արեւ Ավանեսյանը եւ բեմանկարիչ Մայդա Շանդեզ Ավագյանը նկարահանել են համանուն մուլտֆիլմը:
Արեւ Ավանեսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 2013-ին, երբ «Նարեկացի» արվեստի միության ծրագրերից մեկով, որպես կամավոր, Հայաստան էր ժամանել Մայդա Ավագյանը, նա սկսել է աշխատել երեխաների հետ` սովորեցնելով ձեռքի աշխատանքներ` տիկինիկներ պատրաստել, ստվերների թատրոն անել:
«Ու քանի որ 2013-ն էլ Շուշիում Թումանյանական տարի էինք հայտարարել, Մայդան սկսեց հենց Շուշիում աշխատել երեխաների հետ: Արդյունքում` մանրանկարչության տարրերով թղթից ծիտիկներ, տիկնիկներ պատրաստեցին եւ մուլտֆիլմի պես մի բան ստեղծվեց` «Գիրք մանկաց»: Այդ ամենը տեսնելով` մուլտֆիլմը նկարահանելու մտահղացումը ծագեց»,- ասաց Ավանեսյանը:
Նրա կարծիքով` ծտի կերպարը բավականին տարօրինակ է մուլտֆիլմում, քանի որ այդպես էլ չես հասկանում` կերպարը լա՞վն է, թե՞ վատը: Այն, ըստ Ավանեսյանի, շատ կոլորիտային է եւ մեզ բնորոշ, քանի որ մեր օրերում հաճախ մեկը մեկին լավություն է անում եւ փոխարենն ինչ-որ բան ուզում:
«Լուսանկարիչ Արեւիկ Դանիելյանի օգնությամբ հենց Շուշիում էլ նկարահանեցինք մուլտֆիլմը: Այն ձայնագրեցինք «Նարեկացի» արվեստի միության ձայնագրման ստուդիայում, հեքիաթասացին կարդում է Կարեն Ջանգիրովը, իսկ ծտի կերպարի համար բավական երկար ժամանակ պահանջվեց մեզ համար: Քանի որ մենք երեխաների հետ աշխատում էինք, շփվում դժվար էր ընտրել ձայն, քանի որ ձայնի մեջ մենք տեսնում էինք երեխային: Կողմնակի աչք էր պետք, եւ մենք ձայնագրեցինք մի քանի երեխաների, եւ դրանք տվեցինք, որ մեր ընկերները լսեն. բոլորն ընտրեցին 5-ամյա Ավետիս Իսկենյանին»,- ասաց Ավանեսյանը` հավելելով, որ մուլտֆիլմում հնչում է Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը, իսկ այնտեղ առկա բոլոր տիկինիկները երեխաներն են պատրաստել:
Ըստ Ավանեսյանի` իրենք ցանկություն ունեն մուլտֆիլմը թարգմանել ռուսերեն եւ անգլերեն` ավելի շատ երեխաների այն հասանելի դարձնելու համար:
«Կուզեինք նաեւ ֆրանսերեն թարգմանել, քանի որ Մայդան արդեն մեկնել է Ֆրանսիա եւ, ցավոք, մուլտֆիլմը չի տեսել, եւ հետո` այնպես չէ, որ Թումանյանի հեքիաթները միայն հայ երեխաների համար են, միայն հայերին են հասկանալի: Երեխաները սիրով են նայում այն, քանի որ մուլտֆիլմը շատ գունավոր է, բարի եւ տաք լիցքեր է փոխանցում»,- ասաց Ավանեսյանը: