կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 14:53
Հասարակություն

Պիոդերմիա` Գյումրու հանրակացարանում տարածված հիվանդությունը

Պիոդերմիա` Գյումրու հանրակացարանում տարածված հիվանդությունը

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

 

Yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ տեղի մասնագետների հետ կազմակերպվել և իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը և նշանակվել է բուժում:

 

Պիոդերմիան (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ) մաշկային հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերն են: Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր: Որոշակի պայմաններում դրանք դառնում են ախտածին` առաջացնելով թարախաբշտիկային հիվանդություններ: Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, օրինակ` ժամանակին չմշակված քերծվածքները, կտրած վերքերը, մաշկի մշտական կեղտոտումը, օրգանիզմի գերսառեցումը և գերտաքացումը, վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, հյուծող քրոնիական հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումը և այլն:

 

Այս հիվանդությունների խումբը չի կարող ունենալ զանգվածային տարածում, և վարակը կարող է առաջանալ վերոհիշյալ գործոնների առկայության պայմաններում: Հիվանդների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո: