կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 15:38
Քաղաքական

Քոչարյանը հայտնել է այն մտահոգությունները, որոնց մասին խոսում են փաստաբանները. ՄԻՊ-ն այցելել է երկրորդ նախագահին

Քոչարյանը հայտնել է այն մտահոգությունները, որոնց մասին խոսում են փաստաբանները. ՄԻՊ-ն այցելել է երկրորդ նախագահին

ՀՀ երկրորդ նախագահի գործը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է, առհասարակ՝ Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բոլոր հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: 

«Դա ՀՀ-ում ամենաարդիական հարցերից է, և կոնկրետ գործով դատավորների գործողություններին վերաբերող հարցերին, մտահոգություններին, իհարկե, տեղյակ եմ, թե ինչպիսին են պաշտպանական կողմի մտահոգությունները,  ՍԴ-ի հետ կապված` նաև, բայց ես դրանց վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել, որովհետև դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորների լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել էր ինձ, ես դրանից հետո խոսել եմ նրա հետ, մենք քննարկել ենք հարցը և պայմանավորվել, որ պարոն Ալումյանն այդ խնդիրների վերաբերյալ փաստարկները գրավոր կներկայացնի, որ հասկանանք՝ դա մեր իրավասությանը վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ: Երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են, որ սա բովանդակային առումով չի առնչվում արդարադատությանը, այլ ավելի շատ կազմակերպական բնույթի հարց է»,- նշեց նա:

Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ կալանավորումից հետո` մի քանի օր առաջ, այցելել է Ռոբերտ Քոչարյանին: «Հաշվի առնելով այն մտահոգությունները, որ ուներ  փաստաբանական թիմը պահման պայմանների հետ կապված: Իմ խնդիրը հիմա պահման պայմանների հետ կապված հարցերն են: Որևէ դժգոհություն չներկայացվեց պահման պայմանների  հետ կապված, նույն վիճակն է»,- շեշտեց ՄԻՊ-ը:

Ինչ վերաբերում է գործի դատաքննությանն առնչվող հարցերին, նա ասաց, որ ինքը տեղեկացվել է, որ իրավունք չունի միջամտելու և գնահատական տալու այդ գործով իրականացվող վարույթին։ ՄԻՊ-ն ասաց, որ Քոչարյանը մտահոգություն է հայտնել այն  հարցերի շուրջ, ինչի մասին խոսում են փաստաբանները: «Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող հրապարակել, որովհետև օրենքն արգելում է, ընդամենը կասեմ, որ  բոլոր այն մտահոգություններն են, ինչ հրապարակային են»,- ընդգծեց Թաթոյանը: