կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-30 15:10
Հասարակություն

Yerkir.am-ը ցանկանում է...

Yerkir.am-ը ցանկանում է...

Yerkir.am-ի խմբագրակազմի ամանորյա բարեմաղթանքները՝ իր սիրելի ընթերցողներին

 

Ագնեսա Խամոյան - Yerkir.am-ն իր փոքր եւ երիտասարդ խմբագրակազմով 2014թ.-ին էլ լինելու է ՄԱՐԴՈՒ կողքին: Մեր ուշադրության կենտրոնում միշտ եղել եւ մնալու է մարդը: Մենք մեր ընթերցողին երբեք չենք խաբել եւ չենք խաբելու: Մենք մեր լրահոսը երբեք չենք պահել բռնաբարությունների, սպանությունների, ավտովթարների մասին պատմող լուրերով եւ հոդվածներով: Մենք վարկանիշ չենք գնել եւ չենք գնելու: Ինչպես նախկինում, այնպես էլ 2014թ.-ին մեր խոշորացույցի տակից դուրս չեն մնալու քաղաքական գործիչներն` իրենց թերություններով ու սխալներով: Մենք միշտ հասարակությանը հուզող խնդիրներն առաջնային ենք համարում, մենք լուսաբանում ենք երկրում տեղի ունեցող բոլոր կարեւոր իրադարձությունները, բողոքի ակցիաները, մենք մատուցում ենք իսկական մշակույթ, վեր ենք հանում երկրի հիմքերը քայքայող տնտեսական խնդիրներն ու դրանց գլխին կանգնած ապաշնորհ ղեկավարներին: Մենք մեր ընթերցողին մատուցել եւ մատուցելու ենք խելքին մոտ եւ ոչ «մատից հոտ քաշած» լուրեր եւ վերլուծություններ: 2014թ.-ին մենք կրկնապատկելու ենք մեր ջանքերը իսկական լրագրություն մատուցելու համար, եղել եւ լինելու ենք հնարավորինս օբյեկտիվ, առավել օպերատիվ եւ միշտ հավաստի: Մենք 2014թ.-ին մի շարք նոր նախաձեռնություններով ենք հանդես գալու. ոմանց համար` ցավոտ, քաղաքացու համար` հաճելի: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը: Եկեք ապրենք մեր երկրում...

 


Հարություն ՀարությունյանՄեր երկիրը փոքր է, բայց մեծ` մտածումներով, երազանքներով, մարդկանցով: Մարդը երկրի հիմքն է, «աղն ու բիբարը»: Առանց մարդու, որևէ տարածք չի կարող գոյատևել, ինչպես դատարկված, տարիներ շարունակ կողպված տունը: Նկատել ե՞ք, թե չապրվող տունը ինչպիսի արագությամբ է մաշվում: Այդպես էլ երկիրն է մաշվում, վերջանում է եթե դատարկվում է, եթե օջախներիից ծուխ չի բարձրանում: Ոչ մի տարբերություն, եթե գյուղերում տները կողպված են, քաղաքներում դատարկ են կամ որպես պահակ մնացել են օջախի «քոթուկները»` ծերերը: Ծերացող երկիրը ապագա չունի: Եկեք ինքնրս մեզ չխաբենք, արդեն այնքան խաբված ենք, որ խաբվելու տեղ էլ չի մնացել: Երբ մտածում ես, որ գալիք տարին էլ նույնն է լինելու կամ ավելի վատը, ուզում ես, որ այն չգա: Ի՞նչ տարբերություն` 2013, թե՞ 2014, եթե կյանքը վատացել է, իսկ քեզ համոզում են հակառակը: Չէ՞ որ դրանից ոչինչ դեպի լավը չի փոխվելու: Հույսով ապրելու համար, հույսի նշույլ է պետք, այ այդ նշույլն եմ ուզում փնտրեմ ու գտնեմ 2014-ին: Խաղաղ երկինք եմ ցանկանում բոլոր մեր զինվորներին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին, օրվա հացի համար արժանապատվորեն «կռիվ» տվող մեր հայրենակիցներին և բոլոր նրանց, ում համար հայրենիքը սկսվում է Արցախից և վերջանում Տավուշով: Իսկ քաղաքական «էլիտային» ցանկանում եմ մի պտղունձ խելք և սեր` հանդեպ մեր ժողովրդի: Գիտեմ, դժվար է, բայց շատ է պետք:


 

Թագուհի Մելքոնյան- Ցավոք, չեմ կարող ցանկանալ, որ հաջորդ տարի հանցագործություններ և ձերբակալություններ չլինեն,բողոքի ակցիաները սպառվեն, իսկ դատական նիստերը հավերժ հետաձգվեն և ինչպես Կարապետիչն է ասում` բոլորը բանտերից դուրս գան: Փոխարենը կցանկանամ, որ 2014թ-ին կատարվելիք պաշտոնանկություններն ու նշանակումները լինեն տրամաբանական, ակցիաներն` իմաստալից, դատավարություններն` օբյեկտիվ և անաչառ, մամլո քարտուղարները` բարեհամբույր, ոստիկանները` հանդուրժող, իսկ պաշտոնյաները` հարգալից: Ամենայն բարիք և խաղաղություն բոլորին:

 

 

Մելանյա Մելքումյան- Ամփոփելով անցնող յուրաքանչյուր տարի, գրեթե համոզվում եմ, որ մեր երկրին կփրկի սերն ու միասնությունը: Այն սերը, որը մարդը պետք է պեղի իր մեջ` գտնվելով խիստ անբարենպաստ սոցիալական, քաղաքական իրավիճակներում: Նոր տարում մեր տառապած, հոգսաշատ, բայց միշտ տոկուն ժողովրդին մաղթում եմ հենց այդ սերը, ամենասովորական մարդկային սերը իր և դիմացինի հանդեպ: Մաղթում եմ միասնություն, որ կարողանանք հաղթահարել բոլորիս համար այդքան ակնհայտ դժվարությունները:  2014թ-ին մեր իշխանավորներին մաղթում եմ հանդուրժողականություն, որովհետև դա կստիպի նրանց սթափ նայել աշխարհին ու կյանքին: Նրանք ունեն փող, իշխանություն, բազմաթիվ այլ լծակներ, բայց նրանց մեջ ցավոք այդ ամենը կորցնելու վախն է գերիշխում, խաղաղ եղեք ինքներդ Ձեզ հետ, քաղաքակրթվեք եւ մաքրվեք: Սեր և միասնություն բոլորիս:

 

 

 

Անի Սահակյան- Ցանկանում եմ, որ այս տարի հրաշքների տարի լինի, քաղաքականությունը նույնպես սիրտ ու հոգի ունենա: Որ այս տարի «ահաբեկչություն», «պայթյուն», «հակամարտություն» բառերը լքեն միջազգային լրահոսի բաժինները: Ի դեպ, Բարաք Օբամային ցանկանում եմ հրաժարվել ամուսնալուծության մտքից, եթե, իհարկե, նա ցանկանում է հաջորդ ընտրություններին ստանալ հայ համայնքի աջակցությունը, չէ՞ որ մենք ընտանիք պաշտող ազգ ենք:

 

 

 

 

Գեւորգ Ավչյան- Ցանկանում եմ, որ եկող տարի գնաճի մակարդակը զրոյական լինի, աշխատավարձերը, թոշակները, Հայաստանի քաղաքացիների եկամուտները աշխարհում ամենաբարձրը լինեն, ցանկանում եմ, որ աղքատության ու գործազրկության մակարդակները նույնպես Հայաստանում զրոյական լինեն, տնտեսությունն աճի ու բարգավաճի այնքան, որ Հայաստանն ամենահարուստ երկրներից մեկը դառնա աշխարհում, որ պետությունը պարտք չունենա, բյուջեն լինի այնքան շատ, որ կառավարությունը չիմանա` էլ ինչպես այն ծախսի, հայկական ընկերությունները միջազգային խոշոր կազմակերպությունների վերաճեն:

 

 

 

 

Կարինե Հարությունյան- Շնորհավոր Ամանոր: Թող 2014-ին գրախանութներում հերթ լինի, դասական համերգներին դալիճները լեփ-լեցուն լինեն, ստեղծագործողները մտածեն միայն ստեղծագործելու մասին, իսկ ստեղծագործողների մասին պետությունը մտածի: Թող գալիք տարվա տոնախմբությունների ժամանակ բեմերում տեսնենք մարդկանց, որոնց մասին մոռացել է մշակույթի նախարարությունը, իսկ մշակույթի նախարարությունը, չէ՛, տոնական տրամադրությունը չփչացնելու համար` թեմայից կտրուկ անցում կատարենք: Նկարիչները, գրողները, կոմպոզիտորները 2014-ին թող կամ իրենց միության անդամ լինեն, կամ` միության դեմ: Թող 2014-ը լինի մշակութային տարի:

Հ. Գ. 2014, կարծում եմ իմ` ֆոտոապարատ ունենալու ճիշտ ժամանակն է:

 

 

 

Շուշան Շատիկյան- Yerkir.am-ի սիրելի ընթերցողներ, մեր ֆեյսբուքյան էջը հավանողներ ու մեկնաբանողներ: Ցանկանում եմ, որ հաջորդ տարի Facebook-ը էլ ավելի բուռն ու հագեցած լինի հետաքրքիր ու բազմաբովանդակ գրառումներով` հույս հայտնելով, որ 2014 թվականին միայն ուրախ և դրական լուրերով կլցնենք մեր էջը: