Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում ՀՀԿ-ականների, այդ թվում՝ կուսակցության ղեկավարի համար մոդայիկ է դարձել հայտարարել ազատ մամուլի մասին, այն հնարավորությունների, որ իբր իրենք ստեղծել են ԶԼՄ-ների համար: Երեկ էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հիշատակելով Երեւանի մամուլի ակումբի հայտարարությունը, գոհունակությամբ ընդգծել էր, որ այն խնդիրները, որ եղել էին 2012թ. նախընտրական փուլում, հիմա արդեն գոյություն չունեն: Հայտարարությունից չէր անցել մեկ օր, եւ պարզվեց, որ խնդիրներ կան:
Այսօր, օրինակ, Yerkir.am-ի լրագրողը նախ հնարավորություն չունեցավ լսելու նախագահի խոսքը Կառավարության նիստերի դահլիճում, որովհետեւ, միամտաբար դուրս գալով դահլիճից, փորձել էր նկարահանել նախագահի մուտքը, բայց, հետ դառնալով՝ պարզել, որ այլեւս ներս մտնել չի կարող: Չի կարող անգամ նստել շենքի մոտ, չի կարող ձայնագրիչը դնել պատուհանագոգին, մի խոսքով՝ չի կարելի, չի կարելի, չի կարելի... Լավ է` գոնե շնչել կարելի էր...
Ավելի ուշ` երեկոյան, Ավան վարչական համայնքում, որտեղ տրվեց նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեկնարկը, պարզվեց, որ Yerkir.am-ի լրագրողը չի կարող առհասարակ դահլիճ ներս մտնել, որովհետեւ, ինչպես ասացին քարոզարշավի պատասխանատուները, դահլիճը փոքր է, ու նախագահի քարոզարշավը լուսաբանելու համար արդեն իսկ հավատարմագրված ոչ բոլոր լրագրողներին են ցուցակում ներառվել (Yerkir.am-ը նախօրոք իր լրագրողին հավատարմագրել էր): Իսկ թե ինչպես են ընտրություն կատարել, պարզ է:
Իշխանական ԶԼՄ-ներում աշխատող մեր գործընկերներին ներս մտնել, իհարկե, հաջողվեց, իսկ մեր լրագրողին ոստիկաններից մեկն անգամ դրսում սկսեց արգելել տեսանկարահանումը: Պատճառաբանությունն ավելի քան անհեթեթ էր. «Ասում են՝ հավատարմագրված չեք»:
Հ.Գ. Մենք պատրաստակամ ենք հավասարապես լուսաբանել նախագահական քարոզարշավը, բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանում կան արտոնյալ եւ ոչ ցանկալի լրատվամիջոցներ: Ուզեն, թե չուզեն, դուրները գա, թե չգա Yerkir.am-ը եղել է եւ լինելու է: Ավելին` Երեւանի մամուլի ակումբին եւ հատկապես` նրա ղեկավար Բորիս Նավասարդյանին առ ի տեղեկություն հայտնում եւ առաջարկում ենք զեկույց գրելուց հիշել, որ Yerkir.am-ի լրագրողին խոչընդոտել են իր մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Հ.Գ 1. Սա էլ Yerkir.am-ի` մեծ դժվարությամբ արած տեսանյութը, թե ինչպես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրա աներձագը` ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, եւ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, իրար հերթ չտալով, փորձում են նախագահի ձեռքը սեղմել: