«Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում» բունտ է հասունանում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ծերատան երկարամյա տնօրեն Վահան Զուրաբյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Բացի այդ, ծերերին է հասել նաեւ ծերատների միավորման աղմկահարույց լուրը։
Բանն այն է, որ Կառավարությունը գաղտնի ձևով ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման խայտառակ մի նախագիծ, որով «Երեվանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ը եւ «Նորքի տուն-ինտերնատ»-ը միացվում են իրար։
«Նորքի ծերատունը փակում են, ծերերին այստեղ-այնտեղ են տանում։ Այս ծերանոցը ռեզին չի, որ բոլորին բերեն մտցնեն այստեղ։ Նորքի ծերանոցն էլ ուզում են վաճառել։ Ի՞նչ իրավունքով են պետական հիմնարկը վաճառում, աշխատողներին թողնում անաշխատանք։ Չենք հասկանում՝ էս ի՜նչ է կատարվում այլ մարդ։ Շուտով նոր ընտրություններ է լինելու, իզուր ոչ մի թեկնածու թող մեզ չդիմի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ծերատան բնակչուհիներից մեկը։
Արդեն նախկին տնօրեն Զուրաբյանի՝ աշխատանքից ազատված լինելու լուրը ծերերը շատ ծանր են տանում։ Վերջինիս մասին բոլորը միաբերան դրական են արտահայտվում։ Շեշտում են՝ կորոնավիրուսի ամենապիկ շրջանում տնօրենի հետ «մահացել-վերակենդանացել» են, ասում են՝ մինչեւ վերջ պայքարելու են, հացադուլ են անելու։
«Ղարաբաղը հանձնեցին, ժողովրդին կոտորեցին, 5000 զոհ տվեցին, անհայտ կորածները, ամեն ինչից պրծան, եկան կպան էս ծերերին, անցան այստեղի տնօրենին։ Եթե մեր տնօրենը գնաց, ամբողջ անձնակազմը հրաժարվելու է աշխատել։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կկատարվի ծերերի հետ։ Բուժկետի անձնակազմը հրաժարական է տալիս, դուրս գա։ Մենք Զուրաբյանի երեխեքն ենք, հասկանու՞մ եք»,-իր վրդովմունքն է հայտնում մեկ այլ բնակիչ։
Մեկ ուրիշն էլ ասում է՝ ծերանոցի դռները փակելու են, հաց չենք վերցնելու, հացադուլ են անելու, եթե տնօրենին չվերականգնեն․ «Մեր տնօրենին ենք ուզում։ Նա ամեն ինչ կարգավորել է։ Ոչ ոք չի բողոքել։ Ինչի՞ համար են հանում»։
Զրուցել ենք նաեւ ծերատան նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հետ։ Ասաց՝ մեկ օր առաջ է իմացել, որ հաջորդ օրն իր աշխատանքային վերջին օրն է։ Աշխատակազմի ղեկավարը եկել՝ ծանոթացրել նոր տնօրենի հետ, բանավոր փոխանցել նախարար Մեսրոպ Առաքելյանի գոհունակության խոսքերը․ «Նախարարը Ձեզնից գոհ ու շնորհակալ է»։
Մանրամասները դիտե'ք տեսանյութում։