կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-18 13:50
Հասարակություն

Հայաստանում կլանային իշխանություն այլեւս չկա

Հայաստանում կլանային իշխանություն այլեւս չկա

Այսօր լրագրողների հետ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը խոսել է ներքաղաքական զարգացումների ու ընդդիմության անելիքների մասին:

 

Ամփոփելով գործող վարչախմբի 16 տարվա գործունեությունը` նա ցավով նշեց, որ այն շատ անփառունակ է բոլոր առումներով: Արտաքին քաղաքականությունը վերջնական հանգրվանին հասավ սեպտեմբերի 3-ին` Սերժ Սարգասյանի հայտարարությամբ: «Ոչ անհայտ Վարդան Օսկանյանի արտաքին քաղաքական ուղեգիծը՝ կոմպլեմենտարիզմը, որն ուղղված էր երկու բևեռների հետ համագործակցելուն, խաղեր էին, ցավոք: Ինչպես ասում են՝ մկան վազքը մինչև մառանն է, այդպես էլ ստացվեց սեպտեմբերի 3-ին»,- ասաց Պետրոս Մակեյանը:

 

Նրա համոզմամբ` իշխանությունները երկիրը հասցրեցին երկու հզոր ուժային կենտրոնների բախման կիզակետին՝ հայտնի և անհայտ բոլոր դժվարություններով ու չարիքներով: Մակեյանի խոսքով` սեպտեմբերի 3-ը նաև մի բան ի ցույց դրեց` եթե 2008 թ. կլանային իշխանություն էր երկրում, ապա սեպտեմբերի 3-ին ակնհայտ դարձավ, որ այդ կլանն այլևս մեկ անձի իշխանության է վերածվել: Ժողովուրդը նրանց համար արդեն վաղուց խաղից դուրս է, ձևական բաներ չեղան, հայտարարվեց, որ չորս տարի բանակցել ենք ԵՄ հետ՝ ասոցացման ուղղությամբ, հիմա գնում ենք ՄՄ:

 

Ընդդիմադիր քաղաքական գործչի համոզմամբ` տնտեսության մեջ ամեն ինչ հանձնված է օլիգարխներին, և եթե ինչ-որ օազիսներ են մնացել օլիգարխիայի ուշադրությունից դուրս, դա միայն առերևույթ վիճակ է, որովհետև ցանկացած դեպքում այդ ամենը անտեսանելի ձևով վերահսկվում է:

 

«Նորմալ երկրում վարչապետը վաղուց օֆշորային սկանդալից հետո գոնե պիտի հրաժարական տար: Նրա այս վեց տարվա «բարեփոխումների» արդյունքում այսօր ժողովուրդը չորս միլիարդից ավելի արտաքին պարտք է կուտակել: Այս պայմաններում ժողովրդավարության, ընտրական համակարգի մասին խոսել ավելորդ է: Հոտով բերում են տեղամասեր, պարտադրում ընտրություն, իսկ եվրոպացիները, այդ ամենը քաջ իմանալով, անընդհատ արձանագրում են քայլ առաջ»,- ասաց նա:

 

«Ի՞նչ անել» հարցին Պետրոս Մակեյանը պատասխանեց, որ քաղաքական ընդդիմությունը պետք է փոխի իր գործելաոճը: Մասնավորապես` Հայաստանում մնացած քաղաքական ուժերը պետք է արձանագրեն բոլոր երևույթները, իրերը կոչեն իրենց անուններով, ապա ժողովրդին դուրս բերեն փողոց, բայց ոչ թե նախկին գործելաոճով, այլ լրիվ նոր մոդելով: