կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 18:00
Հասարակություն

Լակեյների ժամանակը

Լակեյների ժամանակը

Երևի անխուսափելիորեն պիտի գային այնպիսի ժամանակներ, որ հնագույն մասնագիտությունը նույնանար համեմատաբար նոր ժամանակների երևույթ համարվող լրագրության հետ: Այսօր մենք կարող ենք առանց որևէ տատանումի արձանագրել' պոռնկությունն ու պոռնոգրաֆիան գրոհում են ժուռնալիստիկայի բնագավառը:

 

Բայց նախ` «Երկիր»  թերթի կյանքով անցած մի փոքրիկ պատմություն: Ժամանակին մի հիմար թերթ էր լույս տեսնում' «Ազատամտություն» վերնագրով, որի գլխավոր խմբագիրը, մեծուփոքր չհարցնելով, հարձակվում էր բոլորի վրա' Գալուստ Սահակյանից բռնած, ամենավերջին ընդդիմադիրով ու լրագրողներով վերջացրած: Սերժ Սարգսյանին դրոշ էր սարքել ու քլնգում էր բոլորին: Երբ այս տխրահռչակ խմբագիրը մեր կին լրագրողների մասին գրեց, որ նրանք բարոյականության դեֆիցիտ ունեն, «Երկիրն» իր հոդվածներից մեկում նրան անվանեց  «տղամարդ բոզ»: Ներողություն ենք խնդրում մեր այս բացախոսության համար, բայց առավել ճիշտ բնութագրիչ այն ժամանակ չգտանք: Ինչևէ, այդ թերթը այլևս չկա, իսկ նրա այն ժամանակվա գլխավոր խմբագիրն այս օրերին գուցե զբաղված է առավել հանրօգուտ աշխատանքով:

 

Ինչո՞ւ հիշեցինք այս պատմությունը: Ցանկանում ենք այս փոքրիկ պատմությունից երկու ընդհանրացում անել: Առաջին` եթե նախկինում միայն Սերժ Սարգսյանն ուներ իրեն սատարող «անձնական» լրատվամիջոց` ի դեմս  «Ազատամտության», ապա այսօր մեզանում շատ պաշտոնյաներ սեփական լրատվամիջոցներ և լրագրող-լրագրողուհիներ ունեն, որոնք բացահայտ կամ ծածուկ զբաղված են` տվյալ պաշտոնյայի PR-ն առաջ տանելով: Եվ երկրորդ` առանձին պաշտոնյաների սեփական լրագրող-լրագրողուհիները արդեն համը հանում են և ժուռնալիստիկան իրենց մասով վերածում պոռնոգրաֆիայի, անբարոյական մի բանի, որի մասին չխոսել այլևս հնարավոր չէ:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ամենամեծ ցանկության դեպքում էլ պատահական հայտարարություններ անող մարդ չես համարի: Նաև չես կարող նրան մեղադրել լրատվամիջոցների հետ դժգույն աշխատելու մեջ: Բայց նույնիսկ Հովիկ Աբրահամյանն է բարձրաձայնում մի երևույթի մասին, որը, թվում էր, պիտի վրիպեր նրա աչքից: Մարդը պարզորոշ նկատել է` կան լրագրողներ, որոնք, մեղմ ասած, իրենց գործով չեն զբաղված: Հովիկ Աբրահամյանը, ըստ մեզ, մի բան էլ մեղմ է արտահայտվել: Մենք կասեինք` որոշ լրագրողներ մեզանում լակեյություն են անում' լրագրությունն իջեցնելով պոռնկագրության մակարդակի:

 

Բոլորին է հայտնի, թե  «Երկիր»-ն ու Yerkir.am-ը ինչպիսի վերաբերմունք ունեն Հայոց բանակի և ոստիկանության նկատմամբ: Բոլորին է հայտնի, թե մեր լրատվամիջոցը քանի անգամ է հանդես եկել բանակի և ոստիկանության պատիվն արատավորող զանազան հրապարակումների դեմ, գնահատական տվել այդ ամենին, դրանք համարել երկրի հիմքերը խարխլող ուժերի գործ: Բայց, արի ու տես, որ այսօր հրապարակ են նետվել առանձին «լրատվամիջոցներ» ու «լրագրողներ», ովքեր փորձում են հայրենի ոստիկանության ղեկավարներին պաշտպանել Yerkir.am-ից ու նրա խմբագրից:

 

Դուք Slaq.am-ի խմբագիր և վերլուծաբան Մենուա Հարությունյանի խելքին աշեցեք, որ ֆեյսբուքյան իր ծակից մուննաթ է գալիս մեզ վրա, որ չենք կարողանում ներել ոստիկանապետին և նրա տեղակալ Երանոսյանին նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք պատահածի համար ներողություն են խնդրել Yerkir.am-ի լրագրողուհուց: Տղա' ջան, մենք, ի դեպ, ոստիկանապետ Գասպարյանին և նրա տեղակալ Երանոսյանին քեզնից վատ չենք ճանաչում, և մեր կապերն էլ, ի տարբերություն քո կապերի, ուղղահայաց չեն: Սա մեկ: Եվ ապա` դու ո՞վ ես, որ քսմսվում ես այդ մարդկանց ու քո ներկայությամբ մրոտում նրանց: Երանոսյանի մարմնի ասկոլկաներից ես խոսում, Գասպարյանի նուրբ բնավորությունից ու մեղմությունից: Մեզ էլ խրատում ես առավել հանդուրժող լինել: Երևի նույնիսկ Եվրոպայում ես եղել ու չես հիշում մի դեպք, որ եվրոպական երկրի ոստիկանությունը կամ ոստիկանապետը ներողություն խնդրի լրագրողից: Ճիշտն ասած` մենք էլ նման դեպք չենք հիշում: Գիտենք միայն, որ Եվրոպայում ոստիկանապետը նման դեպքերում հրաժարական է տալիս ու ամեն ինչ դրանով վերջանում է: Էլ ինչ ներողություն, ինչ բան: Տղա' ջան, դու հիմա խառնվել ես մեր ու ոստիկանության խորաթային, «մտել» ես Գասպարյանին ու Երանոսյանին, որ ի՞նչ անես:

 

Մեկն էլ ճիշտ սրա նման, իհարկե` «ֆեյք», որին լավ ենք ճանաչում, Երանոսյանի մարմնի ասկոլկաներն է Yerkir.am-ի խմբագրի երեսով տալիս' բա կարելի՞ է նման մարդուն նեղացնել, քո քաշով մեկ ասկոլկա կա մարմնի մեջ: Այսինքն` ի՞նչ, ասկոլկան իրավունք է տալիս բռի լինել, թիկնապահներով շրջել, իսկ հետո մի թուղթ ուղարկել խմբագրություն, որ հարցը քննե՞լ են: Սա ի՞նչ բան է, հայրենի պոռնոգրաֆիստներ: Ասկոլկայի թեմա՞ է պետք, խնդրեմ, գրեք Պռոշյանի Հրաչի մասին: Սպանեցին հերոսին ու տուտը գտնող չկա: Բա հարց տվեք Վլադիմիր Գասպարյանին և Լևոն Երանոսյանին' ինչո՞ւ է այս աշխարհը այսպես ծուռ:

 

Կհարցնե՞ք, իհարկե` ոչ: Չէ որ դա ձեզ չի հետաքրքրում, որովհետև մեջը փող չկա, իսկ թե ինչ ամուր թելերով եք կապված որոշ պաշտոնյաների հետ, ինչպես եք մեկի գրկից թռնում մյուսի գիրկը և մոռանում օր առաջ ունեցած պայմանավորվածությունները, մենք շատ լավ գիտենք` անգիրի պես: Եվ պետք չէ շանտաժով խոսել: Ձեր կենսագրությամբ պետք է իմացած լինեիք,  որ շանտաժիստկաների կյանքը երկար չէ, և մախաթը պարկում պահել չի լինում: Մինչ օրս, եթե լռել ենք, լռել ենք միմիայն մեզ հարգելու պատճառով: Չենք ուզեցել խառնվել «առքուվաճառքի» գործարքներին, որովհետև, ի տարբերություն ձեզ, առևտուրը մեր փեշակը չէ:

 

Անկեղծորեն ցավում ենք Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի համար, որ նրանց այս  լակեյներին են պաշտպանում: Բայց ուզում ենք նաև նրանց վստահեցնել, որ մեր խնդիրներն իրենց հետ ինքներս ենք լուծելու` նորմալ, մարդկային երկխոսությամբ, առանց ականջ կախելու զանազան մենուահարությունյանների ու «ֆեյք» պոռնոլրագրողուհու ասածներին: Ի դեպ, պարո'ն Գասպարյան, ժամանակը չէ՞ Երևանի փողոցները պոռնիկներից մաքրելու հետ նաև լրագրության ասպարեզը նմաններից մաքրել: Կարելի է փորձել, որովհետև, ինչպես Դուք եք ասում, դեմից ուրիշ բան են խոսում, ծռմռվում, հաճոյանում, իսկ լափը ստանալուց հետո հետևից հայհոյում են:


Yerkir.am