կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 16:20
Մշակույթ

Հայկական քանդակներ` Պուտինի համար

Հայկական քանդակներ` Պուտինի համար

«Երբ ինձ ասում են՝ Ներսե'ս, ի՞նչ գործ ունես Ռուսաստանում, այստեղ մնա, աշխատիր, պատասխանում եմ՝ ապրել է պետք»,- ասում է քանդակագործ, մոնումենտալ դրվագող Ներսես Չարխչյանը, ով տարվա որոշ ամիսներ ստիպված է լինում անցկացնել արտերկրում:

 

Թերևս քչերը գիտեն, որ Հայաստանում միակ քանդակագործը, ով զբաղվում է նաեւ դրվագումով, Ներսես Չարխչյանն է: ԽՍՀՄ փլուզումից հետո վարպետը պետական պատվերներ գրեթե չի ստացել, փոխարենը՝ մասնավոր պատվերների պակաս չունի: Շատ պաշտոնյաներ պատվավոր նվեր ընտրելիս օգտվում են հենց Ներսես Չարխչյանի հավաքածուից, երբեմն էլ իրենք են պատվերներ տալիս: Վարպետի գործերով, սակայն, միայն Հայաստանում չէ, որ հետաքրքրվում են:

 

Վիլնյուսի պատվավոր քաղաքացու քանդակները տեղադրվել են նույն քաղաքում, Ուլյանովսկում, Տոլյատիում, Սևաստոպոլում եւ այլ վայրերում, նրա աշխատանքներով հետաքրքրվում են արտերկրի պաշտոնյաներ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ հայ քանդակագործը 2004-ին կատարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվերը, թեև բավականին ուշ են իմացել քանդակների հեղինակը՝ Յուրա Պետրոսյանը, եւ դրվագողը՝ Ներսես Չարխչյանը. երբ արձաններն արդեն հասել են Ռուսաստան, նրանք անձամբ Պուտինի ստորագրությամբ շնորհակալական նամակ են ստացել, նոր միայն գլխի ընկնելով՝ ով է արձանների իրական պատվիրատուն:

 

«Մինչ այդ մենք գիտեինք միայն, որ քանդակները տեղադրվելու են կառավարական հանգստավայրում: Հիմա հստակ չենք կարող ասել՝ դրանք որ քաղաքում են, ենթադրում եմ, որ կա'մ Պյատիգորսկում, կա'մ Սևաստոպոլում են»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Ներսես Չարխչյանը:

 

Հայազգի վարպետները կառավարական հանգստավայրի համար երկու արձան են պատրաստել: Յուրա Պետրոսյանը գիպսից քանդակել է շուրջ երեք մետրանոց արձաններ՝ մեկը շեփորահար տղա է՝ նստած դելֆինի վրա, մյուսը՝ ջրահարս: Իսկ արձանների դրվագումը եւ դրանք մետաղի վերածումն էլ կատարել է Ներսես Չարխչյանը:

 

«Արձանները պղնձից են, հատուկ եմ այդպես արել, որպեսզի քաշը թեթև լինի եւ ինքնաթիռով հնարավոր լինի տեղափոխել Ռուսաստան»,- պարզաբանեց վարպետը:

 

Այս պատմության մեջ, թերևս, ամենահետաքրքրականն այն է, թե ինչո՞ւ Պուտինը, հսկայական Ռուսաստանը թողած, դիմեց հենց հայ վարպետներին: Ներսես Չարխչյանն ունի այս հարցի պատասխանը: Նրա խոսքով` յոթ տարի առաջ իրեն հրավիրել էին Մոսկվա՝  Եկատերինա Երկրորդի, Սուվորովի, Պյոտր Առաջինի եւ Պուտինի բարելիեֆների վրա աշխատելու: Զուրաբ Ծերեթելու քանդակի կոմբինատի դրվագման բաժնի վարիչը՝ Բախվան, տեսնելով վարպետի գործերը, ապշում է եւ առաջարկում հնգապատիկ ավելի վճարել, միայն թե նա մնա եւ աշխատի Ռուսաստանում՝ իրենց կոմբինատում:

 

«Այդ ժամանակ հարցրի, ասացի՝ բայց չէ՞ որ սովետական տարիներին դուք 38 դրվագող ունեիք, ո՞ւր են նրանք: Բախվան պատասխանեց, որ նրանցից 3-4 հոգի են մնացել, որոնք նույնքան պրոֆեսիոնալ չեն, որքան ես, եւ բացի այդ՝ սեր ունեն խմելու հետ. նրանց վրա հույս դնելու չէ»,- պատմում է Ներսես Չարխչյանը:

 

Իսկ, ընդհանրապես, նա այն կարծիքին է, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, և բոլորովին էական չէ, թե ով է ստեղծագործության հասցեատերը: Կարևորը գեղեցիկն է ու մնայունը:

 

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ