կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 17:10
Առանց Կատեգորիա

Պուտինասիրություն. պետական շահի նոր առանցքը

Պուտինասիրություն. պետական շահի նոր առանցքը

Երբ 2008-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում այցելեց Հայաստան, Երևանում նրան դիմավորեցին պահանջատիրական շեշտադրումներով բողոքի ակցիաներով: Թեեւ Գյուլի անվտանգության ապահովման նկատառումներով այդ ակցիաները ևս ուղեկցվում էին ոստիկանական ջոկատների կողմից, սակայն դրանք չափազանց լոյալ ու ըմբռնող էին թե' ակցիաների և թե' դրանց մասնակիցների նկատմամբ. բռունցքների, մահակների, ոտքով հարվածների, հայհոյանքների ու պարզապես լպիրշ, խուլիգաններին հատուկ վարքագիծ դրսևորելու կարիք այն ժամանակ ո'չ ոստիկանությունը, ո'չ էլ իշխանությունները չէին զգում: Դա ոչ թե սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ խորագույն հարգանքից էր գալիս, այլ պարզապես Հայաստանի նորընտիր նախագահին անհրաժեշտ էր աշխարհին ցույց տալ, թե հասարակական ինչպիսի ընդվզում ու դիմադրություն է ստիպված հաղթահարել` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, դրանով հանդերձ իր լեգիտիմության ճգնաժամի հաղթահարմանը դիվիդենդներ բերելու համար:

 

ՌԴ նախագահի, այսպես կոչված, պետական այցը ևս ուղեկցվեց ակցիաներով, թեև բովանդակությունն ու դժգոհության պատճառները բոլորովին այլ էին: Դրա մասնակիցները դուրս էին եկել փողոց` անձամբ ՌԴ նախագահին ցուցադրելու Հայաստանը գաղութացնելու` նրա քաղաքականության անընդունելիությունը, և ամենակարևորը, որ Հայաստանի հասարակությունը կամ գոնե դրա մի մասն իր վրա է կրում պետականատիրության պատասխանատվությունը և ունի ինքնիշխան երկրի քաղաքացու բավարար արժանապատվություն: Այդ օրը Երևանի կենտրոնում հավաքվել էին ոչ թե պարզապես Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությանը հիմնավորված կամ չհիմնավորված դեմ հանդես եկողները, այլ Հայաստանի ինքնիշխանության արժեքը և դրա կորստի վտանգը բնազդորեն զգացող քաղաքացիները: Իշխանությունը, սակայն, այս անգամ նույնչափ հանդուրժող չգտնվեց` որոշելով սեփական երկրի ինքնիշխանության ու տարրական արժանապատվության համար փողոց դուրս եկած մարդկանց, դրոշ պարզած երիտասարդների քաղաքացիական ինքնաբուխ ակցիաները, բառի բուն իմաստով, տրորել ոստիկանական «բատինկաներով»: Այդ օրը Երևանի փողոցներից բերման ենթարկվեց հարյուրից ավելի քաղաքացի` ըստ էության, ընդամենը պետության արժանապատիվ քաղաքացու կեցվածք դրսևորելու համարձակություն ցուցաբերելու համար:

 

Համենայն դեպս, վերջին` առնվազն 4-5 տարվա կտրվածքով ոստիկանությունն իր գործողություններում դեռևս նման դաժանություն, ցինիզմ չէր դրսևորել: Եվ դրա հիմնական պատճառը ոչ այնքան բուն իշխանություններից կամ նախագահ Սերժ Սարգսյանից հանրային դժգոհությունն էր, որքան այն, որ անկախության ու ինքնուրույնության վերաբերյալ իշխանության պատկերացումները տրամագծորեն տարբերվում են հասարակական ընկալումներից ու պատկերացումներից: Փաստորեն, պարզվեց երկու բան: Նախ` որ Սերժ Սարգսյանը շատ ավելի հանդուրժող է սեփական իշխանության նկատմամբ հասարակական դժգոհության, դիմադրության, քննադատության հանդեպ, քան Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի: Երկրորդ` որ հավաքների ու ազատությունների քաղաքացիական իրավունքը լինում է երկու տեսակի` իշխանության շահերից բխող-հանդուրժելի և չբխող-անհանդուրժելի` դրա ամենադաժան հետևանքներով: Մինչդեռ տրամաբանորեն թվում էր, թե այդ ակցիաները նույնիսկ պետք է` եթե ոչ բացորոշ, ապա գոնե թաքուն խրախուսվեին իշխանության կողմից: Պարզ է, որ խեղճուկրակության հասցված երկրի խեղճուկրակ իշխանությունը հզոր Ռուսաստանի և Պուտինի կամակորություններին հակադրվելու մեծ ռեսուրս չունի, որին գումարվում է նաև անսահման ռուսասիրությունից կամ պուտինասիրությունից սնվող ստորաքարշությունը: Նման իշխանության համար հասարակական այլընտրանքային կարծիքը, նման ակցիաները մնում են իրենց նկատմամբ վարվող նվաստացուցիչ կամ պետական շահերին հակադրվող քաղաքականության անընդունելիությունը ցուցադրելու ամենագործնական միջոցը: Օրինակ` վիլնյուսյան գագաթաժողովի նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ցանկանալով աշխարհին ցույց տալ, որ իսկապես Ռուսաստանի ճնշումներին չդիմանալու պատճառով է հրաժարվել ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորոգրելուց, անձամբ ծափահարեց Մայդանում հզոր հանրահավաքի մասնակիցներին և նրանց քաջալերանքի խոսքեր հղեց: Կամ` 2001-2002թթ. ԼՂ քիուեսթյան բանակցությունների շրջանում, երբ բանակցող կողմերի նկատմամբ միջնորդների ճնշումները չափազանց ուժեղ էին, ու դեռ օրակարգում էր Մեղրիի միջանցքի թեման, նախագահականի ներքին ցուցումով ԱԺ քաղաքական ուժերն ընդունեցին բանակցություններում հայկական կողմից հնարավոր զիջումների սահմաններն ընդգծող համատեղ հայտարարություն, որով հստակ շեշտվում էր ողջ հասարակության և քաղաքական համակարգի համընդհանուր, միասնական կեցվածքը ԼՂ հիմնախնդրի լուծման տեսլականի կապակցությամբ: Այսինքն` այն, ինչ իշխանությունն ինքը անել չէր կարող, արեց քաղաքական ուժերի ձեռքով: Բայց այս տեխնոլոգիան կիրառելու համար նախ` ցանկություն է անհրաժեշտ, երկրորդ` սեփականը օտարի պետական շահից, ինքնահարգանքը ինքնանվաստացումից տարանջատող սահմանագծի հստակեցում: Օրինակ` նախ պետք է հասկանալ` ռազմավարական գործընկեր երկրի նախագահի կողմից Հայաստան այցելության նախօրեին թշնամի երկրին վաճառված հարձակողական զինտեխնիկայի հերթական խմբաքանակն ուղարկելու նկատմամբ անտարբեր ձևանալը քո՞ պետական շահին է ծառայում, թե՞, ասենք, Ռուսաստանի բիզնես շահերին: Կամ` սեփական գազաէներգետիկ ոլորտի վերջին պատառիկները պարտքի դիմաց գաղտագողի «Գազպրոմին» հանձնելու, ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու պահանջները, միջազգային չափանիշներով ամենաբարձր տոկոսադրույքով վարկ տրամադրելը, Հայաստանի անվտանգության ապահովման և պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանին օգնելու հնարավորության մասին հարցի պատասխանից համառորեն խուսափելը որքանո՞վ է համապատասխանում ստրատեգիական գործընկերության չափանիշներին: Եթե մարդիկ համոզված են, որ սրանք հենց այն են, ինչ կարելի է ակնկալել ռազմավարական գործընկերոջից, պարզ է, որ նրանց ոչ միայն արժանապատվության, ինքնիշխանության մասին մյուս բոլոր պատկերացումները պետք է խորթ լինեն, այլև պետք է նետվեն ոստիկանական «մեքենայի անիվների» տակ: Ի վերջո, հո չե՞ն կարող, ամենակարևոր արժեքների համար պայքարելու ոգին, արտաքին մարտահրավերներին դիմակայելու հանրային իմունիտետը հանդուրժելով, թույլ տալ, որ Հանրապետության հրապարակը մի օր վերածվի նոր Եվրամայդանի:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ