կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 10:56
Հասարակություն

Վերընթերցել Ռուբենին՝ պետական շահի բացակայության ախտանշանի պայմաններում

Վերընթերցել Ռուբենին՝ պետական շահի բացակայության ախտանշանի պայմաններում

Ռուբենի թոռնուհի պատմաբան Թալին Տեր-Մինասյանն այս հարցազրույցում մեզ ներկայացրեց այն պատճառները, որոնք դրդեցին նրան աշխատել «Անկախության մարտահրավերը. Հայաստան. 1919-1920» ֆրանսերեն գրքի հրատարակության վրա եւ թե ինչու ներկա իրավիճակում այս վկայությունն ունի անանց սրություն:

Տիգրան Եկավյան

Ֆրանս-Արմենի. – Ինչպե՞ս ծնվեց այս գիրքը: Սա Ռուբենի հուշերի 7-րդ հատորի ամբողջակա՞ն թարգմանությունն է:

Թալին Տեր-Մինասյան. – Ինչպես բացատրված է թարգմանչի առաջաբանում, Հայ հեղափոխականի Հուշերի 7-րդ հատորը, որը Thadde՛e հրատարակչությունը պատրաստվում է վերահրատարակել ֆրանսերեն լեզվով, կազմված է տարբեր կտորներից, որոնց թվում կա մի երկար «զեկույց»՝ «Հայաստանի Հանրապետություն» վերնագրով (մենք իրականում հստակ չգիտենք, թե ինչ նպատակով է գրվել այս տեքստը մի քանի դպրոցական տետրերում եւ ուղարկվել Հուշերի հրատարակչին՝ Ռուբենի անսպասելի մահից հետո, 1951-ին):

Այս գիրքն, ուրեմն, 7-րդ հատորի երրորդ մասի թարգմանությունն է՝ 200 տպագիր էջից փոքր-ինչ ավելի: Խմբագիրը ցանկացել է հատվածներ ավելացնել նաեւ Ռուբենի մի գործակցի՝ Սասունցի Մուշեղի հուշերից (ըստ 1952 թվականին Բեյրութում բանավոր արված պատմության), ինչպեսեւ՝  ՀՅԴ-ի մասին Ռուբենի մի տեքստի թարգմանությունը (1935):

Իմ գրած առաջաբանից բացի, հատորում տեղ են գտել նաեւ Անահիտ Տեր-Մինասյանի հոդվածը՝ նվիրված Ռուբենի կերպարին, որպես հեղափոխականի եւ պետական գործչի, եւ Ռոբերտ Իլբերի վերջաբանը, որի «Ռուբեն՝ ձախողված հերոսը» վերնագրի պատասխանատվությունը ես  հանձն եմ առնում:

– Գիրքը թարգմանել է ձեր հորեղբայր Վայքը 1989 թվականին: Ինչո՞ւ հարկ եղավ սպասել այսքան ժամանակ՝ այն հրատարակելու համար Ղարաբաղյան երկրորդ պատերազմի շրջանում:

– Այդ ամենը հանգամանքների խնդիր էր: Ես Ղարաբաղյան երկրորդ պատերազմին (2020 թվականի սեպտեմբերի 27-նոյեմբերի 10) չեմ սպասել՝ այս թարգմանությամբ հետաքրքրվելու համար, որի վրա արդեն մի քանի տարի  է, ինչ հանձնարարում եմ աշխատել INALCO-ի (Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Փարիզ) իմ ուսանողներին:

Դուք ճիշտ եք. այս թարգմանությունը պատրաստել է իմ հորեղբայր Վայք Տեր-Մինասյանը՝ «Հուշերից» հատվածների թարգմանության հետ միաժամանակ, որոնք հրատարակեց Editions de l՛Aube-ը 1990 թվականին: Դա Ղարաբաղ կոմիտեի ղեկավարած մեծ շարժման, «1988 թ. հեղափոխության» եւ  «առաջին» Ղարաբաղյան պատերազմի (1988-1994 թթ.) շրջանում էր: Ոչ ոք չգիտեր, թե ինչ ելք պիտի ունենային այդ իրադարձությունները. ԽՍՀՄ փլուզում, հայության հաղթանակ 1994-ին, այս ամենը հետո եղան: Հորեղբայրս եւ ծնողներս այն կարծիքին էին, թե ես կրկնում եմ՝ 1989-ին արվածը, թե «ժամանակը» չէր տպագրելու  այս տեքստը, որի որոշ հատվածներ կարող էին ի չարս շահարկվել: Ավելացնեմ, որ սա հավանաբար ներքին զեկույց է եղել՝ նախատեսված Դաշնակցության համար, եւ նույն համը չունի ինչ երիտասարդ հեղափոխական Ռուբենի էրգրի մասին հուշերը: Գուցե սա նաեւ խմբագրական որոշում է եղել, սակայն գլխավորապես եղել է քաղաքական որոշում՝ տարբեր հանգամանքներով թելադրված : Իմ հորեղբայր Վայքը մահացել է 1990 թվականին եւ չի տեսել Հայաստանի անկախությունը: Բայց, հետեւելով 1988-1989 թվականների իրադարձություններին, նա գրել է, որ Ռուբենի գիրքը «ամբողջությամբ նկարագրում է սկիզբը մի իրավիճակի, որի արդյունքը կարող է միայն բռնությունը լինել»: Ցավոք, այս կանխատեսումը հերքել հնարավոր չէ…

– Ինչպես  նշել է հրատարակիչը կազմի վերջին երեսին, այս  գիրքը ձեր պապի կատարած՝ Հայաստանի «հայացման» վերաբերյալ, մեզ անծանոթ մի լուսաբանում է առաջարկում՝ ֆրանսերեն լեզվով,: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

 – Դա, իհարկե, շատ կարեւոր խնդիր է: Ի դեպ, պետք է հստակեցնել, որ  Ռուբենի նկարագրածը վերաբերում է նրա ասած «Արարատյա՛ն Հայաստանի» «հայացմանը», ի տարբերություն էրգրի (Անատոլիական Հայաստանի), որ դատարկվել էր իր հայ բնակչությունից 1915 թվականի Ցեղասպանության հետեւանքով: Ինչպե՞ս անկախ Հայաստանի այդ փոքր տարածքը դարձավ էթնիկապես միատարր: Անշուշտ՝ Ցեղասպանության տասնյակ հազարավոր փախստականների Արարատյան դաշտավայր հոսքի շնորհիվ, բայց նաեւ ՀՅԴ «գրասենյակի բռնապետության» իրականացրած ազգայնացման քաղաքականության շնորհիվ, որի շարժառիթը երբեք չի եղել ռասիզմը, այլ միմիայն պետական շահը: Դաշնակ հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերը վիթխարի էր. անհրաժեշտ էր կենսունակ դարձնել մի անկախ պետություն, որը ո՛չ նախատեսված էր, ո՛չ էլ ցանկալի, եւ ժողովրդին  բնակեցնել կենսունակ սահմաններով մի տարածքում: Այսօրվա տարածքային բոլոր խնդիրները, սահմանների հարցերը, առկա էին նաեւ այդ ժամանակաշրջանում: Իսկ երբ Ռուբենը հրաման էր տալիս գործել թաթար բնակչության դեմ, ապա, դարձյալ, դա ազգային ատելությունից չէր բխում, այլ հանուն պետական շահի: Ինքն անձամբ նշել է, որ այդ բնակչությունը հրաժարվել էր ճանաչել Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ, իհարկե, համագործակցում էր արտաքին ու ներքին թշնամու հետ: 1919-1920 թվականների սպառնալիքը՝ քեմալական շարժման սկզբներին գտնվող Թուրքիայի եւ նորանկախ Ադրբեջանի դաշինքն էր:

– Դուք չե՞ք վախենում, որ թուրք-ադրբեջանական լոբբիիները կարող են շահարկել այս գիրքը՝  խաթարելու համար  Հայ դատի պաշտպանների աշխատանքը:

– Ես երկար եմ մտածել այս գիրքը հրատարակելու պատեհության շուրջ: Նախ, ես մասնագիտությամբ պատմաբան եմ, ինձ հետաքրքրում են աղբյուրները, եւ ես ինձ պարտավորված եմ համարում արձանագրել դրանք, երբ վերջիններս էականորեն լուսաբանում են քիչ հայտնի կամ վատ հասկացված մի ժամանակաշրջան: Մի քանի տարի առաջ այս տեքստը հրապարակելու մասին զրուցեցի մորս հետ, եւ կարող եմ ասել, որ նա ինձ հանձնարարեց այս գործը: Երբ ծնողներիս բնակարանից տեղափոխում ու դասավորում էի գրքերի եւ փաստաթղթերի արկղերը, Վայքի աշխատանքը ձեռքս ընկավ՝  մաքրագիր, գրեթե պատրաստ հրատարակության: Այդ ընթացքում սկսվեց պատերազմը: Փաշինյանի Հայաստանը պարտություն կրեց ու մտավ ճգնաժամային փուլ:  Իմ կարծիքով, այս պարտությունը, ինչպես գրել եմ France Arme՛nie-ում, հենց պետական շահի բացակայության հիվանդության ախտանիշն է: Ձեր ասած Հայ դատի պաշտպաններն արդյո՞ք բավական չափով հետամուտ են եղել դրան: Ինձ թվում է, որ երբ պետություն ես ժառանգում, ինչը հայերի համար եղավ  XX դարի մեծ հրաշք (ինչը  չունեցան քրդերը), այն պետք է ապրեցնես: Պետք է հանձն առնել Ռուբենի գործը հանուն պետական շահի: Պետք է վերջ տալ խոսել զոհի դիրքերից եւ պետք է պնդել, որ Հայաստանն իրավունք ունի ու պարտավոր է ապրել իր ներկայիս սահմաններում: Ի դեպ, Ադրբեջանը նույնպես պետք է հասկանա, որ եթե Հայաստանն այնտեղ է, որտեղ կա այսօր, ապա դա իր դաշնակից Թուրքիայի իրականացրած էթնիկական զտման քաղաքականության արդյունքն է, որը սկսվեց Անատոլիայում (Արևմտյան Հայաստան և Փոքր Ասիա -yerkir.am) եւ ավարտվեց 1915 թվականին:

Ֆրանսերենից թարգմանեց

ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ-ԲԱԽՉԻՆՅԱՆ

Աղբյուրը՝  «Ազգ»