Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարությունում, փորձելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օգտին լրացուցիչ փաստարկներ ու հիմնավորումներ ներկայացնել, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, թե Եվրոպայում միշտ կան կենսաթոշակների հետ կապված խնդիրներ: Իսկ այն երկրներում, ուր 2-2.5 աշխատողի բաժին է հասնում 1 թոշակառու, դա արդեն անթույլատրելի է, քանի որ միայն նվազագույնը 3 աշխատող-1 թոշակառու հարաբերակցության դեպքում է սերունդների համերաշխության սկզբունքով համակարգն արդյունավետ աշխատում:
Դրա համար, փորձեց պարզաբանել նախարարը, քանի որ եվրոպական երկրները ծերացող հասարակություններ ունեն, ու այնտեղ 2-2.5 աշխատող-1 թոշակառու հարաբերակցությունն է, պետությունները հատուկ համակարգեր են ներդնում, օրինակ` բարձրացնում են հարկերի տոկոսները մինչեւ 50 տոկոս եւ այլն, որպեսզի համապատասխան միջոցներ լինեն թոշակները վճարելու համար:
Այս առումով, ըստ նախարարի, Հայաստանում, ի զարմանս ներկա լրագրողների, այսօր այդ հարաբերակցությունը ոչ թե 1:2 է, այլ 1:1: Այսինքն' մեկ աշխատողը պահում է 1 թոշակառուի:
«Հաշվի առնելով, որ բեյբի բումի սերունդն է հիմա անցնում թոշակի, հիմա թոշակառուների թիվը կտրուկ բարձրանալու է: Եթե այսպես շարունակվի, ապա մեր թոշակառուները երբեք չեն ստանալու այնպիսի թոշակներ, որոնք կբավարարեն իրենց: Պետությունը շարունակելու է երաշխավորել մինիմալ կենսաթոշակն այն մարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն աշխատել կամ քիչ են աշխատել: Հիմա գործելու է այն համակարգը, որ ամբողջ կյանքումդ ծախսած գումարի քառասուն տոկոսը պետք է կուտակես ծերության համար»,- ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:
Այստեղ ծնվում են հակասություններ ու բազմաթիվ հարցեր: Նախ, ըստ ԱՎԾ հրապարակած թվերի` Հայաստանում ոչ թե 1, այլ 3 աշխատողի է համընկնում 1 թոշակառու: Հայաստանի համար աշխատող-թոշակառու հարաբերակցության այս թիվն է նշում նաեւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Բայց, արի ու տես, որ ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ այդպես չէ, որ պետությունը, ԱՎԾ-ի ձեռամբ, մինչեւ այսօր թոզ է փչել քաղաքացիների աչքերին` պարբերաբար ստել է:
Հարց է առաջանում' իսկ ինչո՞ւ է պետությունը խաբում իր քաղաքացիներին, ինչո՞ւ է վերջին` ամենածայրահեղ պահին ընդունում, որ Հայաստանը ոչ թե պետք է հայտնվի ժողովրդագրական աղետի առջեւ, այլ այդ աղետն արդեն սկսված է' փաստի առջեւ կանգնեցնելով երկրի ամբողջ ազգաբնակչությանը, եւ ո՞վ է ներողություն խնդրելու սեփական ժողովրդին անտեղյակության մեջ պահելու եւ պարբերաբար ստելու համար:
Ամեն դեպքում' կառավարությունը պատասխան ունի տալու սեփական ժողովրդին, եթե Հայաստանի Սահմանադրության մեջ գաղտնի կամ «միամիտ» ինչ-որ բան չի փոխվել...
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Լուսանկարը` կառավարության կայքից