կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 12:41
Հասարակություն

Կենսաթոշակային միջոցները կկառավարեն ''Ամունդի'' եւ ''Սի-Քվադրատ'' ընկերությունները

Կենսաթոշակային միջոցները կկառավարեն ''Ամունդի'' եւ ''Սի-Քվադրատ'' ընկերությունները

1974 թվականից հետո ծնված քաղաքացիները, որոնց վրա տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, մինչեւ փետրվարի 20-ը պետք է ընտրած լինեն իրենց կուտակված կենսաթոշակային միջոցների կառավարչին: Այս պահի դրությամբ, ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, ակտիվների ընդամենը երկու այդպիսի կառավարիչներ են դիմել ԿԲ`  լիցենզիա ստանալու համար:

 

Երկու ընկերություններից մեկը ֆրանսիական «Ակբա-կրեդիտ-ագրիկոլ» եւ «Սոսիե դը ժենիալ» խմբերի համատեղ «Ամունդի» ակտիվների կառավարիչ ընկերությունն է, որը ֆրանսիական 1,5 տրիլիոն դոլար ակտիվներ ունի, 3A ռեյտինգ (մեր ՀՆԱ-ից 150 անգամ ավելի ակտիվներ): Երկրորդը գերմանական «Տալանքս» խմբի «Սի-Քվադրատ»  ներդրումային ընկերությունն է` «Տալանքս-ասեթ-մենեջմենթ» ընկերության հետ: Այս ընկերությունն ունի ոչ թե 3A, այլ միայն A ռեյտինգ, ընդհանուր ակտիվները շուրջ 800 միլիարդ դոլար են:

 

«Բանակցություններ են վարվել եւս 5 ընկերությունների հետ, բայց վերջնական` լիցենզիա ստանալու հայտով դիմել են հենց այս ընկերությունները: Տեխնիկական առումով այս ընկերություններն արդեն պատրաստ են աշխատանքներին, զուտ իրավական-տեխնիկայի խնդիրներ են մնացել, որոնք առաջիկայում կլուծվեն»,- այսօր լրագրողներին հայտնեց Դավիթ Սարգսյանը:

 

Իսկ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը պարզաբանեց, թե ինչու  է ընտրվել փետրվարի 20 ժամկետը: Ըստ նրա` որովհետեւ մեր վճարման ցիկլն այնպիսին է, որ հունվար ամսվա հարկային վճարումները կատարվում են մինչեւ փետրվարի 20-ը: Այսինքն` ՀՀ քաղաքացիները երեք ամիս ժամանակ ունեն` ընտրելու համար կուտակային կենսաթոշակային համակարգով իրենց կուտակած միջոցների` ակտիվների կառավարչին` մինչեւ փետրվարի 20-ը ներառյալ. արդեն հաջորդ օրվանից ակտիվները կանցնեն ճիշտ կառավարչի տնօրինությանն ու ճիշտ պորտֆելում:

 

Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի` այս երկու ընկերություններն ունեն երեքական պորտֆելներ:

 

Ինչպես նշեց Ներսես Երիցյանը, գիտությունն է ասում, որ ինչքան ընտրությունը մեծանում է, այնքան մարդկանց ապակողմնորոշումը` նույնպես, այդ պատճառով նախնական շրջանում սահմանափակվել է ընտրության հնարավորությունը:

 

«Տարին մեկ անգամ անվճար կարող են փոխել պորտֆելը եւ կառավարչին: Մի քանի տարիների ընթացքում բանակցել ենք, որ ագրեսիվ մարքեթինգ չեն կատարելու, այլ մասնակցելու են ֆինանսական գրագիտության բարձրացմանը, որպեսզի քաղաքացիները հետո կարողանան գիտակցված ընտրություն կատարել: Ընտրությունը լինելու է երկու կառավարիչների ու երեք պորտֆելների միջեւ»,- նշեց Երիցյանը: