կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 10:43
Տնտեսական

Հայտնի ընկերությունները ևս նվազեցրել են հարկերը

Հայտնի ընկերությունները ևս նվազեցրել են հարկերը

Պետեկամուտների կոմիտե, 9 ամսվա կտրվածքով հրապարակել է, 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Ցուցակի կարևորագույն տասնյակի մեջ կիսամյակի ցուցանիշների համեմատությամբ էական տեղաշարժեր կարծես թե չեն եղել` բացառությամբ մեկի. հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Ղ-Տելեկոմ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում այս անգամ զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը` զիջելով միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Հայռուսգազարդ» ընկերություններին:

 

Կիսամյակի կտրվածքով 7-րդ տեղը զբաղեցրած ընկերությունն ընդամենը 3 ամսվա ընթացքում իր հարկային վճարումներն ավելացրել է գրեթե 3 անգամ` 4 մլրդ 754 մլն դրամից հասցնելով 12 մլրդ 267 մլն դրամի, ինչը ենթադրում է, որ այս կարճ ժամանակամիջոցում նրա եկամուտներն ավելացել են 3 անգամ: Կամ, որ ավելի հավանական է, հարկային մարմիններն առաջին կիսամյակում նրան թույլ են տվել «հանգիստ աշխատել», իսկ հետո, չգիտես ինչու, «մտքափոխ» են եղել:

 

Ինչևէ, խոշոր հարկատուների առաջին տասնյակից այս անգամ դուրս է մնացել «Գրանդ Տոբակոն»` իր տեղը զիջելով տասներորդ տեղն զբաղեցրած ՀԱԷԿ-ին: Եվ այսպես, խոշոր հարկատուների «թեժ տասնյակում» վերոնշյալ երեք ընկերություններից հետո հաջորդաբար տեղ են զբաղեցնում` «Ալեքս-Գրիգ»` 11 մլրդ 900 մլն դրամ, «Արմենիա Տելեֆոն Քոմպանի»` 9 մլրդ 744 մլն դրամ, «Սիթի Պետրոլ Գրուպ»` 7 մլրդ 824 մլն դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»` 7 մլրդ 568 մլն դրամ, «Ֆլեշ»` 7 մլրդ 216 մլն դրամ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ»` 5 մլրդ 567 մլն դրամ, ՀԱԷԿ` 3 մլրդ 759 մլն դրամ:

 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` վերոնշյալ ընկերություններից «Ալեքս Գրիգը» պակաս է վճարել 690 մլն դրամ, «Ֆլեշը»` 1 մլրդ 168 մլն դրամ, «Արմենիա Տելեֆոն Քոմպանին»`1 մլրդ 359 մլն դրամ: Պակաս է վճարել նաև «Սիթի Պետրոլ Գրուպը»: Տասնյակի «պակասուրդը» լրացրել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները` նախորդ տարվա համեմատությամբ վճարելով համապատասխանաբար 13 մլրդ 733 մլն և 2 մլրդ 741 մլն դրամ ավելի գումար:

 

Ինչ վերաբերում է խոշոր հարկատուների ցուցակի թեժ հարյուրյակին, ապա այստեղ էլ հանրությանը ոչ ամենևին անհայտ դեմքեր կան, որոնց ընկերությունների գործերը այնքան էլ լավ չեն: Նկատենք, որ առջևում նախընտրական տարի է, և մեր գործարարները շատ են «սիրում» օրենսդիր գործունեությամբ զբաղվել, կուսակցություններ պահել կամ գոնե, եթե դա թույլ չեն տալիս, «օբշչակին» սիրահոժար մուծվել:

 

Հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին հարյուրյակում հայտնված ընկերություններն առաջատարներ են հանքարդյունաբերության, կապի և հեռահաղորդակցության, էներգետիկ և բանկային համակարգի, ինչպես նաև վառելիքի, ծխախոտի և սննդի (հիմնականում ներկրում են) ոլորտում: Վերոնշյալ ցանկի երկրորդ տասնյակում են «Գրանդ Տոբակո», «Արսօյլ», «Ֆիլիպ Մորիս Արմենիա» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները: Հանքարդյունաբերության ոլորտում, բացի ցուցակի առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից», առաջին հարյուրյակում են նաև «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի»` 14-րդ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 28-րդ, «Գեո Պրո Մայնինգ Գոլդ»` 54-րդ տեղերում հայտնված ընկերությունները:

 

Բանկերից հարկերի վճարման ծավալներով առաջատար են` «Էյչ-Էս-Բի-ՍԻ բանկ Հայաստան»` 17-րդ, «ՎՏԲ-Հայաստան»` 21-րդ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ»` 26-րդ տեղ, դրանց հաջորդում են «Ամերիա», «Արդշինինվեստ», «Յունիբանկ», «Ինեկո», «Հայբիզնես», «Անելիք», «Արարատ» և 100-րդ տեղում գտնվող «Կոնվերս» բանկերը:

 

Իսկ ահա ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատար է Երևանի կոնյակի գործարանը, որն զբաղեցնում է 37-րդ տեղը: Ավշարի գինու, Պռոշյանի կոնյակի, Երևանի գարեջրի, «Արմենիա Վայն» գործարաններն զբաղեցնում են ցուցակի միայն 60-80-ական տեղերը: Մինչդեռ «Պեռնո Ռիկար Արմենիան» հայտնվել է 98-րդ տեղում:

 

Ուշագրավ մի փաստ. Երևանի պետական համալսարանը խոշոր հարկատուների ցանկում 92-րդ տեղում է, մինչդեռ այնպիսի հանրահայտ բրենդ, ինչպիսին «Ջերմուկն» է, 137-րդ տեղում է: Նկատենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում սա միակ կուրիոզը չէ: Միայն գործարարներին ու հարկային մարմիններին է հայտնի, թե այս կամ այն ընկերությունը հարկ եղած դեպքում ինչպես է հայտնվում հարկատուների կա'մ առաջին շարքերում, կա'մ` միջին, կա'մ, եթե ուզեն, ամենավերջին:

 

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ