կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 16:48
Հասարակություն

″Հենց մինչեւ վելջ կասս լցվի, գնալու ենք ինձ քուլիկ ալնենք″

″Հենց մինչեւ վելջ կասս լցվի, գնալու ենք ինձ քուլիկ ալնենք″

Հերթական ընտանիքն է, որտեղ խնդիր կա. երիտասարդ կինը դարձել է միայնակ մայր, ամուսինը լքել է Հայաստանը, սկեսուրը` մնացել առանց ոչնչի, իսկ երեխան երազում է քույրիկ ունենալ: Պատմությունը ներկայացնելիս չգիտեի` ո՞ր կողմից այն ներկայացնել` արտագա՞ղթ, հղիության արհեստական ընդհատո՞ւմ` իր հետեւանքներով, հայկական մենթալիտե՞տ… Ընտանիքի պատմությունը ներկայացնում եմ` ինչպես կա, շեշտադրումներն ինքներդ արեք:

 

-Դու պոտակ ունե՞ս:

-Ի՞նչ:

-Պոտակ` 10, 20, 100 /կոպեկ նկատի ունի/: Հենց մինչեւ վելջ լցվի կասս, գնալու ենք ինձ քուլիկ ալնենք:

 

4-ամյա Ռոբերտն արդեն մի քանի ամիս է` գումար է հավաքում, որ քույրիկ «գնեն» իր համար, սակայն Ռոբերտի կոպեկները որքան էլ շատ լինեն, միեւնույն է, քույրիկ գնել չեն կարող, եւ ոչ այն պատճառով, որ քույրիկներին չեն գնում…

 

28-ամյա Գայանե Հովսեփյանն այժմ մենակ է ապրում 4-ամյա որդու հետ. ամուսինը տնից դուրս է արել: 2013-ի օգոստոսին պարզվում է, որ Գայանեն հղի է, իսկ Գայանեի ամուսինը շաբաթներ առաջ է ՌԴ` արտագնա աշխատանքի մեկնած լինում:

 

«Առաջին երեխայից հետո չէի հղիանում, ու հանկարծ` ստացվեց: Ուրախությամբ լուրը սկեսուրիս հայտնեցի, իսկ նա… Ասաց, որ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում ու մի կերպ Ռոբերտին մեծացնում, երկրորդ երեխան միայն հոգս կլինի մեր ջանին, պետք է ազատվեմ նրանից: Որոշեցի ամուսնուս հետ խոսել, սակայն սկեսուրս խոչընդոտեց»,- ասում է Գայանեն:

 

Նրա հավաստմամբ` սկեսուրը հորդորել է, որ գոնե ինչ-որ ժամանակ ամուսնուն չասի այդ մասին եւ մտածի իր առաջարկի մասին:

 

«Որքան մտածում էի, այնքան ավելի էի հասկանում, որ չեմ կարող հրաժարվել երեխա ունենալու մտքից: Մի օր սկեսուրս եկավ, երկու դեղ ձեռքին ու սկսեց` եթե սիրում ես ամուսնուդ ու խղճում նրան, հրաժարվիր էդ երեխուց, ես խոսել եմ նրա հետ, նա էլ է ուզում, որ այդ քայլին դիմես, կամ էլ, թե` տղայիդ ապագայի մասին չե՞ս մտածում, չորս տարեկան է, շուտով պիտի դպրոց գնա, իսկ մենք հնարավորություն չունենք նրան ամեն ինչով ապահովելու»,- պատմեց Գայանեն` հավելելով, որ այդ ընթացքում ամեն օր հեռախոսով խոսել է ամուսնու հետ, սակայն հղիության մասին ոչինչ չի ասել. «Սկեսուրիս չհավատալու ոչ մի բան չունեի, որովհետեւ նրա հետ մեր հարաբերություններն ուղղակի հրաշալի են եղել այս տարիների ընթացքում: Ու քանի որ ամուսինս ինձ ոչինչ չասաց, մտածեցի` ուրեմն ինքն էլ է համաձայն ու քաշվում է ինձ ինչ-որ բան ասել»:

 

Գայանեն ընդունում է հաբերը, իրականում` ճիճվաթափ անող ինչ-որ դեղ, որը, սակայն, շատերն են օգտագործում պտղից ազատվելու համար: Հաբերն ընդունելուց ժամեր անց սկսվում է դժոխքը: Ուշ գիշերին արյունահոսություն է սկսվում, կարծում են` երեխային է կորցնում, ու մտածում, թե նորմալ է, որ արյունահոսում է: Ժամեր անց միայն շտապօգնություն են կանչում. բժիշկներին հաջողվում է փրկել աղջկա կյանքը, բայց արդյունքում հեռացնում են նրա կանացի  բոլոր ներքին օրգանները:

 

Գայանեի ամուսինն այս մասին իմանում է մորից, տղայից վախենալով` մայրը ողջ մեղքը բարդում է հարսի վրա` ասելով, որ հարսին որքան էլ «աղաչել-պաղատել» է նման քայլ չանել, չի լսել իրեն: Գայանեի ամուսինը խոպանից վերադառնում է դեպքից երկու շաբաթ անց, վերադառնում է` կնոջը տնից դուրս հանելու համար: Գայանեի համոզմամբ` կարծես ամուսնուն պատճառ էր պետք` ամուսնալուծվելու համար:

 

«Լավ, անգամ եթե հիասթափվել է ինձնից, բա տղա՞ն: Այսքան ժամանակ չի այցելել նրան, իսկ Ռոբս շատ է կարոտում հորը… Չհավատաց ու չներեց ինձ, որ առանց իրեն տեղյակ պահելու նման քայլի եմ դիմել: Հիմա նորից ՌԴ է գնացել. ասում են` այնտեղ մի 18 տարեկան աղջկա հետ է ապրում»,- ասում է Գայանեն:

 

Այժմ Գայանեն առողջական եւ հոգեբանական խնդիրներ ունի: Հավաստիացնում է` եթե ժամանակը հետ պտտեին, անգամ ամուսինը սպառնար` չէր ազատվի երեխայից:

 

«Էդ պահին երկար չմտածեցի, հասկացա, որ պետք է, ու վերջ: Մեղքի զգացումն ինձ հանգիստ չի տալիս»,- ասում է Գայանեն ու հավելում, որ հիմա վարձով է ապրում, քանի որ չի ուզում մորը նեղություն տալ. «Եղբայրս ամուսնացած է, մեր տանն է ապրում, ինքն էլ իր ընտանիքն ունի: Ռոբին մանկապարտեզ եմ տանում, ես էլ հաշվապահ եմ, իմ գործն եմ անում, չեմ բողոքում: Մանկապարտեզի տնօրենը շատ լավն է, Ռոբին 1-2 ժամ ավել իրենց մոտ են պահում, մինչեւ աշխատանքից կգամ-կվերցնեմ: Ուզում էի գրեիք այս մասին, որ աղջիկները երկար մտածեն կամ ուղղակի մտածեն նման քայլ անելուց առաջ եւ հասկանան, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ որոշումը»:

 

Մի քանի օր առաջ Ռոբերտը մանկապարտեզից տուն է եկել անտրամադիր.

-Մամ, ելեխեքից մեկն ասել է, ոլ ես քուլիկ չեմ ունենա, քանի պապան մել հետ չի ապլում:

 

Ռոբերտն ինձ ասում է` «մի բան ասեմ` մամային չասես»:

-Պապային շատ եմ կալոտում, իսկ ինքն ինձ չի սիլում, չի գալիս զբոսանավ /նկատի ունի զբոսայգի/ տանելու: Մաման ասում ա` պապան էլի Լուսաստան ա գնացել, կգա ու ինձ լիքը կոնֆետ կբելի, զբոսանավ էլ կտանի: Ձմել պապուց ելկու բան չեմ կալա, չէ՞, ուզեմ: Քուլիկ շատ եմ ուզում, բայց ես քուլիկ կունենամ, փողը կհավաքեմ ու կալնենք, իսկ պապուց կուզեմ, որ պապային հետ բերի Լուսաստանից:

 

Գայանեի սկեսուրը` Հերմինե Գալստյանը, նշեց, որ չնայած վաղուց խոսել է տղայի հետ եւ պատմել ողջ եղելությունը, սակայն վերջինս չի ցանկացել կնոջ հետ բարիշել եւ մնալ Հայաստանում: Տիկին Հերմինեն նշում է, որ տղայի նման պահվածքը միայն նրա կյանքում մեկ ուրիշի հայտնվելով կարող է բացատրվել:

 

«Բայց այսքան շո՞ւտ: Մեկ ամիս էր անցել, որ Ռուսաստան էր գնացել: Հարեւաններից մեկն ասում է /նրա տղան էլ է Ռուսաստանում/` տղաս մի 18 տարեկան աղջկա հետ է կապնվել: Հենց գնաց` գլխիվայր փոխվեց: Ոչ զանգում է, ոչ փող ուղարկում: Ես` ջհանդամ, տղային բա չի՞ կարոտում: Պիտի գնամ, հարսիցս ներողություն խնդրեմ ու էլի մեր տուն բերեմ, տղայիս կարծիքը հաշվի առնող չկա»,-ասում է տիկին Հերմինեն: Նա հավաստիացնում է, որ շատ է փոշմանել հարսի հետ նման կերպ վարվելու համար. «Մտածում էի` էդ երեխային չենք կարողանա պահել: Դրանից հետո անգամ եկեղեցի եմ գնացել ու խոստովանել մեղքս: Կանայք, չանեք նման բան: Երեխան Աստծո տվածն է, թող Աստված որոշի նրա ծնվել-չծնվելը»:

 

 Հ. Գ. Ռոբերտին 1-2 կոնֆետ տալուց հետո, թե`

-Կալինե, այ Կալինե, ոլոշեցի` քուլիկիս անունը Կալինե ենք դնելու:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ