Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրությունը չէր հասցրել մարսել թուրքական Today's Zaman պարբերականի միջոցով Անկարայի կողմից Հայաստանին նետված տեղեկատվական պրովոկացիոն խայծը ԼՂ-ին հարակից 5 շրջաննները հանձնելու` Երևանի պատրաստակամության և դրա դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության մասին, և արդեն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է անում Հայաստանին` թոթափել Թուրքիայի հանդեպ ունեցած անվստահությունը: Թե ի՞նչը հիմք ընդունելով` Հայաստանը պետք է վստահի Թուրքիային, Դավութօղլուն, իհարկե, մոռացել է պարզաբանել: Նա, թերևս, նկատի ունի 2009թ. ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները վավերացնելու առումով միջազգային մակարդակով տրված հավաստիացումներից հրաժարվելը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելու քաղաքականությունից բխող «վստահությունը», որը երախտամոռ հայերը գնահատել չեն ցանկանում: Իհարկե, Հաաստանի բարեբախտությունն էր, որ Թուրքիան ինքը սառեցրեց այդ չարաբաստիկ արձանագրությունները և մնաց դրանց տակ: Բայցևայնպես` հղվող ուղերձների նման տոնայնությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ընտրել է Հայաստանի և հատկապես միջազգային հանրության ականջները շոյելու մարտավարությունը:
Դա ունի իր պատճառները: Առաջինը, իհարկե, Հայաստանի` Մաքսային միություն քշվելու իրողությամբ պայմանավորված` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում տանտիրոջ կարգավիճակով իր դիրքերն ամրապնդելու` Ռուսաստանի ամբիցիաները չափավորելն է: Թուրքիան հաշվի է առնում նաև Իրանի նկատմամբ Արևմուտքի փոխվող վերաբերմունքը, այս տարածաշրջանի նկատմամբ Թեհրանի աճող հետաքրքրությունը և պարզապես չի ցանկանում դուրս մնալ ուժեղ խաղացողների մրցապայքարից: Իսկ դրա համար լավագույն գործիքը, իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում գերշահագրգռված լինելու իմիտացիայի ստեղծումն է:
Երկրորդը Սիրիայում կրած ուղղակի խայտառակ դիվանագիտական պարտությունից ինչ-որ կերպ դուրս պրծնելու, դեմքը փրկելու մղումն է: Խնդիրն այն է, որ հենց սիրիական ճգնաժամում ունեցած կատաստրոֆիկ դերակատարությամբ Թուրքիան մերկացրեց իր իսկ հորինած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության սնանկությունն ու շովինիստական էությունը: Հայաստանի նկատմամբ բարեկամական զեղումների արտահայտություններն ուղղված են սեփական հեղինակությունը փրկելուն և համապետական ընտրություններին մոտեցող Էրդողանի վարչակարգի նկատմամբ միջազգային դրական վարկանիշը վերականգնելուն:
Եվ վերջապես երրորդ պատճառը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված, իր նկատմամբ կանխատեսելի ուժեղ ճնշումներին դիմակայելու հրամայականն է, որը ստիպում է Անկարային հերթական անգամ խաղարկել Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկությունը` Ցեղասպանության ճանաչման քաղաքական և հումանիստական անհրաժեշտությունը օրակարգից հանելու նպատակով: Անկարան փորձում է երկրորդ անգամ մտնել նույն ջուրը, որը ճահճացել է հենց իր դաշտում: Նրա այդ ցանկությանը մեծ հաշվով չեն հավատում ոչ միայն Երևանում, այլև աշխարհում` ընդհանրապես: Մինչև Թուրքիան վերջնականապես չհստակեցնի` ինչ է անելու Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հետ, Անկարայից հնչող ցանկացած հայտարարություն թվալու է ոչ հիմնավոր: Բայց ողջ հարցն այն է, որ Անկարան ձգտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը պայմանավորել ոչ թե այդ արձանագրություններով, այլ Հայաստանի տրամադրվածության բացակայությամբ և ղարաբաղյան բանակցային գործընթացի հարուցած բարդություններով, այսինքն` իրեն ազատել արձանագրությունների կապանքներից ու պատասխանատվությունը բարդել Երևանի վրա: Կստացվի դա, թե` ոչ, դժվար է ասել: Շատ բան կախված է հենց Երևանից և արտաքին այն ուժերից, որոնք կարող են վերջինիս մղել Թուրքիայի հետ գիշերային դիվանագիտության մոտիվներով նոր սեպարատ բանակցությունների: Բայց փաստն այն է, որ Անկարան 1915թ. ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ աշխատում է չափազանց ինտենսիվորեն` ոչ թե այդ հեռանկարն ընդունելով որպես ցնցակաթված հարուցող արհավիրք, այլ` խոչընդոտ, որը պետք է վերացնել ցանկացած գնով: Եթե նա առաջիկա մեկուկես տարում շարունակի նույն տեմպերով, ոչ ոք չի կարող ասել` ինչ կունենանք 2015թ. ապրիլի 24-ին կամ կունենա՞նք, արդյոք, ինչ-որ բան ընդհանրապես, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ Անկարայի այս հետևողական ու լուրջ աշխատանքներին հայկական կողմի հակադարձը համարժեք չէ: Սփյուռքի առանձին հատվածների, կազմակերպությունների գործադրած քաղաքական, լոբբիստական ջանքերն ակնհայտորեն բավարար չեն: Որքան էլ դրանք կազմակերպված լինեն, չեն կարող մրցակցել պետության մակարդակով վարվող քաղաքականության հետ, այն էլ այնպիսի պետության պարագայում, ինչպիսին Թուրքիան է:
Հայաստանը, որպես պետություն, կարծես իրեն ընդհանրապես դուրս է դրել այս պրոցեսից և այն ամբողջությամբ թողել է Սփյուռքի վրա: Ուկրաինական պարբերականներից մեկին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը ասում է, թե Ցեղասպանության ճանաչման, ընդհանրապես պահանջատիրության խնդիրը Հայ Առաքելական եկեղեցունն է, ոչ թե պետությանը: Մինչդեռ հրապարակային մակարդակում չեզոքություն պահպանելը չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա նաև կուլիսային մակարդակում: Անգամ Անկարայից Դավութօղլուի միջոցով հղվող վերջին այս ուղերձները պատշաճ պատասխանի չեն արժանանում: Այս առումով ամենամեծ հարվածը հասցնում է զույգ արձանագրություններից ստորագրությունը ետ կանչելուց Երևանի չհրաժարվելու կեցվածքը: Այն օգուտ է տալիս` բուն արձանագրությունների վավերացման պատասխանատվությունը Անկարայի վրա թողնելու առումով: Բայց եթե այս տեսակետից այն շղթայում է Թուրքիայի ձեռքերը, ապա Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ` միանշանակ հայկական կողմի: Այդ արձանագրությունները ստորագրելուց հետո առ այսօր Ցեղասպանության ճանաչման գործընթացը փակուղուց դուրս չի գալիս: Չնայած քաղաքների, երկրամասերի ճանաչման առանձին դեպքերին, դրանից հետո որևէ պետություն պաշտոնապես չի ճանաչել Ցեղասպանությունը: Անկարայի վերջին շրջանի ակտիվացումների հիմնական նպատակը այն փակուղում պահելն է մինչև կրիտիկական շրջանն անցնելը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ