Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղևորափոխադրող կազմակերպություններն այսօր բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետարանին` պահանջելով արագացնել ուղեվարձի սակագնի հստակեցման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները: Նամակը ստորագրել են ուղևորափոխադրող 62 ընկերություններից 57-ը:
Լրագրողներին տված ճեպազրույցում Ուղևորափոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել է, որ եթե հանձնաժողովը ավտոբուսների և երթուղային տաքսիների ուղեվարձը 200 դրամ չդարձնի, իրենք ստիպված են լինելու որոշել` շարունակե՞լ ուղևորափոխադրումները, թե՞ ոչ: Բաց նամակով հանդես գալու` ուղևորափոխադրողների այս նախաձեռնությունը ուղեվարձի բարձրացման օպերացիա-թատրոնի հերթական արարներից մեկն է: Դրանով լուծվում է երեք հիմնական խնդիր:
Նախ` ցուցադրվում է ուղևորափոխադրողների միասնականությունը, որը չկար այս տարվա ամռանը ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման և դրան հաջորդած հասարակական ընդվզման ժամանակ: Երկրորդ` սա ուղեվարձի բարձրացման հարցում դրսևորվող շահագրգռությունը և պատասխանատվություն իրական գծատերերից հեռացնելու և տնտեսվարող սուբյեկտների վրա գցելու փորձ է, որի նպատակը թանկացման ներկայացվող պահանջը սոցիալական ենթահողից զրկելն է: Այս կերպ, գծատերերից բացի, իրեն խաղից դուրս է դնում նաև քաղաքապետարանը` ցույց տալով, որ հասարակականից ոչ պակաս ուժեղ ճնշման տակ է գտնվում տնտեսվարողների կողմից, որոնց շահերը հնարավոր չէ անտեսել: Այս իմաստով սա քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստեղծած հանձնաժողովի արդեն ընդունած` հունվարի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու որոշումը լեգիտիմացնելու միջոց է: Պատահական չէ, որ այս ընկերությունները որոշեցին բաց նամակով հանդես գալ հենց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ թանկացման որոշում լինելու է, և որ նոր սակագները գործելու են եկող հունվարից: Այսինքն, ըստ էության, հանձնաժողովի շտապել-չշտապելն արդեն եղանակ չէր փոխում, և դրա համար բաց նամակով հանդես գալու իմաստը բացարձակապես չկար:
Վերջապես երրորդ խնդիրը, որ փորձ է արվում լուծել, նախազգուշացումն է, թե ինչպես է արձագանքելու փոխադրողների այս հանրույթը սակագնի բարձրացման դեմ հասարակական հերթական անխուսափելի ընդվզման դեպքում:
Ի դեմս ուղևորափոխադրողների` քաղաքապետարանը և գծատերերը հասարակության դեմ են հանում սեփական վաշտերը, այսպես կոչված` հակաապստամբներին` ապստամբելու հասարակական շարժման դեմ: Որպես դրա հիմնավորում` օգտագործվում է ներկայիս պայմաններով այլևս աշխատելու, իբր, անհնարինության միֆը: Հասարակությանը համառորեն համոզում են, որ մայրաքաղաքային տրանսպորտի հիմնական, եթե ոչ միակ խնդիրը ցածր ուղեվարձն է, բայց ոչ երբեք տրանսպորտային պարկի գերմաշվածությունը, ուղևորափոխադրումների անկազմակերպվածությունը, կուլտուրայի բացարձակ բացակայությունը, անկանոն ու սթրեսային երթևեկությունը և այլն: Եթե խնդիրն ընդհանրապես ուղևորափոխադրումների համակարգը արմատապես փոխելը լիներ, քաղաքապետը ոչ թե միայն սակագինը փոխելու խնդիր կառաջադրեր իր ստեղծած հանձնաժողովին, այլ, ըստ ժամանակացույցի, այդ ոլորտի բարեփոխման հստակ և իրատեսական ծրագիր մշակելու, որտեղ գուցե ուղեվարձի աստիճանաբար բարձրացումը կլիներ հիմնավորված ու բացատրելի կոնկրետ հաշվարկներով: Մինչդեռ հիմա ոչ ոք չգիտի` ինչով է իրականում զբաղված այդ հանձնաժողովը:
Ինչևէ, ցածր սակագնի և այդ պայմաններով տրանսպորտի շահագործման անհնարինության վրա շեշտադրումներ կատարելը նշանակում է, որ հենց այսօրվանից գծատերերը ուղևորափոխադրող իրենց ընկերությունների ղեկավարների շուրթերով սպառնում են, որ եթե նորից բողոքի ալիք բարձրանա, իրենք պարզապես գիծ դուրս չեն գալու, հայտարարելու են գործադուլ և կաթվածահար են անելու մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Քանի որ նամակը ստորագրել են սպասարկման այս ոլորտը ներկայացնող գրեթե բոլոր ընկերությունները, նշանակում է` դա լինելու է ընդհանուր որոշման արդյունք և կազմակերպված դեմարշ: Գծատերերը և քաղաքապետարանը պատրաստվում են հունվարին, երբ ուժի մեջ կմտնեն նոր սակագները, այդպես պատասխանել քաղաքացիներին, նրանց ենթարկել հոգեբանական տեռորի, այսինքն` մոտավորապես այն, ինչ անում էր Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայի նախկին տեսքը վերականգնելու համար պայքարող քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Եթե Ալեքսանյանի կարմիր գլխարկավոր վաշտերը կազմված էին սեփական սուպերմարկետների աշխատակիցներից ու նրանց հարազատներից, ովքեր աշխատանքը կորցնելուց խուսափելու համար դուրս էին եկել նաև իրենց ապագայի պաշտպանության համար ոտքի կանգնած համաքաղաքացիների «կոկորդը կրծելու», ապա գծատերերի պարագայում նույն ֆունկցիան կատարելու են ուղևորափոխադրող ընկերությունները և հատկապես նույն մտավախություններն ունեցող վարորդները:
Կարճ ասած` նորօրյա օլիգարխները, պետական ու տեղական իշխանությունների հետ գործակցությամբ Հայաստանում ձևավորում են հասարակական մի նոր` այսպես կոչված, հակաապստամբների խավ, որի առանցքը գործող համակարգի նկատմամբ կատարյալ հարմարվողականությունն է և դրանից դուրս ցանկացած ձգտումների, գաղափարների, դրանց կրողների նկատմամբ ատելությունը: Չունենալով առողջ քաղաքացիական նախաձեռնություններին հակազդելու որևէ միջոց` համակարգը նրանց դեմ է հանում նրանց իսկ շահառուներին` ճիշտ այն բանակի հրամանատարի նման, ով հրամայում է թշնամու վրա առաջին շարքերով ուղարկել իր մոտ գտնվող գերիներին: Կարմիրգլխարկավոր այս հակաապստամբների միջոցով հասարակության դիմազրկման ու բարոյալքման գործընթացը հասցվում է տրամաբանական ողբերգական հանգուցալուծման:
Գևորգ Աղաբաբյան