կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 13:09
Քաղաքական

ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը պետք է ընդունի ԵվրԱզԷՍ-ի 17 դրույթները

ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը պետք է ընդունի ԵվրԱզԷՍ-ի 17 դրույթները

Հայաստանն արդեն Մաքսային միության հետ ստորագրել է համապատասխան հուշագիր, թե ինչ փուլերով պետք է ընթանա Հայաստանի անդամակցությունը. Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ այսօր ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շուկայի խնդիրների ինստիտուտի միջտարածաշրջանային զարգացման լաբորատորիայի վարիչ Ազա Միհրանյան:

 

Այդ հուշագիրը, տեղեկացրեց նա, ներառում է բոլոր հարցերը եւ ուղղությունները, որոնք կապված են հարկային բազմակողմ հարաբերությունների կարգավորման, օրենսդրա-վարչարարական փաստաթղթերի փաթեթների կազմման հետ:

 

«Այդ փաթեթներում  Հայաստանի ու ՄՄ-ի կողմից պետք է ներկայացվեն նրանց պատկերացումները, թե ինչ միջոցով ու ինչ պայմաններով Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը: Ուշացումները կարող են լինել հենց այս փուլում` պայմանների փոխհամաձայնեցման շրջանում: Եթե առաջանա որեւէ սակարկում` կոնկրետ հարցերի, պայմանների շուրջ, ապա այդպիսի դեպքերում բանակցությունները պետք է ընթանան մինչեւ բացարձակ կոնսենսուսի հաստատումը»,- ասաց Միհրանյանը:

 

Ըստ նրա` պետք է համաձայնեցված լինեն բոլոր մանրուքները` հարցերը, կողմերը, խնդիրները, որից հետո արդեն բուն անդամակցության որոշում կկայացվի: Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, հստակեցրեց բանախոսը, Հայաստանն, ամեն դեպքում, պետք է ընդունի այն բոլոր տասնյոթ դրույթները, որոնք ընդունված են ԵվրԱզԷՍ-ի համար: Եվ քանի որ Մաքսային միությունը վերազգային կազմավորում է, ապա ՄՄ-ին անդամակցելու համար Հայաստանը ՄՄ անդամ երկրների հետ առանձին-առանձին բանակցություններ չի վարելու, այլ միանգամից բանակցելու է կազմակերպության հետ, քանի որ բոլոր հարցերը, որոնք ունի ՄՄ անդամ յուրաքանչյուր երկիր` պարտավորությունների ու շահերի առումով, արդեն արտահայտվում են ՄՄ-ում: