կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-01 16:20
Քաղաքական

''Գործազուրկների նպաստ'' ծրագիրն ամենաանարդյունավետն էր. նախարար

''Գործազուրկների նպաստ'' ծրագիրն ամենաանարդյունավետն էր. նախարար

2014թ բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին գործազուրկների նպաստի վերաբերյալ հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Կ՞ան երաշխքիներ, որ, «Գործազուրկների նպաստ» ծրագիրը փոխարինելով այլ ծրագրերով, կունենանք որակական երաշխիքներ»:

 

Նախարարը նշեց, որ զբաղվածության ոլորտում բոլոր ծրագրերը չափվելու են որակական չափանիշներով, արվելու են վերլուծություններ: Արտեմ Ասատրյանի խոսքով` ամենակայուն ցուցանիշը զբաղվածության ցուցանիշն է, այսինքն` անել այնպես, որ ծրագրի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված գործազուրկն աշխատանքի անցնի:

 

«Դա շատ պարզ նպատակ է: Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ ամենաանարդյունավետ ծրագիրը «Գործազուրկների նպաստ» ծրագիրն էր: Նոր ծրագրերից մենք ակնկալիքներ ունենք: Ծրագրի ավարտից հետո նոր կարող ենք խոսել որակական ցուցանիշների մասին»,- ասաց նախարարը:

 

Միքայել Մելքումյանի մյուս հարցը աղքատության ցուցանիշի նվազեցման մասին էր` արդյոք՞ նոր ծրագրերով ծախսեր անելով` 2017-ին կունենանք աղքատության ցուցանիշի նվազեցում 35 տոկոսից: Նախարարը պատասխանեց, որ աղքատության ցուցանիշի նվազեցման ամենալավ միջոցը աշխատատեղեր ունենալն է, իսկ, առհասարակ, 1 տոկոս տնտեսական աճը 0,6 տոկոսով նվազեցնում է աղքատության ցուցանիշը: