կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 17:38
Քաղաքական

«Իմ քայլը»-ի պատգամավորն առաջարկում է դպրոցի բուֆետներում ՀԴՄ տրամադրելը դարձնել ոչ պարտադիր

«Իմ քայլը»-ի պատգամավորն առաջարկում է դպրոցի բուֆետներում ՀԴՄ տրամադրելը դարձնել ոչ պարտադիր

Ազգային ժողովի այսօրվա նիստում օրենսդրական իր նախաձեռնությունը ներկայացրեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, որ վերաբերում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, մասնավորապես՝ հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը լայնացնելուn:

 «Հարկային օրենսգիրքը սահմանում է մի քանի տեղեկատվություն, ու, դրանից բացի, մնացածը, եթե ընկերությունը չի տրամադրում, ապա հարկային գաղտնիք է: Օրինակ` գաղտնիք է, թե ընկերությունում քանի աշխատող է ներգրավված: Նպատակն այն է եղել, որ ոչ հարկային գաղտնիք համարվող տեղեկությունների շարքն ընդլայնենք»,- նշեց նա:

Նախագծով առաջարկվում է հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ վճարող ընկերության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը և այլն:

«Նախկին Հարկային օրենսգրքով կրթական հաստատություններում, մասնավորապես` դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջ չի եղել: Սակայն հիմա կա, ու ընդմիջման ժամանակ 5-10 րոպեում նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ կտրոններն ամբողջովին ապահովել: Հետևաբար` առաջարկում եմ հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը»,- նշեց Մանուկյանը: