կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 17:39
Իրավական

Պատգամավորը բավականաչափ փաստեր ունի քաղաքապետի և Սամվել Ալեքսանյանի դեմ

Պատգամավորը բավականաչափ փաստեր ունի քաղաքապետի և Սամվել Ալեքսանյանի դեմ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ԱԺ մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ բավականաչափ փաստեր ունի` Փակ շուկայի գործով նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

 

Փոստանջյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հերմինե Միքայելյանի խոսքով` Փակ շուկան կառուցապատողը թույլ է տվել օրենքի խախտումներ, մասնավորապես` առանց համապատասխան շինթույլտվության ապօրինի շինարարություն է կատարվել, իսկ իրավապահ մարմիններն այդ ամենը կանխելու համար որևէ միջոցառում չեն ձեռնարկել: Բացի այդ, ըստ փաստաբանի, պետական մարմինների կողմից հովանավորչություն է եղել:

 

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Փակ շուկայի գործով հերթական դատական նիստից հետո պատգամավորը հայտարարեց, որ իր հիմնական նպատակը Փակ շուկան նախկին տեսքի բերելն է:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե շենքն արդեն կառուցապատված է, ինչպե՞ս է դա հնարավոր, պատգամավորը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է ցանկության և օրենքի հարգման դեպքում»:

 

Նշենք, որ պատգամավորի դիմումի համաձայն քննվող գործի այսօրվա դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Երբ դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց դատախազի ուղարկած գրությունն այն մասին, որ նա քննությունների է և չի կարող մասնակցել նիստին և առաջարկեց հետաձգել նիստը, պատգամավորի ներկայացուցիչն առարկեց` նշելով, որ դա հիմք չէ նիստը հետաձգելու համար:

 

«Երբ, որ դիմողը (Զարուհի Փոստանջյանը) Ղափանում էր, և նիստն այդ կապակցությամբ հետաձգվեց, դա հիմք էր, բայց երբ դատախազն է քննության, հիմք չէ՞»,- հարցրեց դատավարը:

 

Հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 15-ին: