կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-30 18:49
Առանց Կատեգորիա

Եթե Պուտինը գա Հայաստան...

Եթե Պուտինը գա Հայաստան...

Լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Հայաստանում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության նախապատրաստական աշխատանքները: Առայժմ հայաստանյան իշխանությունների համար երկար սպասված այս այցի մասին տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: Սակայն եթե իսկապես նման աշխատանքներ տարվում են, ապա պետք է ենթադրել, որ ապրիլի 24-25-ը Մինսկում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանին, ի վերջո, հաջողվել է կրկին ձեռք բերել նախագահ Պուտինի` եվրաինտեգրացիոն խաղերում կորսված վստահությունը: Պետք է նշել, որ դրա համար Երևանն արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ` կանգ չառնելով նույնիսկ ինքնանվաստացման ակցիաների առջև: Այս շարքից էին նախագահի մակարդակով Մոսկվայի քաղաքապետին ընտրվելու կապակցությամբ շնորհավորելը, Հայաստանում «Պուտինի ակումբներ» ստեղծող ոմն գործարարի ԱԺ պատվո մեդալով պարգևատրելը, ռուս սահմանապահների` Մեղրիի արկածների նկատմամբ աչք փակելը և, ի վերջո, Մինսկում արագացված ընթացակարգով Մաքսային միություն մտնելու խնդրանքով հանդես գալն ու դրա համար անհրաժեշտ անխտիր բոլոր համաձայնագրերն անվերապահ ստորագրելու պատրաստակամություն հայտնելը: Ըստ երևույթին` Պուտինը բավարար է համարել Հայաստանի այս ինքնակեղեքիչ անձնուրացությունը և, Մինսկի գագաթաժողովի արդյունքներից տպավորված, որոշել է նրանց կատարած աշխատանքը գնահատել` ընդունելով Երևան այցելելու` Սերժ Սարգսյանի վաղեմի հրավերը:

 

Այն, ինչ Մոսկվան ցանկանում էր Երևանից ստանալ այս պահի համար, արդեն ստացել է: Պատահական չէ, որ այդ այցը նախատեսված է Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո, որին Հայաստանը կա'մ չի մասնակցի, կա'մ ընդամենը սիմվոլիկ մասնակցություն կունենա: Այդ գագաթաժողովին Հայաստանի մասնակցության տապալման ֆոնին Պուտինի մուտքը Երևան կխորհրդանշի թե' Հայաստանի և թե' ԵՄ-ի նկատմամբ տարած տակտիկական հաղթանակը: Առավելագույնը, ինչ կստանա այդ այցից հայաստանյան իշխանությունը, Ռուսաստանի օրհնությունն է: Դա, իհարկե, ՀՀԿ-ական իշխանության համար կարևոր, բայց լոկալ ձեռքբերում կլինի, որից Հայաստանն ուրախանալու առիթ չի ունենա, եթե այցը չծառայեցվի շատ ավելի կարևոր մեկ խնդրի հստակեցմանը` կապված Հայաստանի շահերի հաշվին ՄՄ-ի հետագա ընդլայնման հետ:

 

Մինսկում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ, չնայած ունեցած հեգեմոն կարգավիճակին, Ռուսաստանն ի զորու չէ կամ չի ցանկանում արագ հաղթահարել Բելառուսի և Ղազախստանի կողմից իր մարտավարական խնդիրների լուծման ճանապարհին առաջադրվող խութերը: Հայաստանը չկարողացավ ստանալ արագ ՄՄ մտնելու արտոնագիրը, ինչում արտաքուստ շահագրգռություն էր ցուցաբերում առաջին հերթին Ռուսաստանը: ՄՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու` Հնդկաստանի առաջարկությանը լուրջ վերաբերվելու մասին Մինսկում արած հայտարարությամբ Պուտինը հաստատեց, որ նրա համար ստրատեգիական կարող է դառնալ ԱՊՀ շրջանակներից դուրս երկրների միջոցով ՄՄ-ի ընդլայնման ուղղությունը: Պուտինի այս գայթակղությունը արագ ընկալեց Ղազախստանը` շրջանառության մեջ դնելով նաև ՄՄ մտնելու հարցում Թուրքիայի ունեցած շահագրգռությունը:

 

Պրոցեսների նման ընթացքի համատեքստում Հայաստանի նշանակությունը Մոսկվայի մոտ գնալով կարող է նվազել` Երևանին վերածելով մանրադրամի: Չի բացառվում, որ հենց դրանով էր պայմանավորված ՄՄ մտնելու դեմ բելառուսա-ղազախական տանդեմին ընդառաջ գնալու Ռուսաստանի պահվածքը, որը դրսևորվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի միջև ընդամենը հերթապահ հուշագրի ստորագրմամբ ու, չնայած անդամակցության պրոցեսն արագացնելու` Սերժ Սարգսյանի խնդրանքին, դրա համար որևէ ռացիոնալ ժամկետներ չամրագրելու հանգամանքով: Չի կարելի բացառել, որ Մոսկվան պարզապես փորձում է հասկանալ` որքանով է լուրջ ՄՄ-ի նկատմամբ Թուրքիայի, Հնդկաստանի հետաքրքրությունը, նոր միայն որոշել` ինչ անել Հայաստանի հետ:

 

Կրեմլում հրաշալի հասկանում են, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա ամեն ինչ անելու է դրանում Թուրքիայի, ապա նաև տրամաբանորեն` Ադրբեջանի հնարավոր մուտքը կանխելու համար: Այսինքն` ստեղծվում է մի իրավիճակ, երբ այս շրջափուլում Հայաստանի հիմնական խնդիրը դառնում է ռուս-ղազախա-թուրքական թակարդում հայտնվելուց խուսափելը: Այս հարցում Ռուսաստանի իրական տրամադրվածությունը հասկանալու իմաստով է, որ Պուտինի հնարավոր այցը կարևորություն է ձեռք բերում: Հայաստանը շանս է ստացել, ՄՄ-ի ներսում իր դեմ բելառուսա-ղազախական դեմարշն օգտագործելով, ազատագրվել ՄՄ մտնելու ռուսական պարտադրանքից` Պուտինին Երևանում ցույց տալով, որ ոչ թե ինքն է խուսափում ՄՄ մտնելուց, այլ իրեն հենց այդ տանդեմն է խանգարում, և որ Ռուսաստանն ինքը չի ցանկանում վերացնել այդ խոչընդոտը: Կամ էլ ցույց տալ, որ չի կարող համակերպվել իր շահերի զոհաբերման հաշվին ՄՄ-ի հետագա ընդլայնման որևէ հեռանկարի հետ:

 

Մոսկվան գիտի, որ Վիլնյուսի գագաթաժողովի տապալմամբ Արևելյան գործընկերության պրոցեսը չի ավարտվում: Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչուսը արդեն նշել է, որ հաջորդ ստուգատեսը լինելու է 2015թ. Ռիգայում կայանալիք ԱլԳ գագաթաժողովը, որը նոր հնարավորություն է Վիլնյուսի շանսը կորցրած երկրների համար: Իսկ դա հնարավորություն է տալիս Երևանին հենց Մոսկվայի հետ բանակցություններում մանևրելու և ավելի պահանջատերի դիրքերից հանդես գալու համար: Ողջ հարցն այն է` արդյոք Հայաստանի իշխանությունները դեռ պահպանո՞ւմ են Մոսկվայի հետ այդ լեզվով խոսելու ընդունակությունը, թե՞ Պուտինի այցն ընդամենը ծառայեցնելու են իրենց անսահման պուտինասիրությունը հերթական անգամ ցուցադրելու «սրբազան» գործին:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ