կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 10:50
Առանց Կատեգորիա

Արժանապատվության գալուստը

Արժանապատվության գալուստը

Բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման օրինագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում երեկ ելույթ ունեցավ նաև իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Սովորականի պես՝ գեղեցիկ ու ճոխ հայերենով մարդը նախ ներկայացրեց իր վաղեմի համոզմունքը՝ ընդդիմություն լինելը երանելի բան է, որովհետև «ինչ ասես ՚կարելի է խոսել և պատասխան չտալ»: Ապա անցավ բուն ասելիքին՝ ինչու պիտի բարձրացնել բարձր պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերը: Պարզվեց՝ դա ոչ միայն քաղաքական խնդիր է, այլև արժանապատվության հարց: Ականավոր ՀՀԿ-ականն ուղղակի հայտարարեց, որ դրանով «բարձրանում է պետության արժանապատվությունը և իմիջը»:

 

Վերջին բառի իմաստը լրիվ հասկանալու գալուստյան հնարավորություններին թեև կասկածում ենք, բայց որ աշխատավարձերն ուղղակի կապ ունեն պետության արժանապատվության հետ, դա քաղաքագիտության դասագրքերում ներառելու արժանի միտք է: Գ. Սահակյանի համար արժանապատիվ հայ պաշտոնյան, ուրեմն, ոչ թե ներսում ու հատկապես դրսում իրեն արժանապատվորեն ներկայացնող, իր գործունեությամբ երկրի ու ժողովրդի հեղինակությունը բարձր պահող պաշտոնյան է, ոչ թե հարկ եղած դեպքում աշխարհի հզորներին արժանապատվորեն ոչ ասել կարողացող չինովնիկն է, այլ… գրպանը լիքը պաշտոնյան:

 

Արտասահմանյան ոչ մի երկրում, նույնիսկ ամենաճոխ սուպերմարկետներում, մեծապատիվ Գալուստ Գրիգորիչ, արժանապատվություն չեն ծախում, որ բարձր աշխատավարձերով հնարավոր լիներ այն գնել: Իսկ արժանապատվության դեֆիցիտն էլ մեծանում է, երբ հայրենի իշխանությունն այն մսխում է բոլոր պատեհ առիթներով՝ Մոսկվայի քաղաքապետին շնորհավորելիս կամ Վանուատու պետությունում դեսպանություն հիմնելիս, կասկածելի վարքի արտիստին սուրբ շքանշան հանձնելիս կամ մի գիշերվա մեջ գաղափարախոս լինելիս: Արժանապատվությունը ոչ այնքան վարք է ու կեցվածք է, որքան գործ ու գործողություն, ոչ այնքան քաղաքավարություն է, որքան քաղաքականություն, որի արդյունքում բարձրանում է երկրիդ ու ժողովրդիդ հեղինակությունը: Իսկ երկրի ու ժողովրդի հեղինակությունն ու անունը կարելի է բարձր պահել, երբ նույնիսկ գրպանդ ծակ է: Թեև հայ պաշտոնյայի «էթնիկ» առանձնահատկություններից է այն, որ նրա գրպանը երբեք ծակ չի լինում. նա միշտ գտնում է լիքը պահելու հնարները: Ահավասիկ հասանք խնդրի լուծմանը: Երբ հայ պաշտոնյան կմոռանա սեփական գրպանը լիքը պահելու բոլոր հնարները, այդ թվում՝ ծայր աղքատության մեջ գոյատևող ու երկիրը լքելու պատրաստ իր հայրենակիցների տարակուսած հայացքների ներքո սեփական գրպանի համար խորհրդարանում կռիվ տալը, նրան վերջապես կայցելի արժանապատվությունը, որը կդառնա նաև երկրի ու ժողովրդի արժանապատվությունը:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ