Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գալուստ Սահակյանին շուք ու շուխուրով ԱԺ նախագահ նշանակելուց հետո այլևս միանշանակ է, որ մեր երկրում ԱԺ նախագահությունը ոչ թե երկրորդ քաղաքական պաշտոն է, այլ երկրորդական պաշտոն: Եվ այս պարագայում միանգամայն հասկանալի է, թե ինչու էր այդ պաշտոնի նախկին տերն այդքան համառորեն, երկրորդ աթոռը մոռացած, ձգտում «երրորդության»:
Պարզվեց` զուր էր թվում, թե իշխող քաղաքական ուժն այնքան լայնախոհություն ու նրբանկատություն կունենա, որ սահմանադրական բարեփոխումների արդեն ուրվագծված ֆոնին այդ պաշտոնի համար կառաջադրի մեկին, ով ինտելեկտով, ներկայանալիությամբ (բոլոր առումներով` կրթվածության, հաղորդակցվելու կարողության, հանդուրժողական կեցվածքի ու մանավանդ ակնկալվող տարրական բանի` ընկալելի ասելիքի) պիտի հանրությանը երևար իբրև մոտ ապագայում խորհրդարանական հանրապետության ղեկավարի նախօրինակ` մոդել:
Եվ եթե այսօր իսկ պարզ է, որ այդ նախօրինակ-մոդելը Գալուստ Սահակյանն է, ուրեմն կարելի է արձանագրել, որ ի սկզբանե խաչ է քաշվում սահմանադրական բարեփոխումների վրա, որովհետև դժվար է պատկերացնել, որ հանրությունը Գալուստ-մոդելի պարագայում իր հավանությունը կտա դրանց: Անշուշտ, եթե, «ավանդույթի ուժով» հանրությանը չստիպեն հավանություն տալ:
Գալուստ Սահակյան երևույթը, սակայն, մեր քաղաքական դաշտի միանգամայն բնորոշ արտահայտությունն է, այդ ապականված դաշտում, անշուշտ, պիտի երևույթ դառնար ու դարձավ Գալուստ Սահակյանը:
Ի դեպ, անկախությունից հետո զարմանալի հետևողականությամբ հայ պաշտոնական վերնախավը գնում է ռեգրեսի ճանապարհով. առաջին նախագահի ընդգծված ինտելեկտուալ կերպարը հաջորդների օրոք միանգամից խամրեց` վատ նախադեպ դառնալով նաև մյուս քաղաքական պաշտոնների համար: Վարչապետական ինստիտուտը ևս ինտելեկտուալ-պրոֆեսիոնալ համարժեքության առումով արձանագրում է իր հերթական ֆիասկոն, խորհրդարանական ինստիտուտի մասին էլ, իբրև թարմ օրինակ, ահավասիկ վկայում է Գալուստ Սահակյանը: Խիստ հիասթափեցուցիչ վկայություն:
Բ. Գասպարյան