կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 18:10
Իրավական

''Բարև Երևանը'' կդիմի Արդարադատության խորհուրդ

''Բարև Երևանը''  կդիմի Արդարադատության խորհուրդ

«Երևան քաղաքում ավտոբուսային (միկրոավտոբուսային) և տրոլեյբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների վարձի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի 19.07.2013թ թիվ 3660-Ա և 3661-Ա որոշումները բողոքարկելու նպատակով Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հոկտեմբերի 11-ին երկու վերքաննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարան»: Նման հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը:

 

 ՀՀ վարչական վերաքննիչ դատարան դիմելու անհրաժեշտությունը ծագել էր այն բանից հետո, երբ ՀՀ վարչական դատարանը երկորդ անգամ էր հրաժարվել վարույթ ընդունել նույն պահանջով «Բարև Երևան» խմբակցության երկու հայցադիմումները: Առաջին հայցադիմումը ետ վերադարձնելու իր 14.08.2013թ ՎԴ/7087/05/13 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը, օգտվելով օրենսդրական բացից, կամայականորեն երեք հավելյալ պահանջներ էր առաջադրել խմբակցությանը. (1) ապահովել քաղաքապետի որոշումները դատական կարգով վիճարկելու վերաբերյալ խմբակցության հավաքական քաղաքական կամքն արտահայտող որոշում կամ լիազորագիր տրված խմբակցության ղեկավարին, (2) վճարել պետական տուրք 4.000-ական դրամի չափով, (3) քաղաքապետի երկու որոշումների բողոքարկման հայցադիմումներն առանձնացնել:

 

Երկրորդ անգամ հայցադիմումները ներկայացնելիս «Բարև Երևան» խմբակցությունը վերացրել էր դատավորի կողմից առաջ քաշված այդ ենթադրյալ բացթողումները, և թեպետ 24.09.2013թ. Վերաքննիչ դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը իր ՎԴ/8232/05/13 որոշման մեջ արձանագրել էր, որ առաջադրված պահանջները կատարվել են, սակայն կրկին մերժել էր հայցադիմումները վարույթ ընդունել և դրանք ետ էր վերադարձրել միանգամայն նոր պատճառաբանությամբ: Դատավորը մասնավորապես կեղծել էր իր նախկին՝ 14.08.2013թ որոշման 3 պահանջները, դրանցից հանելով պետական տուրքին վերաբերողն ու այն փոխարինել էր նորով՝ փորձել տպավորություն ստեղծել, թե դա խմբակցության կողմից չի կատարվել:

 

Դատավորի նոր պատճառաբանության համաձայն՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը «շահագրգռված չէ տվյալ հարցի ներկայացման հարցում, այսինքն նրան չի պատկանում այն իրավունքը, որը ներկայացված հայցով պաշտպանվում է, և հայցվորը իրավասու չէ դիմելու դատարան այդ իրավունքի պաշտպանության հարցով»: Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը ակնհայտորեն խախտել է ՀՀ օրենսդրությունը, միտումնավոր անտեսել այն հանգամանքը, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի ավագանին «Երևանում տեղական ինքակառավարման բարձրագույն մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ», վերջինիս կայացրած որոշումները վարչական դատարանում բողոքարկելու իրավունքը (հոդված 18) այդ վերահսկողության մեխանիզմներից մեկն է, իսկ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (որին միացել է Հայաստանը) 3-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների (ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի և համընդհանուր քվեարկության ճանապարհով ընտրված խորհուրդների և ժողովների, տվյալ դեպքում՝ ավագանու) իրավունք և իրական կարողություն է սահմանված պետական գործերի զգալի մասը կանոնակարգելն ու այն կառավարելը, գործելով օրենքի շրջանակներում, սեփական պատասխանատվությամբ և տեղի բնակչության շահերից ելնելով: Դատավորը միտումնավոր անտեսել է այն հանգամանքը, որ ավագանին ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտներից է տեղական մակարդակում և ներկայացնում է իր ընտրողների շահը և գործում է դրանից ելնելով: ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ներկայացրած իր վերաքննիչ բողոքներում «Բարև Երևան» խմբակցությունը շեշտել է, որ դատավոր Արծրուն Միրզոյանը իր որոշման մեջ ոչ միայն խեղաթյուրել է ՀՀ օրենքները, դրանց ու ՍԴ որոշումներին տվել կամայական մեկնաբանություն, այլ նաև «Բարև Երևանին» զրկել է իր ընտրողների շահը ներկայացնելու իրավունքից, ավագանու և քաղաքապետի որոշումների օրինականությունը վերահսկելու իրավական ու քաղաքական պարտավորությունից, խմբակցությանը զրկել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, ստեղծել ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության և ամենակարևորը` դատարանների հասանելիության իրավունքից օգտվելու անհնարինություն, որով թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 6 և 13 հոդվածների դրույթների խախտում:

 

Իր երկու վերաքննիչ բողոքներով «Բարև Երևան» խմբակցությունը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանից խնդրել է վարույթ ընդունել վերաքննիչ բողոքը և բավարարել դրանց պահանջները, այն է՝ առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի N3660-Ա որոշումը և անվավեր՝ N3661-Ա որոշումը, ինչպես նաև՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.09.2013թ. ՎԴ/8232/05/13 և ՎԴ/8233/05/13 որոշումները: ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով առաջիկա օրերին «Բարև Երևան» խմբակցությունը կդիմի ՀՀ արդարադատության խորհրդին»,-ասված է հայտարարության մեջ: