կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-07 14:30
Քաղաքական

''Բարեւ Երեւանը'' պետք է վերցնի ավագանու մանդատները

''Բարեւ Երեւանը'' պետք է վերցնի ավագանու մանդատները

Ո’չ Երեւանի ավագանու մանդատներ վերցնել-չվերցնելու, ո’չ, առավել եւս, համամասնական ցանկի փոփոխության հարցը «Բարեւ Երեւան» դաշինքը դեռ չի քննարկել. լրագրողներին այսօր ասաց դաշինքի ցուցակի առաջատար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Նա նշեց, որ տվյալ հարցերը պետք է քննարկվեն դաշինքի անդամ ուժերի, կուսակցությունների ու գործիչների հետ, բայց քանի դեռ ընտրությունների արդյունքների բողոքարկման եւ որոշ ընտրատեղամասերում արդյունքների քվեների վերահաշվարկի գործընթացներ են ընթանում, այդ գործընթացների ավարտից հետո նոր միայն այդ հարցերը կքննարկվեն:

 

Սակայն, որպես Արմեն Մարտիրոսյան քաղաքական գործիչ, «Ժառանգության» փոխնախագահը կարծիք հայտնեց, որ Երեւանի ավագանու մանդատները պետք է վերցնել:

 

«Որովհետեւ համոզված եմ, որ ինչպես ԱԺ-ում «Ժառանգությանը» հաջողվեց շատ հարցեր լուծել` սոցիալական խմբերի, անհատ քաղաքացիների հետ կապված, այնպես էլ ավագանու կազմում պետք է աշխատենք: Ես, որպես քաղաքական գործիչ, կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ում քաղաքացին վստահության քվե է տվել, պարտավոր է այդ վստահությունն ի շահ այդ քաղաքացու օգտագործել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Ինչ վերաբերում է «Առաքելություն» կուսակցության կոչին` վայր դնել մանդատները եւ ձեւավորել միասնական ընդդիմադիր ճակատ, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ընդդիմադիր միասնական ճակատ կազմելու համար Երեւանի ավագանու մանդատներ լինել-չլինելու հանգամանքը չի խանգարում, եթե չասենք` օգնում է:

 

«Քանի որ գործիքակազմ ես ունենում, որ այդ ճակատի ծրագրերն այդ գործիքներով կարողանաս իրագործել, ու մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

 

Նա տեսակետ հայտնեց նաեւ միասնական ընդդիմադիր ճակատի ձեւավորման մասին ու նշեց, որ եթե ամբողջական ընդդիմադիր ճակատ ձեւավորվի` անկախ նրանից` քաղաքական գործընթացի որ փուլում կլինի` ընտրություններից առաջ, թե հետո, դա երկրում կարող է իրավիճակ փոխել` արտահերթ ընտրություններ կարող են պարտադրվել, նոր, արտահերթ խնդիրների լուծումներ կարող են պարտադրվել եւ այլն:

 

 

Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ «Ժառանգությունը» արդեն փոքրամասնության կարգավիճակով ակտիվ աշխատելու փորձ ունի` ԱԺ-ից: Օրինակ` կարողացել է որոշակի սոցիալական խմբերի խնդիրներ լուծել: Նույն ձեւով էլ պատրաստվում են աշխատել Երեւանի ավագանու կազմում:

 

ԲՀԿ-ի հետ համախմբվելու կամ որոշակի դաշինքով հանդես գալու ծրագրեր էլ «Բարեւ Երեւան»-ը դեռեւս չունի, քանի որ գտնում է, որ ԲՀԿ-ն ինքը դեռ պետք է կողմնորոշվի, թե քաղաքական դաշտի որ հատվածում է գտնվում` ինչ կարգավիճակով:

 

Բայց Արմեն Մարտիրոսյանը Երեւանի ավագանու կազմում ԲՀԿ-ի հետ համատեղ աշխատանքը հնարավոր է համարում` դարձյալ հիշեցնելով, որ «Ժառանգությունը» ԱԺ-ից այդպիսի համատեղ աշխատանքի փորձ արդեն ունի: