կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-12 11:42
Առանց Կատեգորիա

Երևանս, դու իմ սրտի ուղեկիցը չես...

Երևանս, դու իմ սրտի ուղեկիցը չես...

Երևանս, չնեղանաս, բայց դու մեր ուղեկիցը չես: Էդ մենք ենք քեզ ուղեկցում: Ճիշտ է` առայժմ էդքան էլ լավ չի ստացվում, որովհետև հաճախ մեզ չեն հասկանում, խանգարում են ու ճամփից շեղում, բայց դու վստահ եղիր, Երևանս, քեզ ուղեկցելու ենք միշտ` անկախ ծննդյանդ օրերից: Երևանս, դու իմ սրտի ուղեկիցը չես, դու միշտ իմ սրտի մեջ ես: Իսկ իմ սրտի Երևանը բոլորովին ուրիշ է:

 

Երևանս, էսօր քո տոնն է, ու ոչինչ, որ քո սրտում ես ինձ օտար եմ զգում, կարևորը` դու դուրս չես գալիս իմ սրտից: Երևանս, ոչինչ, որ իմ ու քաղաքապետարանիդ ճաշակները բացարձակապես չեն համընկնում ու ոչինչ, որ քեզ արհեստականորեն մտցնում են «եվրոպական ստանդարտների մեջ», կարևորը` չես կորցնում երևանյան հին շունչդ:

 

Երևանս, էսօր քո տոնն է, ու փուչիկ-մուչիկներով չի, որ պետք է քեզ շնորհավորել: Երևանս, դու դեռ երևանցիների սրտում ես, դրանի՞ց էլ լավ նվեր: Երևանս, լավագույն երևանցիներդ դեռ քեզ հետ են:

 

Երևանս, դու Ֆորշն ես ու Հախվերդյանը, որ երբեմն կիսագինովցած են լինում, բայց մեկ է` նրանց շարունակում են սիրել:

 

Դու Օպերայում ծաղիկ վաճառող էն չաղ-չաղ ու լուսավոր երեխան ես, որ ինչքան քշում են, նորից հետ է գալիս ու ժպտում, դու Հյուսիսային պողոտայում կիթառ նվագող Գևորգն ես, որ ինչքան նեղում են, նորից վերադառնում է ու նվագում:

 

Երևանս, դու մեր ուղեկիցը չես, էդ մենք ենք քեզ ուղեկցում: Առայժմ` ինչքան որ կարողանում ենք: Բայց դու վստահ եղիր, Երևանս, քեզ ուղեկցելու ենք միշտ ու ոչ միայն կարգախոսներով:

 

Շուշան ՇԱՏԻԿՅԱՆ