կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-20 10:42
Հասարակություն

Կարկատված Երեւանս

Կարկատված Երեւանս

Անկախ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում շինարարությունը, որը շատ դեպքերում հիշեցնում է իշխանության քաղաքականությունը: Մեր շինարարներն ամեն ինչ անում են կիսատ-պռատ, մտածում գործելուց հետո միայն, նաեւ` թերի:

Վերջին մի քանի տարիներին Երեւանի կենտրոնական գրեթե բոլոր փողոցներում իրականացվեցին հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ, սակայն, չանցած մի քանի ամիս, ամենուր կարելի է հանդիպել քանդված ասֆալտների ու մայթերի, փորված հորերի: Մեր կառուցապատողները միայն վերանորոգելուց, ասֆալտապատելուց ու սալիկապատելուց հետո են գլխի ընկնում, որ այդ վայրերում անհրաժեշտ է անցկացնել կոյուղի կամ ջրագիծ, կամ էլ` եղածը վերանորոգել: Ու սկսում են կրկին քանդել... Իսկ երբ գործն ավարտում են, միայն այդ հատվածն են վերանորոգում, եւ ինչ փույթ, թե դա շատ է տարբերվում փողոցի այլ հատվածներից ու կարկատան է հիշեցնում:

Հաճախ էլ շինարարությունն այնքան անորակ է իրականացվում, որ մարդականց աչքի առջեւ պարզապես քանդվում է ու շարքից դուրս գալիս: Այսպես` ընդամենը վերջին տարիներին սալիկապատված ու վերանորոգված Հանրապետության հրապարակը այսօր դարձյալ շինարարական հրապարակ է: Ընդամենը մի քանի տարի առաջ վերանորոգված մայթերն այնքան անփույթ ու անորակ էին, որ բազալտը կարճ ժամանակ անց կոտրատվել է: Այդ վիճակում է նաեւ Կառավարության շենքին հարող մասը, Աբովյան փողոցն ու կենտրոնական շատ հատվածներ: Եվ ստիպված էլի վերանորոգում են: Սա նշանակում է նոր, լրացուցիչ միջոցների վատնում:

Գուցե իսկապես ձեռնտո՞ւ է որոշ մարդկանց պարբերաբար պետբյուջեից գումարներ դուրս գրել եւ «նվիրել» շինարարությանը: Չէ՞ որ սա միակ ոլորտն է, որ զարգացում է ապրում մեր երկրում: Եվ երևի անորակ շինարարությունը և «կարկատանային քաղաքականությունը» նրանց ավելի ձեռնտու է, քան մեկ անգամ խղճով ու որակով արված գործը: Հենց այս կարկատանային քաղաքականությունն է ոչ միայն Երեւանի կառուցապատման գործում, այլեւ պետության կյանքի բոլոր ոլորտներում: Պետությունն արդեն առանց կարկատանների չենք պատկերացնում: