|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետի, ԿԳ նախարարի շուրթերով հնչել են մի քանի հայտարարություններ, որոնք կարելի է «պատմական» որակել, համարյա այնպես, ինչպես երբ կառավարության անդամները մեկ մարդու պես զինվորական համազգեստ հագան ու գնացին «ծառայության»: Առաջին անգամ կառավարության ղեկավարը խոստովանել է, որ հակաժողովրդավարական- հակաբնական է, երբ ՀՀ բոլոր պետական բուհերի խորհուրդներում` հատկապես այդ խորհուրդների նախագահների աթոռներին, հայտնվել են պետական բարձրաստիճան չինովնիկներ` սկսած կառավարության անդամներից մինչև Աժ նախագահ ու երկրի նախագահ:
Այդ խնդիրը բարձրացվել է բազմիցս և քննարկվել բազմաթիվ ասպեկտներով` միշտ ապարդյուն. մեկնաբանվել է երևույթի ողջ անհեթեթությունը, խոսվել է բուհական կրթական համակարգը քաղաքականացնելու և կուսակցականացնելու ողջ վտանգավորության մասին` «ձայն բարբառոյ յանապատի»: Եվ հանկարծ կառավարության նիստում վարչապետը հայտարարում է. «Հիմա պետք է մտածել նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում` մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին»:
Տիգրան Սարգսյանը` նույն ինքը` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը, հայտարարում է, որ իր «նախագահությունը» բուհի խորհրդում փաստորեն դեմ է միջազգային չափանիշներին, ինչպես որ դեմ է երկրի նախագահի`Երևանի պետական համալսարանի, ԱԺ նախագահի` Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, ԿԳ նախարարի`Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նախագահի աթոռին գտնվելու հանգամանքը: Եվ ուշադրություն դարձրեք վարչապետի խոսքում «հիմա» բառի գործածությանը`«հիմա պետք է մտածել»: Դա պատահական բառ չէ. ենթագիտակցական խոստովանություն է առ այն, որ ակնարկված «պետական պաշտոնատար անձինք» իրենց գործն արդեն արել են, ուրեմն` «հիմա» կարող են հեռանալ: Համարյա`«Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:
Եվ իսկապես, բուհական խորհուրդներում «պաշտոնատար անձանց» նախագահությունը պետք էր ընդամենը քաղաքական նկատառումներով կամ ընտրական նպատակներով, և քանի որ այդ նպատակները նվաճված են, կարելի է ասել`«խփված», իսկ առջևում անընտրություն տևական ժամանակամիջոց է, ուրեմն այլևս անիմաստ է դեմ գնալ «միջազգային չափանիշներին». «հիմա» արդեն կարելի է տեղի տալ և հեռանալ: Վարչապետական այս խոստովանությունը կատարվել է հայկական բուհերի վարկանիշավորման հարցի քննարկման համատեքստում, և այդ առումով ուշագրավ է նաև նույն նիստում վարչապետի և ԿԳ նախարարի «վարկանիշակռիվը». Տ. Սարգսյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ ՀՀ բուհերից ամենաբարձր վարկանիշն ունի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, որի խորհրդի նախագահն է ինքը, իսկ ահա ԿԳ նախարարն անլուր համարձակություն է հանդես բերել`հակաճառել է վարչապետին և պնդել, որ ամենաբարձր վարկանիշն ունի Պետական համալսարանը: Թվում է` Ա. Աշոտյանը առյուծի սիրտ է կերել` հրապարակայնորեն հակադրվելով վարչապետին, սակայն նրա կերածը հավանաբար նախօրեին համտեսած զինվորական բորշչն է ընդամենը ու տավարի (գոմեշի) մսի կտորը, իսկ վարչապետին հակադրվել է, որովհետև իր նշած համալսարանի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:
Դե հիմա տեսնենք` ինչի՞ սիրտ է կերել Տիգրան Սարգսյանը:
Լևոն Սարգսյան