կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-07 12:40
Առանց Կատեգորիա

Այդ լավ ու բարի Ռուսաստանը

Այդ լավ ու բարի Ռուսաստանը

Yerkir.am-ի զրուցակիցն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

 

- Պար'ոն Սաֆարյան, Դուք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ամենաակտիվ աջակիցներից եք: Խնդրում եմ ասել, թե սա Հայաստանին տնտեսական առումով ի՞նչ հնարավորություններ կտա եւ ինչո՞վ է առավել եվրոպական ինտեգրումից:

- Մեր արդյունաբերության ինտեգրումը փոխադարձ լավ կլինի թե' մեր, թե' Ռուսաստանի համար: Եթե համեմատենք մեր արտաքին առեւտուրը Մաքսային միության ու Եվրամիության հետ, կտեսնենք, որ Մաքսային միության անդամ երկրներ 2012թ. արտահանել ենք 290 միլիարդ դոլարի ապրանք, այնտեղից ներմուծել` 1,1 միլիարդ դոլարի: Եվրամիություն արտահանել ենք 560 միլիոն դոլարի ապրանք եւ 1,1 միլիարդի ներմուծել: Այսինքն` ներմուծված ապրանքներն երկու կողմերից հավասար են: Ինչ մնում է արտահանմանը, ապա երկու անգամ պակաս ապրանքներ ենք արտահանում Մաքսային միություն, քան Եվրամիություն: Պատճառն այն է, որ Եվրամիություն արտահանում ենք մետաղների խտանյութ, որը մեր հիմնական արտահանման ապրանքն է: Ռուսաստան պատրաստի արտադրանք ենք արտահանում՝ կոշիկ, տրիկոտաժ, սննդամթերք, կոնյակ, գինի: Նկատվում է տենդենց, որ Մաքսային միության երկրներ արտահանման ծավալները տարեցտարի աճում են, քան Եվրամիություն:

 

- Ինչո՞վ է մեզ համար ընդունելի ռուսական շուկան:

- Մեզ համար, որպես ապրանք արտադրողների միություն, Մաքսային միության երկրները արդյունաբերության տեսանկյունից շատ ավելի ընդունելի են, որովհետեւ մենք ոչ հեռավոր անցյալում եղել ենք միեւնույն տնտեսական, արդյունաբերական տարածքում եւ նույն արդյունաբերական մշակույթն ենք ունեցել: Այդ իմաստով շատ-շատ գործարարներ սպասում են Մաքսային միությանը ինտեգրվելուն, որը հնարավորություն կտա վերականգնել երբեմնի կապերը: Ռուս սպառողը ծանոթ է մեր ապրանքներին՝ սնունդ, թեթեւ եւ ծանր արդյունաբերություն: Մենք պետք է վերականգնենք այն ապրանքները, որ Ռուսաստանում ընդունված են եղել, օրինակ՝ կոշիկը, տրիկոտաժը: Այսօր արդեն բանակցություններ ենք վարում, որ Մոսկվայում բացվի Երեւանի առեւտրի տուն, որ մեր ապրանքները կարողանանք իրացնել:

 

Մյուս խնդիրը, որ Մաքսային միության հետ կարող ենք լուծել, այն է, որ կիջեցնենք մեր էներգակիրների գները՝ գազի ու նավթամթերքի: Դրանք է այսօր  Հայաստանը հիմնականում ստանում, եւ Մաքսային միության անդամակցությունը 30 տոկոսով կիջեցնի գազի գինը, որը շատ լավ է, քանի որ արդյունաբերության լոկոմոտիվն է էներգետիկան:

 

- Այս տարվա հուլիսի 24-ին, երբ ավարտվեցին Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտւ շուրջ բանակցությունները, նշվեց, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը տարեկան կստանա լրացուցիչ 146 մլն եվրո աջակցություն՝ ապահովելով 2,3 % ՀՆԱ աճ: Կա՞ հաշվարկ, թե ինչպիսին կլինեն մեր տնտեսական օգուտները Մաքսային միության պարագայում:

- Այո, մենք գազի սուբսիդավորումից 160 միլիոն դոլար կունենանք տարեկան, որը համարժեք է Ձեր ասած գումարին: Բացի դրանից` Եվրամիության հետ առեւտրից առաջացած օգուտներն այդքան էական չեն, որքան գազի սուբսիդավորումը, որոհետեւ այն հանգեցնում է տնտեսության մոբիլությանը եւ բազմաշերտ նշանակություն ունի: Եթե մենք կարողանանք այնպես անել, որ գազի գինը մնա այսօրվա գինը, շատ լավ է, իսկ հետագա տարիներին պետք է հասնենք նրան, որ Մաքսային միության բոլոր երկրներում գործեն միասնական սակագներ էներգետիկ ոլորտի համար:

 

- Պարո'ն Սաֆարյան, որքանո՞վ վստահություն ունենանք, որ սպառողի համար կիջնի գազի գինը: Կամ որքանո՞վ վստահ լինենք, որ ներմուծողներն իրենք օգուտ չեն քաղի Մաքսային միության առավելություններից, իսկ մենք նույն գները կվճարենք:

- Մաքսային միությունը  չի կարող երկրներին ստիպել, որ տվյալ երկրում իրականացնեն ընդհանուր քաղաքականություն: ՌԴ նախագահի գործառույթում գտնվում է գնային պետական քաղաքականության մշակման գործընթացը: Ռուսաստանը գնալու է հարցին, որ այս կամ այն ապրանքատեսակի նկատմամբ պետական գներ սահմանվեն. սա լուրջ, շրջադարձային քայլ է: Կարծում եմ, որ Հայաստանում քաղաքականություն կորոշվի, եւ լուրջ կգործեն: Այսինքն` ոչ թե գինը կորոշվի առաջարկի եւ պահանջարկի տիրույթում, այլ կլինեն սահմանային գներ, որոնցից բարձր չի կարող պետությունն ունենալ:

 

- Շատ է քննարկվում, որ ներմուծվող մեքենաների գինը կբարձրանա:

- Չեմ կարծում, որ կաճի, որովհետեւ մեզանում կվերանա հսկիչ գնի հասկացությունը: Մեր մաքսային մարմինները հսկիչ գին են առաջարկում. Դուք Գերմանիայից ավտոմեքենա եք բերում 5 հազար դոլարով, մաքսային մարմիններն ասում են՝ շուկայական գինը 15 հազար դոլար է, 32 տոկոս մաքս պետք է մուծեք, եւ մեքենայի գինը ավելի շատ է դուրս գալիս, քան Դուք եք վճարել: Ինվոյսները, որ Դուք ձեռք եք բերել եւ ներկայացնում եք մաքսային մարմին, հաշվի չեն առնվում: Սրանք կվերանան: Ռուսաստանում թանկ են հին ավտոմեքենաները, որպեսզի չկեղտոտեն օդը:

 

- Ապրանքի արտահանման եւ, ընդհանրապես, տնտեսական հարաբերությունների առումով Ռուսաստանը Եվրոպայի հետ մեծ խնդիրներ ունի: Մաքսային միությունը Հայաստանին չի՞ կանգնեցնի Եվրոպայի հետ խնդիրների առջեւ:

- Կարծում եմ, որ ոչ: Որովհետեւ Ռուսաստանը Եվրամիության հետ 1996 թվականին կնքել է համաձայնագիր՝ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս իրականացնել ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ. սա չորս ազատությունների սկզբունքն է, եւ Հայաստանն էլ կարող է օգտվել այդ ամենից ու իր նոր ապրանքներն իրացնել եվրոպական շուկայում: Պատրաստի արդյունաբերական ապրանքները չենք իրացնում եվրոպական շուկաներում, իրացնում ենք ռուսական շուկայում, Մաքսայինի երկրների շուկայում: Բացի այդ` Ռուսաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, Հայաստանն էլ: Այնպես որ` ե'ւ Ռուսաստանի, ե'ւ Հայաստանի համար ԱՀԿ-ի շրջանակներում առեւտուրը չի անհանգստացնի:

 

- Բայց նույն ԱՀԿ-ի հետ մենք կարող ենք խնդիրներ ունենալ, քանի որ Հայաստանը, անդամակցելով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, ստանձնել է ներկրման դեպքում մաքսատուրքի սահմանման 10% առավելագույն դրույքաչափի պարտավորություն: Մաքսային միության տարածքում մի շարք ապրանքատեսակների գծով մաքսատուրքի չափը հասնում է մինչեւ 23%-ի:

- Դե հիմա Մաքսայինի մեջ 25 տոկոս է, մենք էլ կարող ենք դնել մեր հարցը եւ ասել, որ մենք ունենք առանձնահատկություններ եւ պետք է օգտվենք ԱՀԿ-ի թույլատրած նորմերից:

 

- Պարո'ն Սաֆարյւան, արդյո՞ք Հայաստանից ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնումը, այլեւ արտագաղթը չի մեծանա դեպի Ռուսաստանի Դաշնություն:

- Նախ' կդյուրինացվի եւ կօրինականացվի այստեղից ժամանակավոր աշխատանքի մեկնողների խնդիրը, եւ նրանց ու նրանց ընտանիքների իրավական կարգավիճակը կամրապնդվի: Բացի այդ` կգործի 4 ազատությունների սկզբունքը, որի մեջ կա արտագաղթողների իրավունքների պաշտպանվածության խնդիրը: Ասում եք՝ կգնան, բայց կա հակառակ ձեւը. եթե կարողանանք ճկուն արդյունաբերական քաղաքականություն վարել եւ աճ ապահովել, մարդիկ կգերադասեն ապրել-աշխատել սեփական երկրում, քան Ղազախստանում, Ռուսաստանում եւ այլուր: Ասեմ նաեւ, որ, Մաքսային միություն մտնելով, ավելի արդյունավետ ներդրումային հոսքեր կունենանք:

 

- Հայաստանում օտարերկրյա ներդրումները տարեցտարի նվազում են: Միայն նախորդ տարի Հայաստանում ռուսական ներդրումները կրճատվել են 4 անգամ: Հիմա ինչպե՞ս պետք է հետաքրքրություն առաջանա, որ ներդրումներն ավելանան:

- Եթե Խորհրդային միությունից հետո ներդրումները կազմել են ամբողջությամբ 7.9 միլիարդ դոլար, ապա դրա 3.5 միլիարդը ռուսական ներդրումներն են, որոնց 2.4-ը ուղղակի ներդրումներն են եւ կազմում են ամբողջ ներդրումների 41 տոկոսը: Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել ատոմակայանին, Հայաստան-Իրան երկաթգծի հարցը կա: ՌԴ-ն շահագրգռված է մեր ենթակառուցվածքների զարգացմամբ: Վերջին շրջանում 500 միլիոն դոլար պետք է ուղղվի երկաթգծի զարգացմանը: Իմ կարծիքով` պետք է երեք ուղղություններով գնա. մի մասը՝ Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծի կառուցմանը, մյուս մասը՝ Իջեւան-Դիլիջան հատվածի սողանքային ուղղության վերացմանը: Սա բավարար հիմք կհանդիսանա, որ նոր միջոցներ հայթայթվեն Հայաստան-Իրան երկաթգծի համար, որը 2 միլիարդից ավելի է:

 

- Այդ 500 միլիոնը գուցե տալիս է Հարավկովկասյան երկաթուղուն, այսինքն` իր ընկերությանը:

- Ոչ, այդ 11 միլիարդը մեր կառվարությանն է տրվել, եւ մենք սա տնօրինելու ենք ըստ հայեցողության: Դրա հիմնական մասը, կարծում եմ, պետք է հայկական շինարարական կազմակերպություններին տրվի: Հայաստան-Իրան երկաթգծի առումով մեր շինարարական կազմակերպությունները հսկայական աշխատանք կկատարեն՝ կամուրջ, թունել եւ այլն: Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծի շինարարությունը մոտ 170 միլիոն դոլարի սահմաններում է. Ռուսաստանը խոստացել է տրամադրել 50 տոկոսը: Բացի այդ` 30 տարում Ռուսաստանը պետք է 500 միլիոնի ներդրում անի: Այս գումարը տրված է Հայաստան-Իրան երկաթգծին: Իրանական կողմը խոստացել է 70 կիլոմետր իր հատվածում ինքը երկաթգիծ կառուցել եւ Հայաստանում ներդրում անել: Ի վերջո, ինչ կառուցվում, ներդրվում է Հայաստանում, օգուտ է մեզ:

 

Հարցազրույցը վարեց Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆԸ