կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-03 18:07
Առանց Կատեգորիա

Հայաստանի պատասխանը` Պուտինին

Հայաստանի պատասխանը` Պուտինին

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը որոշել է սեպտեմբերին թողարկված և իրացված միջազգային պարտատոմսերից ստացված 700 մլն դոլարի մի մասը` 440 մլն-ը, տրամադրել Ռուսաստանից 2009թ. վերցված 500 մլն դոլարի վարկի մնացորդները տոկոսներով ամբողջությամբ և միանգամից վճարելու համար: Հիշեցնենք, որ 4 տարի առաջ Հայաստանի կառավարությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Ռուսաստանից այդ վարկը ստացել էր 15 տարի մարման ժամկետով, որից առաջին 4 տարին` արտոնյալ, հաջորդ տարիներին` LIBOR + 3% տարեկան տոկոսադրույքով: Դա ամենածանր պայմաններով ստացված վարկային պարտավորությունն էր, որը, փաստորեն, կառավարությունը որոշեց մարել վաղաժամկետ` ազատվելով հետագա 11 տարիներին տարեկան 44 մլն դոլար վճարելու հեռանկարից:

 

Ըստ ֆինանսների նախարարի` դրա արդյունքում արդեն 2014թ. կտրվածքով պետբյուջեն կունենա մոտ 18 մլն դոլարի խնայողություն: Արդեն կարելի է հստակորեն ասել, որ կառավարությունը եվրաբոնդերը թողարկել էր հենց ռուսական պարտքը վերադարձնելու նպատակով: Զուտ տնտեսապես, իհարկե, սա շահավետ տարբերակ էր, որովհետև ռուսական վարկը LIBOR + ռեժիմով լողացող տոկոսադրույքով հանդերձ, շատ ավելի թանկ էր նստում բյուջեի վրա: Այս կերպ կառավարոթյունը նաև չափավորել է Հայաստանի արտաքին պարտքը` խուսափելով հայտնվել վերադարձելիության և վստահելիության ռիսկային գոտում, ինչի առումով նախազգուշացնող էր հատկապես Moody’s վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի արժութային պարտատոմսերի առավելագույն վարկանիշը Baa3-ից Ba1-ի իջեցնելու հանգամանքը: Այսպիսով` կառավարությունը կարծես թե փորձում է նվազեցնել նաև արտաքին ներդրումների համար Հայաստանի ռիսկային լինելու ընկալումը:

 

Մյուս կողմից` այս հանգամանքը ցույց է տալիս, թե ինչու եվրապարտատոմսերը թողարկվեցին առանցզարգացման, տնտեսական առողջացման որևէ երկարաժամկետ կամ կարճաժամկետ ծրագրի հենքի: Այս վարկը չէր վերցվում, ըստ էության, տնտեսությունը խթանելու արտաքին ներդրումները խրախուսելու նպատակով: Կառավարությունն այս քայլին գնացել է թերևս` հաշվի առնելով առաջիկա ամիսներին, գուցե նաև տարիների կտրվածքով արդեն իսկ ուրվագծվող տնտեսական ճգնաժամի հերթական ալիքի հեռանկարը, ԱՄՆ-ում նկատվող նախադեֆոլտային իրավիճակը և դրա հնարավոր բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Այլ կերպ ասած` հերթական անգամ գործ ունենք իրավիճակային լուծման հետ, որը կարող է էֆեկտ ունենալ ընդամենը կարճաժամկետ հեռանկարում: Մինչդեռ երկարաժամկետ կտրվածքով սա պարզապես հերթական վատնված ռեսուրսն ու հնարավորությունն էր, որը իրական տնտեսության և նրա զարգացման հետ որևէ կապ չունի: Թերևս հենց դրանով էր բացատրվում, թե ինչու կառավարությունը եվրաբոնդերի թողարկման քաղաքական որոշումը լայն քննարկման առարկա չդարձրեց, թեև թողարկելու որոշումը կայացվել էր դեռ այս տարվա մայիսին: Կառավարությունն ասելիք չէր ունենալու, որովհետև այդ որոշումը շատ տրիվիալ` ռուսական պարտքի բեռից թոթափվելու հարց էր լուծելու, իսկ մյուս կողմից` թերևս խնդիր էր դրվել ռուսական կողմին անակնկալի բերել:

 

Այլ խնդիր է, որ անորոշ է մնում 700 մլն-անոց վարկի մնացած` մոտ 260 մլն-ի ճակատագիրը: Ինչպես որ կառավարությունը գրեթե գաղտնի թողարկեց և պարտատոմսերի արտաքին շուկայում իրացրեց եվրաբոնդերը, նույն գործելակերպը ցուցաբերում է ստացված գումարի մնացած մասի տնօրինման հետ կապված: Դեռևս հասկանալի չէ` որտեղ և ինչ կարգով է այդ գումարը ներդրվելու և ընդհանրապես ինչպես է այն ծախսվելու:

 

Մյուս կողմից ռուսական վարկի բեռից այս կերպ ազատվելն ունի նաև քաղաքական նշանակություն: Խնդիրն այն է, որ դրանով Հայաստանը որոշ չափով նվազեցնում է Ռուսաստանի կողմից սոցիալ-քաղաքական ճնշումների դաշտը, ինչը կարող է հետագայում արտաքին քաղաքականության չափավոր դիվերսիֆիկացման նախադրյալ ստեղծել, եթե, իհարկե, դա իշխանությունը դրա համար բավարար կամք ցուցաբերի: Երբ այս քայլը դիտարկում ենք Ստրասբուրգում նախագահ Սարգսյանի արած այն հայտարարության համատեքստում, թե Հայաստանը պատրաստ է առաջիկա նոյեմբերին Եվրամիության հետ Վիլնյուսում ստորագրել վերախմբագրված Ասոցացման համաձայնագիրը, ստացվում է, որ իշխանությունը միջազգային հանրությանը և հատկապես ԵՄ գործընկերներին փորձում է ցույց տալ, թե ինչ գերմարդկային ճիգեր է գործադրում ռուսական տնտեսական ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ: Սրանով նա ոչ միայն շահագրգռում է ԵՄ-ին` ընդառաջել եվաինտեգրացիայի ձգտումների շրջանակներում Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչով Հայաստանում նախատեսված բարեփոխումների ֆինանսավորմանը, այլ նաև ինքնիշխանության թույլ նշաններ է ցույց տալիս Մոսկվային և մեղմորեն արտահայտում իր անբավարարությունը Հայաստանի նկատմամբ նրա վարած քաղաքականության կապակցությամբ: Սակայն սրանք, առայժմ զուտ ենթադրություններ են և ոչ վերջնական եզրահանգումներ, որովհետև դրա համար Հայաստանի իշխանություններից շատ ավելի համարձակ քայլեր ու որոշումներ են պահանջվելու, որոնց նրանք առայժմ պատրաստ չեն:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ