կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-10 13:29
Առանց Կատեգորիա

Կարեւոր չի լինի, թե ով է Վրաստանի նախագահը

Կարեւոր չի լինի, թե ով է Վրաստանի նախագահը

Վրաստանի գալիք նախագահական ընտրություններում պայքարը կընթանա հիմնականում երեք թեկնածուների միջեւ` «Վրացական երազանքը» ներկայացնող Գեորգի Մարգվելաշվիլու, Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեի եւ Նինո Բուրջանաձեի. լրագրողներին այսօր հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

 

Նրա տեղեկացմամբ` Վրաստանում ԿԸՀ-ի կողմից արդեն ավարտվել է թեկնածուների հայտերն ընդունելու ժամկետը, եւ կա 54 թեկնածու: Նրանք մինչեւ սեպտեմբերի վերջը պետք է ներկայացնեն ավելի քան 26 հազար ստորագրություն, որ իրենց պաշտոնապես գրանցեն` որպես նախագահի թեկնածու: Բայց արդեն գրանցված թեկնածու էլ կա` Գեորգի Մարգվելաշվիլին:

 

«Վրաստանը պատրաստվում է հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Թեկնածուներն արդեն մարզային այցելություններ են իրականացնում, ներկայացնում են իրենց ծրագրերն ու մոտեցումները տարբեր հարցերի շուրջ: Ազգային փոքրամասնությունների հետ կապված էլ` կոնկրետ որեւէ ծրագրային դրույթ չունեն թեկնածուները»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

 

Նրա դիտարկմամբ` ազգային փոքրամասնությունների մասով երկրում կա ընդհանուր զարգացման ուղի, որը ընդունել եւ փորձում են իրականացրել նոր իշխանությունները, իսկ նախկին իշխանություններն ու Նինո Բուրջանաձեն տարբեր խոստումներ են տալիս: Փորձագետը նշեց, թե այս պահին հնարավորություն կա, որ ընտրություններն անցնեն երկու փուլով, քանի որ նոր իշխանությունների հեղինակությունն ամիս առ ամիս անկում է ապրում:

 

Ըստ Մելիքյանի` իշխանությունների հեղինակությունն ընկնում է, քանի որ Վրաստանում նոր իշխանությունների հետ բավականին մեծ հույսեր էին կապում` մարդկանց սպասելիքները շատ ավելին էին: Նույնիսկ որոշ մարդկանց թվում էր, թե մեծահարուստ Իվանիշվիլին, ով միլիարդատեր է, պետք է գար ու իր գումարներից անգամ հատկացներ երկրին, բնակչությանը: Բացի այդ` Վրաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բարձրագույն իշխանությունը բաժանված է, ու բազմաթիվ պաշտոններում դեռ շարունակում են պաշտոնավարել Սահակաշվիլիի թիմակիցները, եւ նոր իշխանությունները չեն կարողանում իրենց ծրագրերն ամբողջությամբ իրականացնել, ուստիեւ նրանցից սպասելիքները չեն արդարանում:

 

 

Ջոնի Մելիքյանը զերծ մնաց մեկնաբանելուց, թե որ թեկնածուն կլինի հայերի համար ամենանախընտրելին: Սակայն նշեց, որ Հայաստանի հետ հարաբերություններին սպառնացող վտանգը կախված կլինի Վրաստանի ներքաղաքական ապակայունացումից: Իսկ հարաբերությունների վատացում երկու երկրների միջեւ չի կարող տեղի ունենալ, քանի որ կան պրագմատիկ հարաբերություններ:

 

«Պետք է նկատի ունենանք, որ Վրաստանն այս ընտրություններից հետո անցնում է պառլամենտական մոդելի, ու կարեւոր չի լինի, թե ով է նախագահը, այլ կարեւոր է, թե ով է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը` վարչապետը»,- ասաց Մելիքյանը:

 

Այսինքն, հաստատեց բանախոսը, այս ընտրություններն ավելի կարեւոր են Վրաստանի ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի համար, իսկ արտաքին քաղաքականության մեջ առանձնապես մեծ փոփոխություն չեն բերի:

 

 

Վրաստանի հարցերով փորձագետը ասաց նաեւ, որ քանի որ Վրաստանի մարզերում սոցիալ-տնտեսական վիճակն առանձնապես լավ չէ, ու այնտեղից տղամարդիկ հիմնականում մեկնում են արտագնա աշխատանքի, նույնը` ջավախահայությունը, ապա ջավախահայության համար, բնականաբար, նախընտրելի կլինի, որ հաղթի ռուսամետ դիրքորոշմամբ թեկնածուն: Իսկ Թբիլիսիի ու Աջարիայի հայերը, ովքեր ավելի ինտեգրված են վրաց հասարակության մեջ, որոշակի հույսեր են կապում այս կամ այն թեկնածուի հետ` հույս ունենալով, որ նա տնտեսական վիճակը կբարելավի, փոփոխություններ կբերի եւ այլն: